Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուլղարահայ երեխաները Հայաստանում են

Հոկտեմբեր 29,2011 14:13

«Նռան հատիկը» համախմբել է մանուկներին 

14-ամյա Ինեսա Գեւորգյանը՝ Հ. Պարոնյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված մանրապատումներում:

 «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը Երեւանում է հավաքել  աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հայ պատանիների: Պատանիներից շատերը ծնվել են Հայաստանում, սակայն իրենց մանկությունն անցկացրել են այլ երկրներում՝ Բուլղարիայում, Հունաստանում, Լեհաստանում կամ այլ վայրերում, եւ «Նռան հատիկի» շնորհիվ երեխաները հավաքվել են Հայաստանում՝ իրենց արվեստը ցուցադրելու եւ տեսնելու իրենց հայրենիքը:

Մանկապատանեկան  11-րդ փառատոնն այս տարի նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Հոկտեմբերի 24-ից 29-ը  փոքրիկ արտիստները ցուցադրեցին իրենց, ծանոթացան եւ շփվեցին իրենց հասակակիցների հետ՝ Գյումրիից, Գեղարքունիքից, Արարատից, Երեւանից եւ հանրապետության այլ վայրերից:
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ համայնքի մանկապատանեկան թատերախումբը՝ ղեկավար Մարիա Կարապետյանի  հետ, եկել է Հայաստան եւ  հանդիսատեսին ներկայացրել «Մանրապատումները»՝ ըստ Հակոբ Պարոնյանի գործերի: Թատերախումբը ստեղծվել է 2008-ի հոկտեմբերին եւ արդեն հասցրել է ներկայացնել «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը», «Կարմիր գլխարկը», «Շունն ու կատուն», «Ատամնաբույժն արեւելյան» եւ այլ ներկայացումներ: Թատերախմբում ընդգրկված են 8-14 տարեկան քսանից ավելի երեխաներ: Թատերախմբի ղեկավար Մարիա Մանուկյանը շատ կարեւոր խնդիր է լուծում  երեխաների հետ իր ամենօրյա աշխատանքում՝ օտար ափերում երեխաները պահպանում են մայրենի լեզուն, սովորում են  հայ գրականություն, ճանաչում են հայ գրողներին եւ, ընդհանրապես, փորձում են հարազատ մնալ հայկական արմատներին: Երեխաներից շատերն առաջին անգամ են Հայաստանում եւ  բավականին հուզված էին՝ փորձելով հնարավորինս շատ բան տեսնել եւ հիշել:
Ինեսա  Գեւորգյանը եւ Դավիթ Կարապետյանը նույնպես առաջին անգամ են հայրենիքում, ինչպես եւ նրանց բուլղարահայ մյուս արտիստ-ընկերները, եւ թատերական փառատոնը պարզապես հաճելի էր ոչ միայն արվեստի հետ շփումներով, այլեւ ընձեռած հնարավորությամբ՝ տեսնել իրենց տատիկ-պապիկներին, հորաքույր-մորաքույրներին եւ  այլ հարազատների:
Այսօր տեղի կունենա «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնի փակումը, եւ երեխաները վաղը կմեկնեն հայրենիքից: Նրանցից շատերը հաստատ կցանկանան կրկին վերադառնալ, քանի որ այստեղ նոր ընկերներ են ձեռք բերել եւ արդեն հասցրել են սիրել իրենց  Հայաստանը:

ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31