Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի հանձնարարականն անտեսվեց Իռլանդիա-Հայաստան խաղում

Հոկտեմբեր 31,2011 10:24

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է իր անդամ երկրներին ուղղված հանձնարարական, որը վերաբերում է սպորտում արդյունքների շուրջ զեղծարարություններին, մասնավորապես` խաղի ելքի վերաբերյալ պայմանավորվելուն: Հանձնարարականին կից հավելվածի E կետում մանրամասնած են այն կանխարգելիչ գործողությունները, որոնք այս կապակցությամբ պետք է ձեռնարկեն ազգային եւ միջազգային մարզական կազմակերպությունները:

Մասնավորապես` 28.1 կետում, որտեղ խոսվում է նման աղավաղումների դեմ կանոնների անհրաժեշտության մասին` c ենթակետում նշված է, որ նման կանոնները պետք է ներառեն որոշակի ընթացակարգեր` չեղյալ համարելու մարզական միջոցառումը կամ որակազրկելու մրցակիցներին, երբ հաստատված է խարդախության վտանգը:

D ենթակետում մարզական պատասխանատուների, մարզիկների եւ մրցավարների համար նախատեսվում են պարտավորություններ՝ հաղորդելու կասկածելի միջադեպի ամբողջական մանրամասները, համագործակցելու ցանկացած ողջամիտ հետաքննության հետ, որը կիրականացվի շահագրգիռ միջազգային ֆեդերացիայի կողմից:

E ենթակետում նշվում է այն մարզիկների եւ մրցավարների  դեմ արդյունավետ ու համաչափ պատժամիջոցների մասին, որոնք կխախտեն այս կանոնները, ասենք` ժամանակավորապես կամ մշտապես պետք է արգելվի նրանց մարզական գործունեությունը եւ այլն:

Իսկ 28.3 ենթակետում, որը վերաբերում է կարգապահական ընթացակարգերին, նշվում է, թե պետք է ապահովել, որ հետաքննող եւ կարգապահական մարմինները տարբեր լինեն մեկը մյուսից եւ հստակ ու կիրառելի դրույթներ լինեն բողոքարկելու կայացված ցանկացած վճիռ:

Ամենակարեւորը թերեւս 31-րդ կետն է, որով մարզական կազմակերպությունները խրախուսվում են ձեռք բերելու պայմանավորվածություններ ձայնագրության կամ մարզական փորձագետների կողմից մրցելույթների կամ մարզական միջոցառումների դիտարկման վերաբերյալ, երբ կա խարդախության վտանգ:

Նախարարների կոմիտեի այդ նիստին մասնակցել էր UEFA-ի նախագահ Միշել Պլատինին, մասնակցություն ունեցել նաեւ վերոհիշյալ հարցի քննարկմանը:

Սակայն այս հանձնարակականի ընդունումից հետո անցավ ընդամենը երկու շաբաթ եւ  Իռլանդիա-Հայաստան խաղում կատարվածից հետո ոչ միայն չորակազրկվեց կամ կարգապահական որեւէ պատժի չենթարկվեց մրցավարը սխալ ցույց տված կարմիր քարտի համար, որի դրդապատճառների վերաբերյալ անգամ միջազգային մամուլում էին հայտնվում հիմնավոր կասկածներ, այլ անգամ չեղյալ չհամարվեց մեր դարպասապահին անտեղի ցույց տրված կարմիր քարտը: Մինչդեռ պատժամիջոցների նման նախադեպեր UEFA-ն ունի: Ասենք, այս տարեսկզբին ցմահ որակազրկվել էր ուկրաինացի մրցավար Օլեգ Օրեխովը:

Կրկնակի չափանիշները, ըստ այդմ, գործում են ոչ միայն քաղաքականության մեջ, այլ նաեւ սպորտում, բայց որ առավել կարեւոր է` ակներեւ է դառնում, թե այս ոլորտներում որքան են արժեւորվում կամ չեն արժեւորվում ԵԽ հանձնարարականները:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31