Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը համայնքապետերին հանձնարարել է պատրաստվել ձմռանը:
Այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրված: Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հաշվի առնելով այն, որ ձմեռը «սարերի հետեւում չէ», համայնքների ղեկավարներին հանձնարարել է ջեռուցման սեզոնին ընդառաջ մատնանշել բոլոր այն խնդիրները, որոնք այս պահին առկա են հանրակրթարաններում, որպեսզի հնարավորինս շուտ դրանց լուծում տրվի:
Նա նաեւ հորդորել է ամենօրյա հսկողություն սահմանել կառուցապատողների նկատմամբ` շինարարական աղբը սահմանված վայրեր տեղափոխելու, շինհրապարակների կազմակերպումը սահմանված կարգով ապահովելու ուղղությամբ, շեշտելով, որ կառուցապատողները պետք է միշտ զգոն լինեն այդ հարցում եւ, ըստ նրա, շինարարական մշակույթը աստիճանաբար պետք է դառնա ավանդույթ:
Բացի այդ, Տ. Մարգարյանը նաեւ հանձնարարել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել շուկաներում, ստորգետնյա անցումներում սանիտարական վիճակը գնահատելու եւ ստուգումներ իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Տարոն Մարգարյանը նաեւ հայտարարել է, որ Երեւանի կենտրոնական փողոցների կրպակաշարերի ապամոնտաժումը շարունակվելու է. «Շարունակելու ենք բանակցությունները սեփականատերերի հետ եւ ներկայացնելու ենք հարցի լուծման ընդունելի առաջարկներ: Միանշանակ է, որ Աբովյան փողոցի բոլոր կրպակները պետք է ապամոնտաժենք»: