Այնտեղ էլ է երբեմն բիզնես-շահը արվեստից վեր դասվում
Հոկտեմբերի 24-26-ը «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը կազմակերպել էր լրագրողների այցելություն Սանկտ Պետերբուրգի «Ֆիլիպ Մորիս Իժորա» գործարան, որտեղ արտադրվում է նաեւ Հայաստան ներկրվող ծխախոտային արտադրանքի մի մասը: Մինչ գործարան կատարած մեր այցը, հնարավորություն ունեցանք էքսկուրսավարի հետ շրջել այդ պատմական քաղաքում ու ակամայից համեմատություն անել Երեւանի հետ՝ չնայած այս երկու քաղաքներն իրենց մշակույթով ու առհասարակ՝ համեմատության եզրեր չունեն.
«Oh, lady», «Busy», «Angel», «Glamour», «Crazy» եւ նմանատիպ օտարալեզու անվանումներով տաքսիների փոխարեն այնտեղ սպասարկում էին միայն ռուսերեն անվանմամբ տաքսիներ, ընդ որում, անգամ «King» տաքսին այնտեղ մակնշված էր «ԽՌվչ»: Ու ընդհանրապես գովազդային պաստառների, վահանակների, ցուցատախտակների վրա օտար լեզվով միայն ու միայն ապրանքային անունն էր, որը հաճախ նույնպես ռուսերեն տառերով էր:
Չնայած մեր երկրում օրենսդրությամբ արգելվում է սգո պարագաների վաճառքը խանութներից դուրս ու երեւացող տեղերում, բայց բոլորս էլ գիտենք, որ ծաղկի խանութներն իրենց սեւ ժապավենով ծաղկեպսակներն ու փնջերը բացեիբաց ցուցադրում են, մինչդեռ Սանկտ Պետերբուրգում ծաղկեպսակ կարելի է տեսնել միայն գերեզմանոցների մուտքի մոտ, քաղաքի այլ հատվածներում վաճառքն արգելվում է ու արգելվում է ոչ միայն թղթի վրա:
Սանկտ Պետերբուրգի ու Երեւանի միջեւ առանձնապես տարբերությունը մեծ չէր աղբահանության հարցում, որովհետեւ այնտեղ էլ կենտրոնական փողոցներում աղբամանների կողքին հաճախ կարելի էր տեսնել թափված աղբակույտեր:
Եթե մեզ մոտ «մատաղի փող» են հավաքում, ապա Սանկտ Պետերբուրգում փող հավաքելու այլ պատրվակ են օգտագործում: Փողոցներում ձիերով շրջում էին ու ասելով, որ կենդանին սոված է, իբր ձիուն կերակրելու համար փող էին խնդրում: Հաշվի առնելով, որ ռուսները կենդանասեր ազգ են, փող հավաքելու այս ձեւը շատ լավ աշխատում էր:
Երեւանի անգամ ամենակենտրոնական փողոցներում մեր շինհրապարակները լավագույն դեպքում կապույտ պաստառներով են պատվում, որոնք ժամանակի ընթացքում պատառոտվում են ու քաղաքը դարձնում փոշու ու կեղտի բուն: Լուսանկարում Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում շինհրապարակներից մեկն է, որտեղ պաստառները նկարազարդված են ճիշտ նույն շենքի պատկերով, որպեսզի քաղաքի ճարտարապետական տեսքը չխաթարվի: Սակայն այս մոտեցմանը մեր հիացմունքը կարճ տեւեց, որովհետեւ էքսկուրսավարը պատմեց, որ իբր վերանորոգման համար փակցված այդ պաստառները թույլ չեն տալիս տեսնել, թե շենքի հետ կոնկրետ ինչ են անում, երբեմն պաստառը բացում են, տեսնում են՝ շենքը էլ չկա:
Մի բան, որն ամենաշատը զարմացրեց Սանկտ Պետերբուրգում, այն էր, որ Էրմիտաժի մուտքը հարմարեցված չէր հաշմանդամ մարդկանց համար, թեքահարթակներ չկային եւ հենց միայն դռնից սայլակը ներս մտցնելուն պես հանդիպում էին այս աստիճանները: Սահմանափակ կարողությամբ մարդկանց համար Էրմիտաժով հիանալն այս առումով անասելի դժվարություն էր: