Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր շախմատի հավաքականները մեկնում են Պորտո Կարաս

Հոկտեմբեր 29,2011 14:09

Նոյեմբերի 3-ին Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը Դիլիջանում նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները երեկ ավարտեցին ուսումնամարզական հավաքը եւ վաղը Երեւան-Ստամբուլ-Սալոնիկ չվերթով մեկնում են մրցավայր:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան), իսկ կանանցից խաղատախտակների առջեւ հանդես կգան միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, կանանց գրոսմայստերներ Մարիա Կուրսովան եւ Նելլի Աղինյանը:
Երեկ Նելլին «Առավոտի» հետ զրույցում նշեց՝ թե աղջիկների եւ թե տղաների հավաքներն անցել են արդյունավետ, եւ երկու հավաքականներն էլ Պորտո Կարասում պայքարելու են հաղթանակի համար: Տեղեկացնենք, որ տղամարդկանց պայքարին մասնակցելու է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 28 ազգային հավաքական: Մեր երկու թիմերն էլ միջին վարկանիշով (տղաներինը՝ 2720, աղջիկներինը՝ 2424) չորրորդն են, ինչն իսկապես մրցանակային տեղերի հավակնելու հնարավորություն է:
Անկախ Հայաստանի թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները տարբեր տարիների լուրջ հաջողությունների են հասել Եվրոպայի առաջնություններում: 1999 թվականին մեր տղաները՝ Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Լեւոն Արոնյանը եւ Արշակ Պետրոսյանը նվաճել են չեմպիոնի կոչումը, 2007-ին դարձել արծաթե մեդալակիր (Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան), իսկ մեդալների հաշվարկը բացել են 1997 թվականին՝ դառնալով արծաթե մեդալակիր (Վլադիմիր Հակոբյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան):
Մեր աղջիկները նույնպես եղել են Եվրոպայի չեմպիոն՝ 2003 թվականին (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան), իսկ չորս տարի անց ճանաչվել երրորդ մրցանակակիր (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան, Լիանա Աղաբեկյան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31