Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Բաց նամակ նախագահին և վարչապետին» խմբի անդամները, որոնց թիվը 1000-ից ավելի է, առաջարկում են կառավարության կողմից սոցիալական փաթեթի համար հատկացված 18 միլիարդ դրամը տրամադրել բազային աշխատավարձերի բարձրացմանը: Քաղաքացիներն իրենց անվստահությունն են հայտնում սոցիալական փաթեթին՝ այն անվանելով «սոցիալական կուտ», եւ գտնում են, որ փաթեթը միջազգային կազմակերպությունների «աչքերը կապելու» համար է, այլ ոչ՝ քաղծառայողների: «Խոսքի իրավունք» միավորումը միանում է գումարները բազային աշխատավարձերի բարձրացմանը տրամադրելու կոչին, քանի որ գտնում է, որ սոցիալական փաթեթը բոլորին չի ընդգրկում, իսկ աշխատավարձերի բարձրացումը յուրաքանչյուր քաղծառայողի համար ապրուստի հարց է: Միավորումը եւս հաճախ է ստանում բազմաթիվ դժգոհություններ տարբեր ոլորտի բյուջետային աշխատողներից`հատկապես ուսուցիչներից: «Նրանք բողոքում են իրենց օրեցօր ցածրացող աշխատավարձերից: Հայաստանի մարզերի որոշ դպրոցներում աշխատավարձերը ցածրանում են: Մանկավարժներին հայտնում են, թե բյուջեով այդքան է նախատեսված: Նրանք էլ այլ ընտրություն չունենալով՝ համաձայնում են կրթել երեխաներին անգամ 30.000 դրամով»,- հայտնում է «Խոսքի իրավունք» միավորումը aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ:
Հայտնենք, որ խմբում ստեղծված քվեարկության արդյունքում այս առաջարկը ստացել է միայն կողմ ձայներ: Ըստ նախագծի հեղինակների`դրա կիրառման պարագայում նվազագույն բազային աշխատավարձը ներկայիս 40.000-ի փոխարեն կդառնա 65.000 դրամ: «Խոսքի իրավունք» միավորումը դիմում է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին՝ այս հարցի առնչությանբ լսումներ կազմակերպելու համար և հանդես գալու օրենսդրական նախագծով: Նախաձեռնության անդամները պաշտոնյաներին «խորհուրդ են տալիս» հարցը բարձրացնելը նախաձեռնության անդամներին աշխատանքից ազատելու, ճնշումներ գործադրելու կամ քաղաքական շահարկումների թեմա չդարձնել: