ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը: Նշելով, որ մեր պետությունը կարեւորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նախարարն ընդգծել է. «Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ եւ ստանդարտներ ապահովի Հայաստանում»: Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Ք. Ֆիլիպը նշել է, որ Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել Ֆրանսիական համալսարանի եւ Հայաստանի այլ բուհերի՝ մասնավորապես՝ ԵՊՀ-ի եւ Ագրարային համալսարանի հետ: ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է երկու երկրներում դիպլոմների փոխճանաչման գործընթացը եւ ընդգծել միջբուհական համագործակցության խորացման եւ զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելուն, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: