Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստական կնոջը համոզել են տունը գրավ դնել

Հոկտեմբեր 29,2011 00:00

\"\"Տաշքենդում տրիկոտաժի բիզնես սկսելու երազանքներով տարված ընտանիքը զրկվել է տնից

Դեռեւս անցյալ տարի Ռուդոլֆ Պետրոսյանն ու ոմն Արտյուշա այցելել են փախստական Ռենա Քարամյանի բնակարան եւ նրան գործնական առաջարկ արել:
Շահելով տիկնոջ վստահությունը, նրա՝ Բագրատունյաց 22/2 շենքի բնակարանը $30 հազարի դիմաց գրավ են դրել՝ Տաշքենդում տրիկոտաժի բիզնես ծավալելու նպատակով։ Տիկին Ռենային խոստացել են այդ բիզնեսում «փայատեր» դարձնել: Այս մասին «Առավոտին» պատմեց Ռենա Քարամյանը:
«Այս գործարքին համաձայնեցի, քանի որ հայերենին գրեթե չեմ տիրապետում եւ չեմ կարողանում այստեղ աշխատանք գտնել: Իմ ընտանիքին հացի գումարով ապահովելու համար դիմեցի այդ քայլին, 25 տարեկան տղա ունեմ, պետք է պահեմ, ես էլ միայնակ կին եմ: Ռուդոլֆը ինձ միշտ ասում էր, որ տղամարդու խոսք է տալիս, գլխով է պատասխանատու, որ ամեն ինչ լավ է ընթանալու: Մենք ուրիշ սեփականություն չունեինք, դրա համար էլ տունը գրավ դրեցի: Այդ գործարքին Ռուդոլֆը մասնակցել է, եւ հենց ինքն է երաշխավորել, որ տունս չի կորչելու, հանգիստ գրավ դնեմ ու գումարը վերցնեմ: Բայց մենք այդպես էլ չհասկացանք, թե այդ գումարը ուր անհետացավ, ոչ մի կոպեկ հետ չի եկել: Մեզ տոկոսով գումար տվողները՝ Էդգար եւ Մարտին Մկրտչյաններն էլ ըստ էության մեզ դուրս արեցին մեր իսկ բնակարանից, ու մենք հայտնվեցինք դրսում: Հիմա մեր բարեկամն է մեզ իր տանը մի անկյուն հատկացրել, որ մնանք մինչեւ այս հարցերը լուծվեն, բայց այս տանն էլ անմարդկային պայմաններ են՝ նկուղային հարկ է, խոնավ, առնետներով լի, ու անգամ գիշերն ենք վախենում քնել: Բոլոր հնարավոր անցքերով առնետները ներս են գալիս»,- պատմում է Ռ. Քարամյանը:
Տիկին Ռենայի խոսքերով, նա գործարքի կեսից արդեն կռահել է, որ Ռուդոլֆ Պետրոսյանը ինչ-որ խարդախություն է անում. «Նա ասում էր, որ Տաշքենդում վարձակալել է մի տարածք ու տեղի գումար է վճարել իմ տված փողով, ստանոկներ է առել, բայց ոչ տեղը կար, ոչ էլ ստանոկները: Մենք 3 ամիս պարտաճանաչ վճարել ենք մեր տոկոսները, սակայն արդեն հետո չէինք կարողանում, ոչ տան գումարը կար, ոչ էլ իբրեւ թե բիզնեսից եկող եկամուտը, ինչո՞վ տայինք: Այդպես մի օր էլ եկան տոկոսով գումար տվողները եւ մի ահագին ղալմաղալով մեզ ստիպեցին ինչ-որ փաստաթուղթ ստորագրել կամ դուրս գալ տնից: Ես ստորագրեցի, առանց իմանալու, թե ինչ եմ ստորագրում: Պարզվեց, որ այդ փաստաթղթի հիման վրա մեզ գրանցումից հանել են ու տունն իրենցով արել: Ես փախստական եմ, Ադրբեջանում կորցնելով մեր բնակարանը՝ եկել ենք այստեղ եւ ծնողներիս հետ միասին ձեռք ենք բերել այդ միակ բնակարանը, սակայն հավատալով մարդկային արժանիքներից զուրկ մարդկանց՝ ես կորցրի բնակարանս։ Նրանք չարաշահելով իմ վստահությունը՝ խաբեությամբ տիրացել են գույքիս, եւ հիմա ես չեմ կարողանում այս հարցին լուծում տալ: Ադրբեջանից երբ մեզ վտարում էին, մտածում էինք՝ մուսուլման են, բայց մեր ազգի, մեր կրոնի մարդն ավելի վատ վարվեց մեզ հետ»։
Նշենք, որ Էդգար ու Մարտին Մկրտչյանները Ռ. Քարամյանին բնակարանի գրավի դիմաց գումարը տրամադրել են 5%-ով, որը Կենտրոնական բանկի սահմանած տոկոսից բարձր տոկոսադրույք է: Ըստ Ռ. Քարամյանի, Մարտին Մկրտչյանը Գավառի համալսարանում դեկան է. «Դա է գիտաշխատողի գումար աշխատելու միակ աղբյուրը»:
Ռ. Քարամյանը դիմել է դատախազություն, որպես
զի Մարտին Մկրտչյանի դեմ վաշխառության մեղադրանք առաջադրվի: Նա նաեւ ոստիկանություն է դիմել Ռուդոլֆի եւ Արտյուշայի դեմ բողոքով: Այս առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ: Չնայած դրան, Քարամյանը դիմում-նամակներով դիմել է նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ազգային անվտանգության պետ Գորիկ Հակոբյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի գործը արդար քննվի:
Ռ. Քարամյանի ներկայացմամբ, այս հարցին բազմիցս փորձել է լուծում տալ իր եղբայրը, բայց ոչ մի արդյունք. «գործարարները» միտք էլ չունեն գումարը հետ տալու. «Ես ստիպված եմ դիմել դատախազություն ու ոստիկանություն, քանի որ մեր եղածը ձեռքներիցս գնաց: Ես նրանց մինչեւ այսօր էլ վատություն չեմ ուզում անել, թող մեր տունը մեզ հետ տան կամ նոր բնակարան գնեն՝ նույն պայմաններով: Մենք մեր տեխնիկան, թանկարժեք ջահերը, կահույքը, ամեն ինչը թողել ենք ու դուրս եկել: Իսկ այն տանը, որտեղ հիմա մնում ենք՝ անգամ հեռուստացույց չկա, գազ չկա, որ մի բան պատրաստենք, ամբողջ օրը նստած սպասում ենք, թե ինչ է լինելու: Հուսով եմ, որ գոնե նոր տուն կունենամ, ոչ թե կմնանք այսպիսի անտանելի պայմաններում»:
«Առավոտը» փորձեց կապվել կնոջից գումար վերցրած քաղաքացիների հետ: Արտյուշան մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ ինքն այս պատմության հետ որեւէ կապ չունի, ինքը ոչ մեկից գումար չի վերցրել ու ոչ մեկին էլ գումար չունի տալու, այդ ամենն արել է Ռուդոլֆ Պետրոսյանը, եւ մենք պետք է նրանից գործարքի մանրամասները ճշտենք: Ռ. Պետրոսյանի հետ կապվել չհաջողվեց, նրա հեռախոսը անհասանելի էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել