Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էներգացանցշինն» ու ծավեցիները ընդդեմ ծավեցիների

Հոկտեմբեր 29,2011 13:30

ՀԷԿ-ի շինարարությունից գոհ գյուղացիները դրանից դժգոհ գյուղացիների հարցով դիմել են մարզպետին, ով այս հարցում ոչ մի լիազորություն եւ իրավունք չունի:

Հոկտեմբերի 15-ին «Սյունիքի մի գյո՞ւղ էլ կդատարկվի. «Էներգացանցշին» ԲԲԸ-ն ասպատակել է Սյունիքի մարզի Ծավ գյուղը. այս մասին գիտեն պետական ատյաններում, սակայն գյուղում լարված մթնոլորտը դեռ շարունակվում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղի 350 բնակչից 107-ը նամակով դիմել էր հանրապետության նախագահին եւ մտահոգություն հայտնել, որ «Էներգացանցշին» ԲԲԸ-ն երկրորդ փոքր ՀԷԿ-ն է կառուցում, շինարարական աշխատանքների պատճառով գյուղին ու բնակիչներին հասցվել են վնասներ ու առաջացել բազմաթիվ խնդիրներ՝ ոչնչացվել են մեծ քանակությամբ ծառեր ու թփեր, տարածքը դարձել է անօգտագործելի, գետի նշված հատվածում ձկնային պաշարը ամբողջապես ոչնչացել է, փոխվել է էկոլոգիական վիճակը, բնակիչները ջուր չեն ստացել կամ ստացել են անորակ խմելու ջուր, զրկվել են իրենց հողամասերը ոռոգելու հնարավորությունից (https://www.aravot.am/am/articles/society/97971/view):
Խնդրով բնակիչները դիմել էին Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն՝ ՇՊԱԿ: ՇՊԱԿ-ն էլ՝ Սյունիքի մարզպետարան: Մարզպետարանի պատասխան նամակում նշված է եղել, որ Ծավում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Էներգացանցշին» ԲԲԸ-ի Ծավ գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանի շահագործման ընթացքում եղել են ջրօգտագործման ռեժիմի խախտումներ, եւ երբեմն չի ապահովվել Ծավ գետի էկոլոգիական թողքը՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին եւ համայնքի ջրօգտագործողներին, շինարարության հողային աշխատանքների ընթացքում ամբողջությամբ չի վերականգնվել բնական լանդշաֆտի նախնական տեսքը, վնասվել է համայնքային սեփականության խմելու ջրատարը…»:
Հրապարակմանը արձագանքել է «Էներգացանցշին» ընկերության գլխավոր տնօրեն Վ. Պետրոսյանը: «Ծավ գետի վրա կառուցված «Ծավ» փոքր ՀԷԿ-ի գետահատվածի ջրաէներգետիկական ցուցանիշները հաշվարկվել են «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության կողմից պայմանագրային հիմունքներով ՓՀԷԿ-ի նախագծի կազմում եւ այն անցել է կրկնակի փորձաքննություն արտագերատեսչական անկախ կազմակերպության կողմից… «Ծավ» ՓՀԷԿ-ի համար, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրթույլտվության վկայականի, տրամադրված է տարեկան 13,46 մլն խմ ջուր, փաստացի օգտագործվել է 11,7 մլն խմ, մնացածը հոսում է հարեւան Ադրբեջանի Հանրապետություն… Ծավ գետի վրա հնարավոր է կառուցել մի քանի փոքր ՀԷԿ-եր՝ առանց խախտելու ոռոգման եւ էկոլոգիական թողքերը, ստեղծելով 50-60 մշտական եւ նույնքան էլ ժամանակավոր աշխատատեղ… «Ծավ» ՓՀԷԿ-ի աշխատանքի ընթացքում ջրառի օգտագործման սահմաններում թե բուսական, թե կենդանական աշխարհը ոչ մի էական բացասական ազդեցություն չի կրել, ինչպես նշվում է փորձաքննության եզրակացությունում»,- վստահեցնում է պարոն Պետրոսյանը:
Այս նամակին Վ. Պետրոսյանը կցել է 87 բնակչի եւ ՀԷԿ-ի աշխատողի նամակը, որով նրանք նախ արձանագրում են, որ սխալներ ու ծառահատումներ եղել են, հետո պնդում են, որ այս տարի չեն եղել եւ ապա Սյունիքի մարզպետին խնդրում են պարզաբանել, թե ինչու են «իրականությանը չհամապատասխանող լուրեր տպվում», նաեւ խնդրում են միջամտել՝ «մեկընդմիշտ վերջ տալու այս խնդրին»:
Արձագանքում զարմանալի իրողություններ կան: Օրինակ, եթե Վ. Պետրոսյանը վստահ է, որ մարզպետարանի փորձաքննության արդյունքները սխալ են, ինչո՞ւ են նրա աշխատողները հարցը լուծելու համար դիմում հենց մարզպետարան: Կամ եթե սուտ տեղեկություն է տարածվել, ինչո՞ւ ծավեցիները չեն դիմում իրավապահներին: Մարզպետը այստեղ ոչ մի իրավունք չունի:
Եվ վերջապես՝ եթե Վ. Պետրոսյանը ասում է, որ բնության եւ կենդանական աշխարհի վրա էական բացասական ազդեցություն չի եղել, դա առաջին հերթին (ընդգծումներն իմն են-Ա.Զ.) նշանակում է, որ բացասական ազդեցություն այնուհանդերձ եղել է: Այն, ինչ ասում են Ծավի 107 բնակիչները՝ ՀՀ նախագահին գրած նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31