Լրահոս
Օրվա լրահոսը

Այրումի սողանքի վերաբերյալ պետական կառույցները տարբեր գնահատականներ են տալիս

Հոկտեմբեր 31,2011 15:29

Հոկտեմբերի 18-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ  տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները, երեւույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը ներկայացրել է փլվածքի հատվածում վերջին 10 օրում իրականացրած երկրաբանական ուսումնասիրության արդյունքները: Ըստ փորձագիտական եզրակացության` 1947, 1975 թվականների օդալուսանկարների եւ 2006 թվականի տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 1-ը չի եղել սողանքի ակտիվացման որեւէ նշան: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում:

Մինչդեռ, սեպտեմբերի 30-ի առավոտյան նույն վայրում փլուզում էր եղել՝ շուրջ 3000 խորանարդ մետր հողի եւ քարի զանգված էր քանդվել, միջպետական ճանապարհի 110 մ հենապատ էր քանդվել, ճանապարհի 6 մետրը` փակվել: Այդ մասին եւս պաշտոնական հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այսքանից հետո զարմանալի է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ ասել է, որ «մինչեւ 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որեւէ նշան չի եղել»:

Կարելի է կարծել, որ իրավիճակն այնպես է ներկայացվում, որպեսզի սողանքից 5 զոհերի համար պատասխանատվության խնդիր չառաջանա, որ իբր ամեն ինչ անակնկալ է տեղի ունեցել: Մինչդեռ սեպտեմբերի 30-ի համեմատաբար փոքր սողանքից հետո, 2 օրվա ընթացքում եթե  տարերքի վայրում երկրաբանական ուսումնասիրություն արվեր եւ միջպետական  ճանապարհի այդ հատվածը փակվեր, 5 զոհ եւ մեծ նյութական կորուստներ չէին լինի:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31