-Ասա դե համբերեք էլի՛: Գիտեն` 15 հարկ իջնելը հեշտ ա: 45 տարի ա բարձրանում-իջնում եմ, դեռ էսպիսի անհամբեր սերունդ չեմ տեսել: Ինչքան ուժ ունեն, կոճակը սեղմում են ու իրենց թվում է` էդպես ավելի արագ կաշխատեմ: Էլ չեն մտածում, որ փչանում եմ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Առանց այն էլ լավ վիճակում չեմ: Սիրտս լրիվ շարքից դուրս ա եկել: Բժիշկն ինձ արգելել ա շատ ծանրություն բարձրացնել, ես էլ օրենքով սահմանված կարգով բոլորին զգուշացնում եմ` 4 հոգուց ավել չնստե՛լ: Բայց դե ի՞նչ օրենք, որ չխախտեն: Մի քանի օր առաջ կաթված ստացա: Երկու ծանր, երեք միջին ու երկու թեթև քաշային միաժամանակ ներխուժեցին, տեղնուտեղը սիրտս կանգնեց, աչքերիս դեմը մթնեց, բերանս էլ մնաց բաց: Իսկ մեղավորները ինձ էդպես անգիտակից վիճակում թողեցին ու հեռացան` առանց որևէ պատասխանատվություն կրելու: Երկու օր անգիտակից էի: Հետո էլ ասում են` խղճով ազգ ենք… Ես էլ կյանքից հետ եմ մնացել. ժամանակակից վերելակների պես տեսագրող սարք չունեմ, որ գոնե ինքս արդարություն հաստատեմ: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, վաղուց պետք է թոշակի անցնեի, բայց դե փոխարինող չունեմ: Ո՞ր մի ջահելը կգա ու էս կիսավեր հարկերում վեր ու վար կանի, էն էլ ժամանակակից վերելակները` թափանցիկ, տեխնիկապես ավելի զարգացած: Չկարծեք, թե գլուխս գովում եմ, ուղղակի էս շենքի պայմաններին մենակ ես կարող եմ դիմանալ: Է՜, հիմա բոլորը տեխնոլոգիաներից են խոսում: Էդ տեխնոլոգիական հեղաշրջումը ինձ վրա էլ ազդեց: Փոխադրամիջոցից վերածվեցի հաղորդակցության միջոցի. Է՛լ հայտարարություններ, է՛լ գովազդային վահանակներ, էս վերջերս էլ սիրո խոստովանություն էի տանում-բերում: Ամբողջ շենքը իրար էր անցել, համատարած ուրախություն էր: Վերջը էդպես էլ չիմացա, թե իրական հասցեատերը ով էր: Բայց մեր մեջ ասած, էն 7-րդ հարկի Սիրուշ տատին շատ էր ակտիվացել…Ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: Չնայած սիրային պատմություններից ես լավ եմ գլուխ հանում: Ինչե՜ր ասես, որ չեմ տեսել էս տարիների ընթացում: Մի անգամ, էն ջահել ժամանակներս, սիրահար զույգի էի բարձրացնում 12-րդ հարկ: Հենց մտան ներս, զգացի, որ վիճել են: Էս տղեն՝ թող բացատրեմ, թող բացատրեմ, էս աղջիկը` չէ, որ չէ: Ասի` ես էս տղուն պիտի օգնեմ: Լավ տղա էր երևում: Բարձրացա ու 8-րդ հարկում կանգնեցի: Ճիշտ ա, սկզբում մի քիչ վախեցան, բայց հետո սկսեցին իրար մխիթարել, խոսեցին, իրար հասկացան, իսկ վերջում հաշտված դուրս եկան:
-Չորրորդ, չորրորդ, չորրորդ…
-Էսպես ամբողջ օրը վազքի մեջ եմ: Բայց չեմ բողոքում…Ես իմ գործը շատ եմ սիրում: Էս հիվանդությանս պատճառով մեկ-մեկ ուշանում եմ, բայց դրա պատասխանն էլ եմ գտել: Մի անգամ շենքի ուսանողներից մեկին իջեցնում էի ու պատահաբար հեռախոսային խոսակցությունը լսեցի. «Ուշ եմ արթնացել,մի քիչ կուշանամ: Ոչինչ, դասախոսին կասեմ խցանում է»: Հիմա ես էլ եմ ասում` խցանում էր, բայց չգիտեմ` ինչի չեն հավատում…
Հերմինե Աղաջանյան