Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն( ՀԴԲ) հրապարակել է գաղտնազերծված այն լուսանկարներն եւ տեսագրությունները, որոնք արվել էին ԱՄՆ-ում ռուս մեկ տասնյակից ավելի լրտեսներին հետեւելու տասը տարիների ընթացքում: Հիշյալ նյութերն արդեն հասնալի են եւ տեղադրված են հենց գերատեսչության կայքում:
«Անցյալ տարի ռուս լրտեսների կալանավորումը դարձավ զգաստացնող զգուշացում առ այն, որ ամերիկյան հողում լրտեսությունը սառը պատերազմի ավարտով չի վերացե»,- ասված է ՀԴԲ-ի կայքում հրապարակված նյութերի նախաբանում:
Փաստաթղթերը հրապարակվել են Associated Press-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկատվության ազատության մասին ամերիկյան օրենսդրության շրջանակներում: ՀԴԲ-ն ներկայացրել է «հազվադեպ պատահող հնարավորություն՝ մուտք գործելու հակահետախուզության գաղտնի աշխարհ եւ գնահատելու հատուկ ծառայությունների ջանքերը, որոնք ուղղված են պաշտպանելու ամերիկացիներին բոլոր նրանցից, ովքեր ուզում էին գողանալ նրա կենսական կարեւորության գաղտնիքները»:
Ինչպես հաղորդում է France Press-ը, հրապարակման կիզակետում հայտնվել է 28-ամյա Աննա Չապմանը, որի մերկ լուսակնակրներն ու սիրո կոլորիտային պատմություններն առանց այն էլ նրան մեկ վայրկյանում դարձրին համաշխարհային լրատվամիջոցների սենսացիան: Հրապարակված տեսանյութերում Չապմանը Նյու-Յորքի սրճարաններից մեկում շփվում է ԱՄՆ գաղտնի գործակալի հետ:
Գործակալների եւ սրճարանում նստած մարդկանց դեմքերը ծածկված են, իսկ Չապմանը շատ հեշտ ճանաչելի է: Այս տեսագրությունը միակը չէ, որ կարելի է գտնել գերատեսչության կայքում:
Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 28-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդեց, թե դրա նախորդ օրը մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել, որոնց հետո ԱՄՆ տարածքում լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքներ են առաջադրվել: Նախաքննության տվյալներով, գործակալների գլխավոր խնդիրը եղել է ԱՄՆ-ի մասին տեղեկություններ հավաքելը` դրանք Ռուսաստանին փոխանցելու նպատակով: Մեղադրական փաստաթղթերում մասնավորապես ասված է, որ ձերբակալվածներից ոմանք մի քանի տարիների ընթացքում շփումներ են ունեցել Մանհեթենում ՄԱԿ-ի ռուսական առաքելության ներկայացուցչների հետ: ԱՄՆ ՀԴԲ-ի տասը տարի տեւած հետաքննությունը ստացել է «Տեսիլքների պատմությունը» գաղտնանունը: