Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն երկրում տնտեսական վատթարացման եւ իշխող կուսակցության շարքերում ծայր առած դժգոհությունների ֆոնին երկուշաբթօի օրը խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է բարձրացրել: «Ես պահանջում եմ վստահության քվեարկություն անցկացնել»,- РИА Новости-ի մատուցմամբ, երկրի խորհրդարանում ելույթ ունենալով, ասել է Պապանդրեուն: Այդ հայտարարությունից ընդամենը րոպեներ առաջ նա հայտարարել էր հոկտեմբերի 26-ին Եվրամիության կողմից համաձայնեցված, բայց Հունաստանի հասարակության ու ընդդիմության աջակցությունը չստացած՝ երկրի վարկավորման նոր ծրագիրը համաժողովրդական հանրաքվեի դնելու մասին:
Պապանդրեուի գլխավորած ձախակենտրոն ՊԱՍՕԿ կուսակցությունը իշխանության էր եկել եւ կառավարություն էր ձեւավորել 2009 թվականին՝ երկրի բյուջեի ծախսերը մեծացնելու խոստմամբ, բայց հիմա իրականացնում է աննախադեպ խիստ տնտեսական եւ բյուջետային ծրագիր՝ ԵՄ-ից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից իր երկրի տնտեսության կայունացմանն ուղղված վարկային օգնություն ստանալու ակնկալիքով: Առանց դրա Հունաստանը ստիպված է լինելու 360 միլիարդանոց արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարել: