Նոր ներկայացում՝ «Ձուկն առանց ջրի կամ SUICIDE»
Օրերս Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Արմեն Խանդիկյանի եւ Լեւոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ SUICIDE» տրագիկոմիկական կլոունադայի պրեմիերան:
Մարդիկ երկու տեսակ են լինում՝ մտածող եւ գործող: Մտածողները կարծում են, թե ճիշտ գաղափարը կամ միտքը կարող է լուծել նվազագույնը՝ իրենց, առավելագույնը՝ երկրի խնդիրները: Գործող մարդիկ պարզապես գործում են: Թերեւս առանց երկար մտածելու ապրում են իրենց կյանքը՝ բոլոր խնդիրներով ու բարդություններով: «Ձուկն առանց ջրի կամ SUICIDE»-ի գլխավոր հերոսը՝ դերասան Բարդուղիմեոսը պատկանում է մտածողների դասին եւ իրեն բաժին հասած կյանքից եւ ստեղծագործելու հնարավորություններից դժգոհ է ու հիասթափված: Ավելին, նա հուսախաբ է: Հետեւաբար չէր թողնի սիրած գործը, որն առնչվում է ժողովրդի, իր դեպքում՝ հանդիսատեսի հետ եւ գնար լեռները՝ քարերի համար ներկայացում խաղալու, ավելի ճիշտ՝ մենախոսելու, շեշտելով լեզուն, հավատքը, պետականությունը: Չէ, չէր գնացել լեռները, սակայն հեռացել էր ամեն ինչից, առանձնացել՝ միայնակ մնալով իր երեւակայության հետ: Ներկայացման հերոսի ստեղծագործական եւ այլ տառապանքները կարծես ամբողջական են դառնում, երբ հայտնվում է մի օլիգարխ ու ցույց տալիս սեփականաշնորհման փաստաթուղթ եւ մի քանի թղթադրամ շպրտելով նրա երեսին՝ տեղեկացնում, որ այդ տարածքն իրենն է, պահանջելով անհապաղ լքել այն…
Ամեն ինչ կարելի է բեմ հանել, ընդհուպ մինչեւ հրապարակախոսություն, բայց ոչ հրապարակային միտինգ: Եվ, ինչպես կասեր Շեքսպիրը՝ երեւակայությունը ուժեղ է տկար մարմնի մեջ: Ներկայացման մեջ բացահայտ է, որ հեղինակները նույնացված են գլխավոր հերոսի՝ դերասան Բարդուղիմեոսի հետ: Գաղտնիք չէ, որ արվեստագետի վիճակը մեզանում անմխիթար է, բայց, մյուս կողմից՝ չենք ողջունում դժվարությունների առաջ ընկրկող տաղանդավոր արտիստին:
Ներկայացումը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ռեժիսուրայով ստացված կոլաժ է՝ ծաղրածուի, կնոջ, երիտասարդի, աղջկա, մարդու, քաղաքացիների, պարող առլեքինի անձերով: Ու թեեւ, ըստ հավաստի տեղեկությունների, պիեսը գրված է եղել գլխավոր հերոսի համար՝ «աչքի առաջ ունենալով» ճանաչված դերասան, երջանկահիշատակ Վլադիմիր Մսրյանին, սակայն այն այնքան բարձրարվեստ կերտեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, որ հանդիսատեսը համոզված էր, թե այդ դերի համար այլընտրանք լինել չի կարող: Ինչպես միշտ, Դրամատիկի արտիստները, այս դեպքում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գոհար Իգիթյանը, Գուրգեն Անտոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Լիդիա Գրիգորյանը, միմանսները (Հ. Թեքգյոզյան, Ն. Քթոյան, Լ. Հախվերդյան եւ այլք) հիացրին իրենց խաղով ու բեմական կուլտուրայով: Երաժշտական ձեւավորումը կատարել էր Աշոտ Փափազյանը: Համոզված ենք, որ զուտ հայկական թեմայով այս գործի դեպքում ճիշտ կլիներ օգտվել հայկական մեղեդիներից: Առանձնակի նշենք բեմադրության նկարչական (Կարեն Գրիգորյան), զգեստների (Մարի Սարգսյան) եւ լուսային ձեւավորումների (Վահագն Միքայելյան) յուրահատկության մասին:
Ներկայացման հեղինակ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին եւ դերասան Արթուր Ութմազյանին դիմեցինք նույն հարցով՝ արդյո՞ք նրանք կիսում են գլխավոր հերոսի հոգեվիճակը, մոտեցումը, դիրքորոշումը, ընդհանրապես՝ ընդունելի՞ են նրա հայացքները: «Հազվագյուտ դերերից է, որ յուրաքանչյուր բառի տակ կստորագրեի: Իսկ ինչ է, դերասաններիցս շատերը գլխավոր հերոսի վիճակում չե՞նք…»,- ասաց Ա. Ութմազյանը: Ա. Խանդիկյանն էլ հայտնեց հետեւյալը. «Բեմադրությունը կոմիկականի, կենցաղայինի եւ այլնի յուրատեսակ կոլաժ է… Եվ, որ ամենակարեւորն է՝ ասելիքը ներկայացվում է չափի եւ Դրամատիկականին հատուկ էսթետիկ ձեւով»: