Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական նիստի ժամանակ լեռնապատցին ինքնաբացարկ հայտնեց դատարանին

Հոկտեմբեր 31,2011 19:04

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, այսօր ժ.14-00-ին սկսվեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ նույն գյուղի բնակիչներ Գեւորգ Մելքոնյանի եւ Բորիս Աշրաֆյանի: Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ճանաչվել նաեւ «Առավոտ» օրաթերթը:

«Առավոտի» շահերը դատարանում պաշտպանում է թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը:

Լեռնապատի համայնքապետը գյուղացիներին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ` պատասխանողներից համապատասխանաբար պահանջելով 500. 000-ական դրամ:

2011 թվականի օգոստոսի 19 -ին «Առավոտ» օրաթերթում «Ով ում է զրպարտել» հոդվածով գյուղացիները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ բողոքել էին իրենց համայնքապետից, ինչն էլ հիմք է դարձել հարցը դատարանով լուծելու համար:

Նախնական դատական նիստին պատասխանող Գեւորգ Մելքոնյանը չէր ներկայացել: Դատարանում հայցվորը հայտնեց, որ պատասխանողը Ռուսաստան է գնացել:

Հայցվորի միջնորդությամբ դատարանը կայացրեց Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում, ինչն էլ հիմք դարձավ գործի վարույթը կասեցնելու համար:

Մինչ հետախուզում հայտարարելը՝ «Առավոտի» ներկայացուցիչը դատարան ներկայացրեց ՀՀ ՍԴ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունը ՍԴ աշխատակարգային որոշման մասին, ըստ որի՝ նոյեմբերի 15-ին նշանակվել է դատական նիստ. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիրավորանք-զրպարտության հոդվածների սահմանադրությանը համապատասխանելու հարցով եւ միջնորդեց, որպեսզի մինչ նոյեմբերի 15-ը հետաձգվի դատական նիստը:

2-րդ հայցով էլ պատասխանող Բորիս Աշրաֆյանը դատական հայցը անհիմն համարեց, ավելին` նախնական դատական նիստի ժամանակ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` բացատրելով, որ նույն դատավորը համայնքապետի նախորդ հայցադիմումի հետ կապված՝ իր նկատմամբ անարդար որոշում է կայացրել:

«Այս դատական հայցն էլ երկրորդի օրգանական շարունակությունն է, վստահություն չունեմ դատավորի նկատմամբ: Ինձ «սոված» բառի, մեկ էլ «արա» բառի համար տուգանք են նշանակել»,- ասաց Բորիս Աշրաֆյանը:

Հայցվորն անհիմն համարեց ինքնաբացարկը: Իսկ «Առավոտը» գտավ, որ պատասխանողի դատավարական իրավունքներից է ինքնաբացարկ հայտնելը եւ բացարկի հարցը թողեց դատարանի հայեցողությանը:

Նոյեմբերի 2-ին դատարանը կքննարկի ինքնաբացարկի միջնորդության հարցը:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Հ. Գ. Թե Վանաձորի, թե Ապարանի ճանապարհին «Առավոտի» մեքենան կանգնեցվեց ճանապարհային ոստիկանների կողմից եւ տուգանվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31