Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաղանդավոր պատանի դաշնակահարը երկու օր անց կդառնար 17 տարեկան

Հոկտեմբեր 29,2011 14:02

2010 թվականի մայիսի 26-ին «Բոլորս օգնենք Կարենին» հրապարակմամբ ներկայացրել ենք շնորհաշատ 16-ամյա դաշնակահար Կարեն Սաֆարյանին: Պատանի տաղանդավոր դաշնակահարը սակավարյունություն ուներ, լիակատար եւ ամբողջական բուժումը շատ թանկ է եւ Գերմանիայում պետք է կազմակերպվեր:

Բայցղ չհասցրին: Այս տարվա մարտի 6-ին, ընդամենը 16 տարեկանում  ավարտվեց Կարեն Սաֆարյանի երկրային կյանքը:
Հոկտեմբերի 31-ին Կարեն Սաֆարյանը կդառնար 17 տարեկան: 1994 թվականին էր, որ Էդուարդ — Անժելա Սաֆարյանների ընտանիքում ծնվեց երրորդ երեխան` Կարենը: Ընտանիքի երրորդ արու զավակն էր, նաեւ սպասված ու ցանկալի, իր ծնունդով Կարենը ջերմացրեց հարազատների հոգիները եւ միշտ մի առանձնակի ջերմությամբ շրջապատվեց նրանց կողմից: Ծնողները նրան տվեցին ամեն-ամեն ինչ: Իսկ բնությունը նրան օժտել էր բազում շնորհներով: Իսկ ճակատագիրը կանխորոշել էր մեծ հաղթանակներ ու… անգթության աստիճանի անժամանակ մահ, որ վրա հասավ…
Երազանքները ոսկեթեւ էին, սպասելիքները` շատ-շատ, հեռանկարները` մեծ: Բայց այն, ինչ կատարվեց, ինչ մատուցեց անողոք ճակատագիրը՝ շատ անսպասելի էր, դաժան, անհեթեթ…
Զարմանալի էր, որ լինելով չափազանց զգայուն — քնքշասիրտ երեխա, մեծ հետաքրքրություն ու սեր ուներ զինվորական կյանքի նկատմամբ: Սիրով հագնում էր զինվորական զգեստ, կապում գոտի, կրում խաղալիք զենքեր եւ երգում մարտական երգեր: Կարենի մոտ փոքրուց էր զգացվում սերը երաժշտության նկատմամբ:  Երբ չորս տարեկան էր, ընտանիքի բարեկամ Գայանեն, որը երաժիշտ է, նրան տանում է Պետական ակադեմիական երգչախմբի համերգի փորձին: Դա Կարենի առաջին հանդիպումն էր երգչախմբի — երաժշտական գործիքների  հետ: Այդ այցը որոշիչ դեր խաղաց երաժշտության հանդեպ մեծ սիրո ձեւավորման մեջ:
Այնքան մեծ էր նրա հետաքրքրասիրությունը: 2001-ին՝ յոթ տարեկանում Կարենը ընդունվեց երաժշտական դպրոցի առաջին  դասարան: Ընդամենը երեք տարի անց՝  2004-ին սկսվեցին Կարենի հաջողությունները. մասնակցեց «Կամերտոն» հանրապետական մրցույթին եւ դարձավ փառատոնի դափնեկիր, մեկ տարի անց մասնակցեց «Իմ Հայաստանը 2020թ.» մրցույթին եւ ստացավ առաջին կարգի մրցանակ, հետո մասնակցություն Չեխիայի Բռնո քաղաքում` «Ամադեուս» միջազգային մրցույթին, հետո Հայաստանում պատանի երաժիշտ կատարողների հանրապետական մրցույթ-փառատոն,  Սանկտ Պետերբուրգում «Աստիճան դեպի վարպետություն» միջազգային 5-րդ մրցույթ՝ «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «Նոր անուններ» ծրագրի անդամ, Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 7-րդ մրցույթ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 75-ամյակին նվիրված համերգ, Մոսկվայում Շոստակովիչի անվան պատանի դաշնակահարների մրցույթ, ավանդական դասական եւ ավանգարդ արվեստի «Կամար-Արտ» փառատոն, «Փոփոխենք աշխարհը դեպի լավը» միջազգային փառատոն, Գ. Սարաջեւի անվան հանրապետական 5-րդ մրցույթ, Թբիլիսիում դաշնակահարների միջազգային մրցույթ, Հայաստան-Լիտվա «Մենք եւ մեր բարեկամները» համատեղ համերգ, Մյունխենում անգլիացի պրոֆեսոր Պ. Ֆեյխտվանգերի վարպետության դասերին մասնակցություն, որից հետո, մեծ տպավորություն գործելով վարպետի վրա, ստանում է նրա անձնական ուսանողի կարգավիճակ… դեռ էլի կարելի է շարունակել:
Այս ընթացքում նա «Նոր անուններ» հիմնադրամի անդամների հետ համերգներով ելույթ է ունենում Սոչիում, Իրանում, Միացյալ Էմիրություններում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մոնակոյում, Հայաստանի մարզերում: Երաժշտությունը այնքան էր սիրում, որ հիվանդության աշխորոշումից հետո էլ բժիշկներին խնդրում էր՝ այս մի համերգն էլ նվագեմ, նոր գամ, լա՞վ… Չհասցրեց…
Չափազանց լեցուն էր փոքիկ Կարենի ստեղծագործական կյանքը, հատկապես վերջին հատվածը` մինչեւ չարաբաստիկ հիվանդության ի հայտ գալը: Կարծես ուզում էր հասցնել ամեն ինչ, անել անհնարինը` զգալով, որ ժամանակը սուղ է, իսկ անելիքները եւ նախագծերը` չափազանց շատ:
Կարենի յուրաքանչյուր օրը լցված էր երաժշտությամբ, նրա կարճատեւ կյանքի յուրաքանչյուր տարին հաջողություններ ու ճանաչում էր բերում: Բոլոր համերգներում, բոլոր մրցույթներում միշտ նրա կողքին էր նրա երաժշտության ամենաջերմ երկրպագուն եւ ամենապահանջկոտ հանդիսատեսը` մայրը, որի աչքի առաջ դաշնակահար որդին բարձրանում էր հաջողության աստիճաններով, եւ ավաղ, որի աչքի առաջ 11 ամիս շարունակ սիրասուն զավակը մաքառում էր մահվան դեմ: Օգնության ձեռք մեկնողները շատ էին, որովհետեւ բոլորն էին ցանկանում նրան առողջ տեսնել: Ցանկանում եւ հավատում էին: Աղոթում եւ սպասում էին: «Ես իմ ընկերոջը իմ հարազատ եղբոր պես եմ սիրում: Ես ամեն օր մտածում եմ, թե երբ պիտի հանդիպենք, որովհետեւ իմ ընկերների մեջ ամենաշատը նրան եմ սիրում եւ վստահում: Ես շատ կուզենամ, որ իմ ընկերը մինչեւ կյանքի վերջ լինի երջանիկ», – Կարենի մասին իր շարադրության մեջ գրում է ընկերը` Արթուրը:
Կարենը երջանիկ էր կյանքում, ափսոս, որ այդ երջանիկ եւ իմաստալից կյանքը շատ կարճ տեւեց: Նրա անժամանակ կորուստը մշտական ցավ ու մորմոք է բոլոր հարազատների համար: Շատ հուշեր ու հիշատակներ է թողել Կարենը իրենից հետո, իսկ նրա թողած երաժշտությունը անմահեցրեց իրեն:
Կարենի արվեստով հետաքրքրվողները նրա կատարումները կարող են գտնել «You Tube»-ում` «Karen Safaryan» կայքում:

Աիդա Հովհաննիսյան` ԼՂՀ, Ճարտար գյուղի դպրոցի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31