2011թ. փետրվար ամսից մինչ օրս գիտական աստիճանի վկայագիր են ստացել 454 հայցորդներ, որից 38-ը գիտությունների դոկտորի գիտական աստիճան է եղել, մնացածը գիտությունների թեկնածուի: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ (ԲՈՀ) Արտուշ Ղուկասյանը: Ըստ նրա՝ այս տվյալները նախորդ տարվա համեմատությամբ էապես չեն փոխվել: Գիտության բնագավառում առաջատարը, դատելով ԲՈՀ դիմածներից եւ նրանց ստացած վկայագրերից, տնտեսագիտությունն է. պաշտպանվել է 85 թեկնածուական ատենախոսություն, բայց ոչ մի դոկտորական:
«Ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ բոլոր մասնագիտական խորհուրդներն ունեն կայքեր, այսինքն՝ պաշտպանությունների հետ կապված բոլոր փաստաթղթերը տեղադրվում են այդ կայքերում: Հրապարակայնությունը լիարժեք ապահովված է»,- ասում է ԲՈՀ-ի նախագահը:
Գիտական կոչումների թիվը 259-ն է՝ 58 պրոֆեսորի, 201 դոցենտի: Արտուշ Ղուկասյանը անդրադարձավ նաեւ գիտական պարբերականներին ու չափանիշներին. «Հունվար ամսին մենք ունենալու ենք գիտական հրատարակությունների նոր չափանիշներ: Նոր պահանջները խիստ են եւ հստակ: Հայաստանում կան շատ հանդեսներ, պարբերականներ, որոնք այս կամ այն կազմակերպությունների իրավասության տակ են ու գիտական, ուսումնական չեն: Այն գիտական պարբերականներն են այսօր համարվելու ԲՈՀ-ի կողմից ընդունելի, որոնք ունեն գիտական խորհուրդների երաշխավորություն եւ վերահսկողություն»,- ասաց Ա. Ղուկասյանը: