Ամպի չափ մեծ ցանկություն ունեի այստեղ՝ այս նոր բլոգում գրառումներն ու նոթերը մի լավ բանով սկսել: Ասենք՝ Հայաստանից արտագաղթը մի օրում եւ հանկարծակի դադարել է, Հայաստանի պաշտոնյաները էլ կաշառք չեն վերցնում, սիրուհիներ չեն պահում, փոխում եւ փոխանակում, իրենց ընտանիքի անդամների համար պաշտոններ չեն առնում կամ խլում եւ այլն: Բայց չիրականացավ այս մի ցանկությունս եւս: Գուցե պետք է աղոթել: Գուցե… Չգիտեմ: Գիտեմ, որ աղոթքն ԱՌ ԱՍՏՎԱԾ կարելի է մրմնջալ նաեւ տանը մի անկյունում, փոշոտ այգու մի անկյունում սառը նստարանին նստած… Գիտեմ, որ այսօր հավատն ԱՌ ԱՍՎՏԱԾ կապ չունի մեր հոգեւորականների հետ… Գիտեմ, որ մեր հոգեւորականների մի մեծ մասը կոտրում է ամեն տեսակի հավատ… Երեւի հավատի ու հոգեւորականների մասին էլ գրեմ…
Անցած շաբաթվա ամենաքննարկվող թեման հայ հոգեւոր օլիգարխների բացված ու համառորեն չփակվող ախորժակը բավարարելու հերթական դրսոեւորումն էր: Եկեղեցուն տարածքներ տրվեցին ու եկեղեցին ազատվեց դրանց դիմաց որեւէ հարկ տալու պարտականությունից:
Ու ինչքան էլ պաշտոնյաները պնդեն, թե եկեղեցին հավուր ու հարիր վերաբերմունքի է արժանանում, թե առանձնապես մեծ գումարներ չեն զիջվել եկեղեցուն, ինչքան էլ եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը ասի, թե «Եթե որեւէ մեկը կարծում է, որ եկեղեցու ծառան սրճարանի կարիք չունի, ապա նա սխալվում է» մեկ է խնդիրը չի վերանում:
Հարցը եկեղեցու ծառային ոչ թե սրճարան այցելել արգելելն է, այլ նրան բիզնես անելու եւ հարկեր չվճարելու իրավունք տալը: Ու սրանով վերջնականապես վերացավ աշխարհիկ եւ կրոնական օլիգարխների տարբերությունը:
Եկեղեցու ծառան թող գնա սրճարան, թող սրճարան էլ ունենա, ռեստորան էլ, սաունա էլ, հացի փուռ էլ… բայց թող հարկեր վճարի, թող մեկ-մեկ զսպի սեփական ախորժակը: Չեմ ուզում բարոյախրատական թեմաներով գրել: Մի քանի հարց եմ ուզում տալ: Շատ կուրախանամ, եթե որեւէ պատասխանատու պաշտոնյա՝ աշխարհիկ, թե կրոնական՝ պատասխանի այս հարցերին:
- Ի՞նչ է անելու ՀՀ կառավարությունը, եթե մի որոշ ժամանակ անց եկեղեցին նոր հողեր ուզի: Նախադեպը կա, չէ: Երեւանի Լեզվի ինստիտուտը քանդելուց հետո եկեղեցին որոշեց քանդել Մոսկվա կինոթատրոնի մի մասը:
- Ի՞նչ է անելու ՀՀ կառավարությունը, եթե եկեղեցին իրեն ընծայված հողերի վրա կամ տարածքներում բիզնես անի՝ թեկուզ վարձով տա ու եկամուտ ստանա: Այս դեպքում եկամուտ բերող հողերի ու տարածքների համար եկեղեցին որեւէ հարկ կվճարի՞:
- Այդ ինչպե՞ս է ստացվել, որ հայ եկեղեցին ու պետական կառույցներն իրար «քաղցր աչքով են մտիկ անում» եւ երկուսն է մոռացել են մարդկանց մասին: