Լրահոս
Օրվա լրահոսը

Գունեղ ներկայացում՝ ամենամռայլ ողբերգությունից

Հոկտեմբեր 29,2011 00:00

Դավիթ Դոիաշվիլիի «Մակբեթը» դուր եկավ հայ հանդիսատեսին

\"\"

Օրերս Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվան երաժշտության եւ դրամայի թատրոնը հայ հանդիսատեսին ներկայացավ Դավիթ Դոիաշվիլիի «Մակբեթով»՝ ըստ Շեքսպիրի: Ռեժիսորը Շեքսպիրի մռայլ ողբերգությունը վերածել էր դասական ստանդարտներից ու կաղապարներից շեղված գունեղ տրագիկոմեդիայի, որտեղ ամեն ինչ տպավորիչ էր՝ դերասանների խաղը, երաժշտական ձեւավորումը, լուսաձայնային էֆեկտները: Վրացական «Մակբեթը» ոչ թե սոսկ միստիկ պատմություն էր՝ դավաճանության, սպանության ու խենթության մասին, այլ տաղանդավոր ռեժիսորական աշխատանքի արդյունքում հանդիսատեսին հիպնոսացնող ներկայացում. 3 ժամը շատ արագ անցավ, ու հանդիսատեսն անգամ չզգաց, թե որքան ցուրտ է դահլիճում, եւ ներկայացումն էլ վրացերեն է:
Ալեկո Բագլիշվիլին (Դունկան), Թորնիկե Գոգրիչիանին (Մակբեթ), Նանկա Կալաթոզիշվիլին (Լեդի Մակբեթ) եւ մյուսները հրաշալի խաղացին: Ի դեպ, Ն. Կալաթոզիշվիլիին հայ հեռուստադիտողը ճանաչում է «Միմինո շոու» հայ-վրացական համատեղ հեռուստանախագծից:
Դոիաշվիլիի «Մակբեթը» նաեւ գեղեցիկ ու ակնահաճո ներկայացում էր, տեղ-տեղ զգացվում էր Փարաջանովից ազդված լինելը: Բեմադրության մեջ ամեն շարժում ու \"\"բաղադրիչ «փաստարկված» էր իմաստով եւ նշանակությամբ: Ռեժիսորը զանազան հնարքների էր դիմել դերասանների տպավորիչ խաղը էլ ավելի շեշտադրելու համար: Օրինակ, էկրանին ավելի խոշոր պլանով էր «ներկայացվում» Լեդի Մակբեթի տառապանքը, կամ հայելանման դեկորների միջոցով կնոջից ռեժիսորը ութոտնուկ էր «ստացել», որը պատրաստ է ամեն վայրկյան թակարդել իր զոհին:
Ինչպես նախամայր Եվան ճաշակեց իմաստնության ծառի պտուղը եւ վտարվեց դրախտից, նմանատիպ մի տեսարան էլ ներկայացման մեջ կա: Այն նախանշում էր Լեդի Մակբեթի կործանումն ու մարդկային փոքրոգությունը, սեփական փառամոլությանն ու եսասիրական կրքերին զոհ գնալը: Դահլիճը մինչեւ ներկայացման ավարտվելն էլ ժամանակ առ ժամանակ «պայթում» էր ծափահարություններից: Ուշագրավ էր դերասանուհի Նանա Բուխտուզիի փոխակերպումը վհուկից Լեդի Մակդուֆի՝ նստած է նա գետնին, զրուցում է իր փոքրիկի հետ, մազերն արձակ են ու ճերմակ փոշի է թափվում նրա սեւ հանդերձներին: Երկու հոգու փոխարեն (Լեդի Մակդուֆի եւ երեխայի) խոսելիս ու խաղալիս դերասանուհին դեմքը ժամանակ առ ժամանակ ծածկում էր մազերով կամ ձեռքերով, որը ավելի է ընդգծում նրա կերպարի ողբերգականությունը: Փշաքաղվել կարելի է նաեւ այն տեսարանից, երբ խենթ Մակբեթի աչքին անընդհատ երեւում էր սպանվածի ուրվականը: Գեղեցիկ էր Մակբեթի եւ իր տիկնոջ էրոտիկ տեսարանը, որը ինքնանպատակ չէր բեմադրվել. մարդիկ մահկանացու են եւ անկատար, հարկ եղած դեպքում տրվում են տարբեր բնազդների:
Ցավով պիտի փաստենք, որ նման որակի ներկայացում շատ վաղուց Հայաստանում չենք դիտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել