«Ժառանգություն» խմբակցությունն իշխանություններից պահանջում է 2012թ. պետական բյուջեում սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսել կյանքի բնականոն պայմաններ ապահովող ընտանեկան նվազագույն բյուջեի չափի հիման վրա, վերջապես մշակել բոլոր ոլորտների համար նախատեսված վարձատրության ընդհանուր սանդղակ, վերջ դնել համակարգային բնույթ կրող կոռուպցիային եւ հանդես գալ այնպիսի բյուջեով, որն իրականում կապահովի երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը»,- առաջիկա կիրակի օրը Հանրային հեռուստատեսության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում մտադիր է հայտարարել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
Կուսակցությունը նաեւ պահանջում է «վերջ տալ ապազգային քաղաքականությանը կամ խոստովանել սեփական անզորությունն ու հրաժարական տալ»։
Լ. Ալավերդյանի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը հերթական անգամ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել այնպիսի օրինագծեր, որոնք, «չնչին բացառությամբ, պարունակելով կամայական մեկնաբանություններ եւ կոռուպցիոն ռիսկեր, սպասարկում են նեղ խմբակային շահերին, խորացնում սոցիալական բեւեռացումը, անհիմն սահմանափակում մարդու իրավունքներն ու ազատությունները»։ Սա այն դեպքում, երբ, ըստ պատգամավորի, խմբակցության կողմից տարիներ շարունակ աղքատության նվազեցմանը եւ երկրի բնականոն զարգացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին ի պատասխան՝ ՀՀ կառավարության պատասխանը մշտապես եղել է մեկը՝ «բյուջեում փող չկա»: Ալավերդյանի մատուցմամբ՝ դա կառավարության կողմից սեփական անկարողության մասին վկայող պատճառաբանություն է: