ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի «Կոտրած տաշտակի» մասին ընկալել է այն, ինչ «ասված էր եւ նկատելի»: Անդրադառնալով վարչապետի արած հայտարարությանը՝ նա «Ուրբաթ» ակումբում ասաց. «Բազմաթիվ են այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարները, անում են մի հայտարարություն, որը հետո իրենց իսկ գործընկերներին կամ աշխատակազմին հերքելու անհրաժեշտություն է առաջանում»: Վահան Հովհաննիսյանը ցանկացավ «տաշտակի» գաղափարախոսությունը թողնել հանրապետականներին եւ նրանց բարեկամներին: «Վարչապետը ասում է՝ ով համագործակցի մեզ հետ: Փաստորեն, համագործակցողների եւ չհամագործակցողների միջեւ ինչ-որ բաժանում է դնում: Լավ: Ի՞նչ է նշանակում իրենց հետ համագործակցելը: Ընդհանրապես ի՞նչ է նշանակում համագործակցել: Համագործակցել՝ նշանակում է հարգանքով վերաբերվել փոխադարձաբար իրար տեսակետներին, հաշվի առնել մոտեցումները մյուս կողմի, ոչ միայն հաշվի առնել, նկատի առնել, բայց նաեւ՝ հաճախակի կիրառել՝ փոխզիջման գնալով» ,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով. «Այնինչ, ինչ որ մենք տեսել ենք պրակտիկայում Հանրապետական կուսակցության կողմից համագործակցության տակ, որպես կանոն, ընկալվում է հլու, հնազանդ լինելը. ինչ որ իրենք կասեն՝ ճիշտ է, պետք է դրան ենթարկվել, այդպես քվեարկել, չքննադատել եւ այստեղ գալիս է ամենահետաքրքիրը. մեր երկրում փաստորեն քննադատողը՝ այն, ով որ մատնանշում է սխալները, փորձում է ուղղել իրավիճակը՝ ավելի ճիշտ մեկնաբանություններով, ավելի ճիշտ անալիզներ ներկայացնելով, դիտվում է որպես թշնամի, դիտվում է որպես մեկը, որը խոչընդոտում է նրանց կառավարելու հեզասահք գործընթացը»: Վահան Հովհաննիսյանը վճռական է տրամադրված, ասում է՝ իրենք թույլ չեն տա, որ որեւէ մեկն այս երկրում «հեզասահ» իշխի՝ թույլ տալով սխալ սխալի հետեւից. «Եթե իսկապես համագործակցելու տրամադրություն ունենային եւ համագործակցեին, Ադրբեջանը ՄԱԿ-ում չէր ընտրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ: Սխալներ թույլ չէին տրվի հայ-թուրքական հարաբերություններում եւ կատաստրոֆիկ սխալներ թույլ չէին տրվի տնտեսության մեջ: Այն համագործակցությունը, որի մասին խոսում է վարչապետը, դա համագործակցություն չի, դա ենթարկվել է»: