Այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցում հավաքվել էին Հայաստանի Հանրապետատան կուսակցության (ՀՀԿ) ավելի քան 300 անդամներ ու օտարերկրյա հյուրեր։ Նրանց մեծ մասը կառավարության անդամներ էին։ Այս հավաքի պատճառը ՀՀԿ-ի տնտեսական առաջին կոնֆերանսն էր։ ՀՀԿ-ականները իրենց կոնֆերանսը սկսեցին պետական օրհներգի հնչյունների ներքո։
Նշենք, որ լրագրողներին առանձին սենյակ էր հատկացված՝ կոնֆերանսը հեռուստաէկրանից դիտելով լուսաբանելու համար, բայց հետաքրքիրն այն էր, որ օրհներգից հետո մոտ 10 րոպե ժամանակ պահանջվեց, որպեսզի լրագրողների համար էլ կոնֆերանսում ելույթ ունեցողների ձայնը լսելի դառնա:
Բացման խոսքից անմիջապես հետո ելույթ ունեցան հրավիրյալ հյուրերեր՝ Ռուսաստանի Դաշնության «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն եւ Եվրոպայի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլա Բրիքը։ Նրանք 2-ն էլ շատ կարեւորեցին Հայաստանի հետ իրենց ունեցած համագործակցությունը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ավելացրեց, որ այս կոնֆերանսի նպատակն այն է, որ ՀՀԿ-ն ցանկանում է հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, որի պատասխանատվությունը կրում են հենց իրենք ՀՀԿ-ականները՝ ժողովրդի ստացած քվեի համաձայն: Նա շեշտեց, որ կոնֆերանսը հանրային քննարկումների համար նոր հարթակ է:
Կոնֆերանսի առաջին մասում մասնակիցներն անդրադարձան Հայաստանի արդյունաբերությանն ու գյուղատնտեսության զարգացումներին։ Բոլոր զեկուցողներն էլ՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ նախագահի խորհրդական Արամ Ղարիբյանը խոսեցին կառավարության ունեցած հաջողությունների մասին, թե ինչպես են հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ այդ նպատակով ինչ օպերատիվ գործողությունների են գնացել, որպեսզի մեր երկրի տնտեսությունն էլ ավելի չտուժի։ Տպավորություն էր ստեղծվում, որ մենք ապրում ենք եվրոպական զարգացած երկրներից մեկում։
Կարդացեք նաև
Նրանց զեկույցներից հետո ասուլիս հրավիրվեց, որի ժամանակ Եվրոպայի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլա Բրիքը հայտնեց, որ իրենց մասնակցությունը հավաստում է այն մասին, որ մեր եւ եվրոպական կառույցների մերձեցումն իրոք իրականացվում է, իսկ համագործակցությունն էլ ավելի հաստատուն բովանդակություն է ստանում. «Պաշտպանել եւ պաշտպանում ենք Հայաստանում իրականացվող բարեփոխումները։ Մենք նաեւ խորհրդատվություն ենք տալիս եւ դրական փոփոխություններ կան»: Իսկ Իգոր Չերնիշենկոն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի համար ոչ միայն ստրատեգիական գործընկեր է, այլեւ հարազատ երկիր. «Ինչքան էլ մեր երկրները տարբեր են, սակայն մեր ունեցած խնդիրները նման են եւ կապված իրար հետ»:
Մեր այն հարցին, թե ինչու է ներկայացվում միայն դրականը եւ արվածը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Մենք ներկայացնում ենք արածը։ Անելիքները անելուց հետո կներկայացնենք։ Այս ամենը նաեւ մեր կուսակցության նախընտրական ծրագիրն էր, որը մենք իրականացրել ենք»։ Նա, երբ արդեն պետք է կուսակիցների համար ելույթ ունենար, կոնֆերանսի մասնակիցները նրան դիմավորեցին բարձր ծափահարություններով: Տ. Մարգարյանը շնորհակալություն հայտնեց, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Մենք հաշվի կառնենք այս ծափահարությունները»: Նշենք, որ քաղաքապետի ամենահավանական թեկնածուն հենց Տ. Մարգարյանն է։