Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հոկտեմբերի 30-ին, գիշերը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը:
Վերջինս կասկածվում է նույն օրը Հալաբյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Սմբատ Խաչատրյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի եւ անշարժ գույքի պահպանության բաժնում որպես հրաձիգ:
Ֆոտոլրագրողը հավելում է, որ նշված անձնավորությունը որպես հրաձիգ պահպանում էր ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի («Դերժավայի Արկադի») անվտանգությունը:
Վրաերթ կատարած «Ռենջ Ռովեր» մակնիշի 05 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հայտնաբերվել է եւ տեղափոխվել Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 30-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու թողնելով նրան անօգնական վիճակում` դիմել է փախուստի: Ապա արդեն մահացած հետիոտնը հայտնվել է թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ: Ոստիկանությունը պարզել էր վրաերթի ենթարկված ու մահացած կնոջ ինքնությունը. նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Դոնարա Հարությունյանն էր, որն աշխատում էր Վերահսկիչ պալատում: