Այսօր ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում կայացավ գիտական լրագրության խմբի հերթական սեմինարը` այս անգամ նվիրված ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների շուրջ 120 հոգուց բաղկացած խմբի 2011թ. հունիսի 22-26-ին Արեւմտյան Հայաստան կատարած այցելությանը: Բանախոսներն էին այդ ֆակուլտետի շրջանավարտներ, պատմաբան Լուսինե Մարգարյանը և մշակութաբան Անի Աղաջանյանը: Նրանք ներկայացրեցին իրենց այցելության մանրամասները և պատմեցին պատմական Հայաստանի Բայազետ, Կարս, Անի և Վան քաղաքների պատմաճարտարապետական կոթողների մասին: Ճանապարհորդությունը կազմակերպվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ` պատմության, մշակութաբանության և արվեստաբանության բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների համար։ Ճանապարհորդության վերջնանպատակն էր Անիում շրջանավարտներին դիպլոմների հանդիսավոր հանձնումը: