Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն իրողությունը, որ դպրոցների տնօրենների մեծամասնությունը կուսակցական է: «Ինձ համար կարեւորը մարդկային գործոնն է, օրինակելի տնօրենի կերպարն ու կրթական մակարդակը, կրթության որակը, տնօրենի մասին հասարակական կարծիքը»,-ասաց տիկին Սողոմոնյանը: Այն հարցին՝ տնօրենների համար սահմանվա՞ծ է dress code, մանավանդ ոմանք կրթական հաստատություններ են մտնում ոչ պատշաճ հագուստով (թափանցիկ տաբատ, լայն բացվածքով բլուզ եւ այլն), վարչության պետը պատասխանեց. «Միայն օրենքներն ու կարգերը անգիր անելը անհրաժեշտ կամ բավարար չեն, որ մարդը տնօրեն ընտրվի»: Նա նաեւ հավելեց, թե հաճախ է անակնկալ այցեր ունենում դպրոցներ ու եթե որեւէ «շեղում» է նկատում, ապա կա՛մ ինքն է ակնարկում, կամ զգուշացնում կրթության վարչության աշխատակիցների միջոցով. «Հիմա նրանցից ով կարդա այս հոդվածը, կհասկանա, որ ինքն է հոդվածի հերոսը»: Տիկին Սողոմոնյանի ասելով, երբ ինքը նոր էր նշանակվել կրթության վարչության պետ, լուրջ աշխատանքներ է տարել հատկապես նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ. «Կրթության համակարգի մեջ կանոնակարգված պետք է լինի այդ ոլորտում աշխատող մարդու ամեն ինչը, որովհետեւ մանկավարժը արտաքին տեսքով էլ է կրթում ոչ միայն երեխային, այլեւ երբեմն ծնողին: Զայրացած դպրոց մտնող հայրերին նա կարող է իր արտաքին տեսքով զսպել, դնել կաղապարի մեջ»:
Մանրամասները՝ կարդացեք տպագիր «Առավոտում»: