Կապանի տարածաշրջանի 37 համայնքները սպասարկող 23 անասնաբույժները 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: «Կապանի տարածաշրջանի անասնաբուժական ծառայություն» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի հետ կայացած հանդիպման ժամանակ անասունների շրջանում կատարված եւ մինչեւ տարեվերջ կատարվելիք անասնաբուժական ծառայությունների եւ այլ հարցերի մասին խոսելու ու քննարկելու եկած անասնաբույժները դժգոհեցին, որ հւնիս-հոկտեմբեր ամիսներին բարեխղճորեն իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվել: Նրանք աշխատավարձ ստանում են 3 ամիսը մեկ` եռամսյակային կատարողականի հիման վրա: «Աշխատանքները կատարում ենք, գոնե մեր չնչին աշխատավարձերը ստանանք: Նախատեսված էր աշխատավարձերի բարձրացում, բայց կառավարության կողմից մերժվել էր, իսկ նշված ամիսների գումարներն էլ չի փոխանցվել, որ մեզ վարձատրեն»,- ասում են Կապանի տարածաշրջանի անասնաբույժները:
«Կապանի տարածաշրջանի անասնաբուժական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրյուշ Գրիգորյանը անասնաբույժների ամսական 50 հազար դրամ աշխատավարձը ամսական 60 հազար դարձնելու առաջարկություն էր ներկայացրել, սակայն մերժվել է: Աշխատավարձերի ուշացումն էլ անասնաբույժները կապում են հենց այդ գործընթացի հետ: 60 հազար դրամ աշխատավարձի համար կնքված պայմանագրերը ետ են ուղարկվել, կնքվել են նոր պայմանագրեր` 50 հազար դրամ աշխատավարձով: Անդրյուշ Գրիգորյանի փոխանցմամբ, ըստ պայմանավորվածության, աշխատավարձերը անասնաբույժները կստանան այս շաբաթվա ընտացքում:
Անասնաբուժական ծառայության մարզային ՊՈԱԿ-ի տնօրենը անասնաբույժների հետ քննարկմանը չէր եկել` ճանապարհը փակ լինելու պատճառաբանությամբ: Բայց մեր ճշտած տեղեկատվության համաձայն` ճանապարհը բաց եւ երթեւեկելի է եղել ողջ օրվա ընթացքում:
Չնայած վարձատրության ուշացմանը, անասունների կանխարգելիչ պատվաստումները ընթացքի մեջ են: Դաբաղ հիվանդության դեմ պատվաստումները 60-70 տոկոսով կատարվել են, ըստ ամենայնի՝ կավարտվեն նոյեմբերի 12-ին: Ստուգումներ են իրականացվում բրուցելոզ հիվանդության հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այժմ նման ախտորոշմամբ հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Խորհրդային միության ժամանակաշրջանից հետո այդ հիվանդությունը տարածաշրջանում չի արձանագրվել:
Կարդացեք նաև
«Մեր տարածաշրջանի մի կողմից ազատագրված տարածքներն են, մի կողմից Իրանի հետ շփումը կա, դրա համար խիստ վերահսկողություն ենք իրականացնում: Վտանգավոր է դաբաղ հիվանդությունը, որը մեր տարածաշրջանում արձանագրվել է 3 տարի առաջ, պրոֆիլակտիկ միջոցառումներ են կատարվում այդ ուղղությամբ: Վտանգավոր է նաեւ խոզերի աֆրիկյան ժանտախտը, որի դեմ որեւէ միջոց չկա: Սիբիրախտի դեմ եւս կատարվում են պատվաստումներ: Էմկար, պաստերիլիոզի 1-2 դեպք է հայտնաբերվել մի քանի համայնքներում, որոնք անմիջապես մեկուսացվել են», -ասում է «Կապանի տարածաշրջանի անասնաբուժական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրյուշ Գրիգորյանը:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ