Այսօր` հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու թողնելով նրան անօգնական վիճակում` դիմել փախուստի: Ապա արդեն մահացած հետիոտնը հայտնվել է թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ:
Արդեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` Երևանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը: Դեպքի վայր են ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ խումբը` պարամեդիկների խմբի հետ: Այստեղ են նաև 1-03 շտապբուժօգնության աշխատակիցները, ինչպես նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Վրաերթի ենթարկվածը, որը, ինչպես արդեն նշեցինք, տեղում մահացել է, միջին տարիքի մի կին է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, թե դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ կինը թիվ 28 երթուղայինի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենան նրան վրաերթի է ենթարկել ու հարվածի ուժով շպրտել: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` հայտնաբերելու համար «Ռենջ ռովերի» վարորդին, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը պարզել է վրաերթի ենթարկված և մահացած կնոջ ինքնությունը. նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Դոնարա Հարությունյանն էր, ով աշխատում էր Վերահսկիչ պալատում: