Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ հույս կա

Հոկտեմբեր 29,2011 00:00

\"\"Ըստ առաջին նախագահի՝ կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները կարող են «ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել»:

Չորս տարի եւ երկու օր անց Ազատության հրապարակում երեկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը իր հերթական հանրահավաքն անցկացրեց: Այդ առիթով դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում նկատեց, որ ժողովուրդը 4 տարի պայքարում է ազատության համար, ուստի ինքն այս օրը հռչակում է ժողովրդի վերջնական հաղթանակի մեկնարկի օր. «Վստահ եմ՝ այս անգամ ժողովուրդն իր հաղթանակը ձեռքից բաց չի թողնելու, որովհետեւ արդեն 4 տարի պայքարող ժողովուրդ է, իսկ իշխանությունը 4 տարի առաջվա կուռ իշխանությունը չէ, կաղ իշխանություն է»:
Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը սկսվեց «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, այնուհետեւ այդ թեմային իրենց ելույթներում անդրադարձան հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը. հիշեցին, մեղադրեցին, պիտակավորեցին, համեմատություններ արեցին, իսկ Նիկոլ Փաշինյանը քանիցս հնչեցրեց, որ այդ ոճրագործության կազմակերպիչները կանգնելու են համաժողովրդական դատաստանի առջեւ, որ նրանց սպառնում է Մուբարաքի, Քադդաֆիի, Բենալիի ճակատագիրը:
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր ելույթում արդարացի համարեց ատոմակայանի աշխատակիցների ընդվզումը, կոչ արեց համերաշխություն հայտնել վերջիններիս: Նա տարակուսանք հայտնեց ատոմակայանի հնարավոր փակման վերաբերյալ եւ ասաց, որ այն պետք է փակել միայն նորը բացելուց հետո: Բագրատյանը մասնագիտական քննության ու քննադատության ենթարկեց ԱԺ-ում քննարկվող գալիք տարվա բյուջեի նախագիծը ու այն մեկ նախադասությամբ բնութագրեց. «Այդ բյուջեն նշանակում է, որ՝ շարունակելու ենք վատանալ»: Նա հայտարարեց նաեւ, որ պետք է հրաժարվել «Նաիրիտի» համար 400 միլիոն դոլարից: Ըստ նրա՝ «Նաիրիտի» բանվորների աշխատավարձը կարող են տալ ընկերության բաժնետոմսերով: Նախկին վարչապետը վստահ է, որ «Նաիրիտը» շահույթով աշխատող ընկերություն է եւ պետք չէ պետության վզին պարտքի բեռ ավելացնել մասնավոր ընկերության համար, հավելելով, որ կասկածում է, թե այդտեղ շահագրգռություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն արդեն քանի տարի է՝ բացահայտ հայտարարություններ է անում այդ մասին, անգամ փաստեր է ներկայացնում:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ քաղաքական ուժերին կոչ արեց. «Տղամարդ եղեք եւ ասեք ձեր դիրքորոշումը. կամ կողմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականին, կամ նրա հաճախորդն եք»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այլեւս ՀԱԿ-ը սկսում է «թավշյա հեղափոխության» փուլը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հեռանալու բոլոր նախադրյալներն առկա են, ՀԱԿ-ն էլ դա իրականացնելու բոլոր գործիքներն ունի: Մնում է՝ «ազգովին լծվենք այդ գործին»:
Հանրահավաքի վերջում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավորեցրեց «այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցով»՝ հիշեցնելով, որ դեռեւս իշխանության հետ սկսված երկխոսության շրջանակում ՀԱԿ պատվիրակությունն առաջարկել էր այդ մեխանիզմներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների եւ այլ միջոցառումների մի ամբողջական փաթեթ, առանց որոնց իրականացման պարզապես անիմաստ է խոսել «երբեւէ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին»։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսի նպատակը ոչ թե սոսկ իշխանության հասնելն է, այլ արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորումը, ինչի դեպքում ինքը պատրաստ է շնորհավորել հաղթողին: Առաջին նախագահը կենտրոնացավ ընտրությունների կեղծման «ամենաարդյունավետ ռեսուրսի՝ շուրջ 500000 ավելորդ քվեաթերթիկների շրջանառության եւ դրա հաղթահարման միջոցների վրա»։ Հարց, որը շրջանառվել, քննարկվել է՝ սկսած 2008 թվականի ընտրություններից: «Երեքուկես տարի շարունակ մենք հետեւողականորեն պայքարել ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Ցավոք, ընդդիմադիր համարվող մնացյալ քաղաքական ուժերից ոչ մեկը եթե ոչ՝ խոսքով, ապա իրական գործով չի պաշտպանել այս պահանջը, իսկ որոշ մասը նույնիսկ բացահայտորեն դեմ է արտահայտվել դրան՝ կամա թե ակամա նպաստելով հանցավոր վարչախմբի գոյատեւմանը: Դա թեեւ, անտարակույս, դժվարացրել է մեր աշխատանքը, բայց բոլորովին չի հուսահատեցրել մեզ, որովհետեւ մենք վստահ ենք եղել, որ իշխանական մոնոլիտը վաղ թե ուշ ճաքեր է տալու, ինչի ակնհայտ արտահայտությունն են, մասնավորապես, պետական ապարատում եւ իշխող կոալիցիայի ներսում վերջերս ծագած լուրջ տարաձայնությունները։ Խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել»:
Այնուհետեւ կոնգրեսականները երթով անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ «Սերժիկ, հեռացիր» եւ «ամոթ» վանկարկումներով: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել