Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆորվարդը»՝ Հայաստանի օլիմպիական թիմի պաշտոնական մատակարար

Հոկտեմբեր 29,2011 00:00

\"\"Երեկ Երեւանում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Ռուսաստանի «Ֆորվարդ» մարզահագուստի ընկերությունը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը համագործակցության պայմանագիր կնքեցին, ըստ որի՝ ռուսական ընկերությունը Հայաստանի օլիմպիական թիմերի բացառիկ մատակարարողի կարգավիճակ ստացավ, իսկ Հայաստանը դարձավ արտասահմանյան առաջին երկիրը, որը կրելու է «Ֆորվարդի» մարզահագուստը: Այս մասին հանդիսավոր արարողության ժամանակ «Առավոտին» տեղեկացրեց ընկերության PR մենեջեր Ելիզավետա Ռոմանովսկայան:
Պայմանագիրը վավերացրին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Ֆորվարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Շտոլերը:
Սկսած 2003 թվականից՝ Ռուսաստանի 60 մարզաձեւերի 200 հավաքականներ եւ պարալիմպիկ մարզիկները միջազգային մրցումներում հանդես են գալիս այս ընկերության մարզահագուստով, որի մեկ հավաքածուն բաղկացած է շուրջ 30 անուն ապրանքատեսակից: Պայմանագրի համաձայն, ֆիրմայի հանդերձանքը նշված ժամանակահատվածում, այդ թվում նաեւ Լոնդոնի՝ ամառային եւ Սոչիի՝ ձմեռային օլիմպիական խաղերում, կրելու են ինչպես Հայաստանի օլիմպիական թիմերը, այնպես էլ ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվելիք միջոցառումների մասնակից Հայաստանի ներկայացուցիչները:
«Ֆորվարդի» գլխավոր տնօրեն Վադիմ Շտոլերը երկարատեւ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նշեց, որ իրենց արտադրանքի հարմարավետությունն ու արտաքին տեսքը մշտապես արժանացել են Ռուսաստանի ամենաանվանի մարզական աստղերի գովասանքին, եւ իրենք աշխատանքները կազմակերպելիս հաշվի են առնում բոլոր առաջարկները: Հայաստանին հատկացվելիք հավաքածուն արդեն մտել է արտադրություն, դիզայնի վրա աշխատել են մարզական նորաձեւության փորձառու մոդելավորողներ: Անվանատեսակների վրա կլինեն հայերեն եւ անգլերեն նշագրեր, մեր երկրի խորհրդանիշները՝ եռագույնը, զինանշանը, Հայաստան, ՀԱՕԿ անունները: «Հուսով ենք, որ «Ֆորվարդ» մարզահագուստով Հայաստանի մարզիկները բազում ոսկե մեդալներ կնվաճեն Լոնդոնում»,- եզրափակեց Վադիմ Շտոլերը:
Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծեց, որ «Հայաստանում ներկայումս մի քանի ամիս անց մեկնարկող Ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության լուրջ աշխատանքներ են ընթանում, ու մարզական այդ խոշորագույն միջոցառումում, արդյունքներից բացի, կարեւոր նշանակություն ունի հարյուրավոր երկրների մեջ ներկայանալի լինելը: Այդ առումով Ռուսաստանի հավաքականները միշտ էլ առանձնացել են, ու բոլորս էլ դա տեսել ենք: ՀԱՕԿ-ի նոր գործընկեր ընտրելիս մենք բազում քննարկումներ ենք անցկացրել եւ, ի վերջո, ընտրել ռուսական «Ֆորվարդ» ընկերությունը, որի հետ այսօր համագործակցության պայմանագիր ստորագրեցինք: Մենք հազվադեպ ենք խոսում՝ գերադասելով գործելը: Երկար ժամանակ Հայաստանն օլիմպիական խաղերում մեդալ չուներ, սակայն ամենօրյա աշխատանքի արդյունքում Պեկինում հայ մարզիկները միանգամից վեց «բրոնզ» նվաճեցին: Դրանից հետո էլ աշխատանքները շարունակել ենք ու հիմա պիտի ասենք, որ արդեն Լոնդոնում պիտի անենք ամեն բան՝ մեդալների գույնը փոխելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել