Թուրքիայի Իզմիթ քաղաքում այս պահին որոշվում է, թե ո՞վ կնվաճի շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը: Մինչեւ երեկ գլխավոր հավակնորդը Հայաստանի հավաքականն էր, որն իններորդ տուրից առաջ 23,5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն երեկ՝ մրցաշարի նախավերջին օրը, մեր քառյակն անակնկալ 1,5:2,5 հաշվով պարտվեց ղազախներին՝ նահանջելով 2-րդ հորիզոնական: Եզրափակիչ տուրից առաջ Հայաստանը 1,5 միավորով զիջում էր 26,5 միավոր վաստակած Ռուսաստանի ընտրանուն: Հետեւաբար, նրան ամփոփիչ մրցաշարային աղյուսակում կրկին շրջանցելու համար անհրաժեշտ է որպեսզի մերոնք 4:0 հաշվով հաղթեն Ղրղըզստանին, իսկ ռուսները լավագույն դեպքում ոչ-ոքի խաղան չեխերի հետ. մի բան, որ գրեթե անհավանական է: