Ազգային ժողովն անցած քառօրյայի ընթացքում քննարկեց եկեղեցուն հողի հարկից ազատելու մասին օրինագիծը, որը
պատգամավորների կողմից միանշանակ չընդունվեց:
Շատերը պարզապես զարմացան կառավարության այդ օրենսդրական նախաձեռնության տրամաբանությունից, ուրիշները գովեցին, հարցի մասին շաբաթվա ընթացքում բավականին ակտիվ քննարկումներ եղան նաեւ խորհրդարանից դուրս, որին մասնակցեցին հասարակական տարբեր կազմակերպություններ:
«Առավոտի» հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին, օրինակ, խիստ զարմացրել են խորհրդարանում հնչած ընդդեմ տեսակետները: Ըստ պարոն Ավագյանի՝ եկեղեցուն պետք է օժանդակել, սատարել եւ հավատալ. «Ինձ համար զարմանալի էր, որ վերոհիշյալ օրինագծի քննարկումը նման աղմուկ բարձրացրեց, եւ զարմանալի էր, որ, փաստորեն, խորհրդարանում կան մարդիկ, որոնք թեպետ ամենատարբեր առիթներով հնչեցնում են անհրաժեշտություն, օրինակ՝ աղանդավորների դեմ պայքարելու, եկեղեցուն սատար կանգնելու հարցերում եւ այլն, բայց հիմա, երբ խոսքը վերաբերում է եկեղեցուն օրենսդրական ճանապարհով աջակցելուն, հանկարծ հանդես են գալիս ոչ տրամաբանական ելույթներով: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք մեր եկեղեցուն օգնելու համար: Բազմիցս է հնչել, որ համապատասխան գույքը եւ ունեցվածքը պետք է լինի իրավական դաշտում, այսինքն՝ եկեղեցին դրանց հանդեպ պետք է ունենա սեփականության իրավունք, եւ այն ամենի նկատմամբ, ինչը տարիներ շարունակ եղել է հենց եկեղեցունը, եւ ոչ մի խնդիր չի առաջացրել: Ընդամենը այս օրինագծի նպատակն է ամբողջ այդ ունեցվածքը տանել իրավական դաշտ եւ եկեղեցուն դարձնել իր իսկ ունեցվածքի սեփականատերը: Մյուս կողմից էլ՝ կան մարդիկ, որ շարունակ փնովել են եկեղեցուն, թե՝ համարժեք պատասխան չի տրվում հազար ու մի վտանգավոր աղանդներին եւ հոսանքներին, ուրեմն մենք մեր կողմից էլ պետք է օգնենք եկեղեցուն, որպեսզի ունենա համապատասխան միջոցներ, կարողանա հավաքել որոշակի գումար այդ քարոզչությունը ավելի բարձր մակարդակով անցկացնելու համար: Գիտեք, որ այսօր քարոզչությունը եւս գումար է, իսկ եկեղեցու բյուջեն ստեղծվում է հենց նմանատիպ ծառայություններից՝ մոմավաճառությունից սկսած: Կարծում եմ՝ եկեղեցուն առնչվող այս օրինագծի քննադատությունը ընդունելի չէ, եւ, ըստ իս, այս ամենը տեղի է ունենում որոշակի քաղաքական դրսեւորումների դրդմամբ, որն իրեն պարզապես չի արդարացնում»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ նկատեց. «Իհարկե՛, մենք այստեղ խնդիր ունենք. այստեղ գրված չափաբաժինների մեծ մասը հոգեւոր արժեքների տրամադրություն չի ստեղծում։ Առավել եւս՝ եթե նման օրենք ենք ընդունում, պետք է հաշվի առնենք, որ այդ գույքահարկը համայնքների ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում, իսկ մեր օրենքներով՝ եթե համայնքից մի բան վերցնում ես, դրա փոխարեն պետբյուջեն պետք է փոխհատուցում տա։ Վեճը սա է»: Խմբակցության ղեկավարը ասաց նաեւ, թե իրենք փորձելու են մինչեւ օրենքի երկրորդ ընթերցումը հստակեցնել բոլոր խնդիրները եւ օրենքը բերել ավելի ընդունելի տեսքի։