Լրահոս
Օրվա լրահոսը

Կադդաֆիի որդին հերքել է Հաագայի դատարանին, իբր, հանձնվելու իր մտադրության մասին տեղեկությունները

Հոկտեմբեր 31,2011 23:35

Լիբիայի սպանված առաջնորդ Մուամմար Կադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը , հերքել է  Հաագայի դատարանին հանձնվելու իր մտադրության մասին վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները: Երկուշաբթի օրն այդ մասին հաղորդեց «Ալ-Բավաբա» կայքը՝ հղում անելով փախուստի մեջ գտնվող ալ-Իսլամի՝ համացանցում տեղադրած  ուղերձին:

Իր կողմնակիցներին կոչ անելով չհավատալ հրապարակվող տեղեկություններին, թե՝ ինքն ու Լիբիայի հետախուզության նախկին պետ Աբդուլլա աս-Սենուսսին մտադիր են հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին, Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ պասում է միջազգային ԶԼՄ-ների տարածած ապատեղեկատվության եւ ստի շարունակությանը: Նա հաստատել է իր հավատարմությունն ավելի վաղ տված խոստմանը՝ «երբեք չդավաճանել հորը, որը չի հանձնվել եւ չի դավաճանել Օմար-ալ-Մուհթարին»( Լիբիայի ազգային հերոս, որը 1923-31թթ.-երին ղեկավարել է իտալացի զինվորականների դեմ լիբիացիների զինված պայքարը): «Մենք երբեք չենք հանձնվի: Մենք կհաղթենք կամ կզոհվենք»,- հայտարարել է ալ-Իսլամը: Դիմելով «Կադդաֆիին սիրող եւ նրան հավատարիմ լիբիացիներին», Սեյֆ ալ-Իսլամն ասել է. «Մենք պետք է հավատանք մեր ղեկավարությանը… Մենք միասին կավարտենք Օմար ալ-Մուհթարի սկսած եւ Մուամմար Կադդաֆիի շարունակած պայքարը»: Նա նաեւ խոստացել է այսուհետ եւս հանդես գալ ուղերձներով, այդ թվում՝ նաեւ աուդիոձայնագրությունների տեսքով:

Հիշեցնենք, որ անցաշ շաբաթ օրը reuters-ը հաղորդել էր, թե Կադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը միջնորդավորված բանակցություններ է վարում Միջազգային քրեական դատարանի( ՄՔԴ) հետ՝ իր հանձնվելու հնարավորության շուրջ: Ըստ ԶԼՄ-ների, այդ բանակցությունները վարվում են անանուն միջորդների միջոցով: «Կան մարդիկ, ովքեր կապ ունեն նրա( ալ-Իսլամի) հետ եւ նաեւ շփում ունեն մեր մարդկանց հետ: Այսինքն, կապն ուղղակի չէ, բանակցությունները վարվում են միջնորդների միջոցով»,- ավելի վաղ Հաագայի դատարանի գլխավոր դատախազ Մուիս Մորենո-Օկամպոյին մեջբերելով հաղորդել էր reuters-ը:

Ի դեպ, դատախազն ինքն էլ ավելի վաղ հայտնել էր, թե ալ-Իսլամի գտնվելու վայրի մասին տեղյակ չէ, բայց որոշ վարձկաններ Կադդաֆիի որդուն առաջարկել են թաքնվել աֆրիկյան երկրներից մեկում, որը ՄՔԴ-ի հետ չի համագործակցում: Ենթադրաբար խոսքը գնում է Զիմբաբվեի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31