Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աստծո շաղ տված թաշկինակները

Հոկտեմբեր 29,2011 13:22

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
 /Հատվածներ վեպից/

Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:                                                                                                                    Լոգաու
Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեւ‚ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:
Ջոն Դոն
 

 

 


 

 

 

Բայց Գենիկն իր ծուռ նայվածքով ու շեղ-գետնին անընդհատ հառած հայացքով-քայլքով գալիս ու  տղաների խոսքերն իր լուռ պահվածքով կտրում-ընդհատում է, ու Լյովայի խոսքերից անտրամադիր ու գլուխը կախ ու կողքերի վրա շուռ ու մուռ տալով-քրթմնջալով-մրթմրթալով գալիս ու ինքնաձիգը մի ձեռքով պահած-«օդինոչկա» կրակոցներով-կրակում ու պայթեցնում է ականները: Կրակում ու պայթեցնում է ականները, ու անխոս-անտես նորից շարքին խառնվում ու շարքին է մերվում աննկատ` մինչեւ հաջորդ, Լյովայի ասելով` «իր աստեղային ժամերին» նորից փայլելու համար: Ու Գենիկն ուշ էր անդրադառնում դիմացինի ասածին ու, կարծես, ուղեղը «պղտորվում էր» ու դժվար էր ընդունում եւ դժվարությամբ էր ընդունում-ընկալում դիմացինի ասածը, եւ մինչեւ ընկալում ու դիմացինի ասածը մարսում էր ու մինչեւ ուղեղը զուլալվում էր` «ահագին ժամանակ էր անցնում», «ահագին»՝ «ծանր»-«ներվայնացնող» ժամանակ էր անցնում, ու տղերքը նեղսրտվում էին «էդ պահերին» ու տղերքից` Լյովան, հենց Լյովան է ամենաանհամբերն  էդ պահերին, ու նա էլ ասում է` արա՛, ա՛յ անխոս հայվան, մի աչքերդ բարձրացրու, մի ինձ նայիր ուղիղ, չէ՛, չէ՛, գլուխդ կողքի շուռ ու մուռ մի տուր` ուղիղ, ուղիղ ինձ նայիր, աչքերիս մեջ նայիր, ա՛յ անխոս հայվան, մինչեւ քեզանից պատասխան ենք ստանում, մինչեՃ‚ քեզանից մի բան ենք լսում՝  մոլլան երկու-երեք անգամ մզկիթի ոլոր-մոլոր աստիճաններով, «տերողորմյա»-թզբեհը գցելով ու Հայր-մերը արտասանելով զուգարան գնում ու անելիքն անում ու քամակը ձեռքերով մի լա՜վ-հիմնավոր լվանալուց-չորացնելուց հետո, սինիի մեջ դրած յուղոտ փլավ է ուտում էդ նույն ձեռքերով. էդ խի՞ չես մեր ասածին շուտ արձագանքում-շուտ խոսում-պատասխանում, իբր ի՞նչ մի դժվար բան կա` լսեցի՞ր՝ պատասխանեցի՛ր, լսեցի՞ր` պատասխանեցի՛ր, սիրտս ճաքում է, մինչեւ մեր ասածին, մեր հարցրածին պատասխանում ես, փոքր ժամանակ վատ ե՞ս քնել, գլուխդ վատ բարձի ե՞ս դրել, գլխիդ տվե՞լ են փոքր ժամանակ, ա՜յ ուռած-ինքնահավան գլուխ, բա դու հատուկ ծնվել ես, մեզ հատուկ ինֆարկտի հասցնելու համա՞ր:
Եվ օրերից մի օր Գենիկը նույն սովորությամբ ու նույն բառ ու բանով, ականի վրա հակված քրթմնջում էր խորհրդավոր ու գործողություններին վտանգավոր լարվածություն հաղորդելով ու  օրերից մի օր՝ խոսքի-քրթմնջոցի մեջ նաեւ  ինքն-իրեն, սակայն տղաներին  բարձրաձայն-լսելի ասաց` Սկյանդաա՜ր… ու տղաներից մեկը, լարվածությունը մեղմելու ու տղաների տրամադրությունը տեղը պահելու համար, անկապ-ինքնաբերաբար ու բարձրաձայն ասաց` էդ, հլը դեռ հարց է ու հլը, դեռ չի իմացվի` Իսկանդա՞րն է դրել ականները, թե՞` Չուխկուլուն: Ու բարձրաձայն եւ անհամ էր ասված, ու բարձր էր ասված, եւ տղաները տեսան, տղաները տեսան, թե Գենիկը խայթվածի նման ինչպես ցնցվեց ականի վրա, ու թե ականի վրա դրված ու դեպի ականը տարվող ձեռքերն ինչպես դողացին, ու դեպի ականը տարվող ու ականի վրա դրված ձեռքերի հետ միասին, տղաները տեսան, տղաները տեսան, թե նրա մարմինն ինչպես կծկվեց անկանխատեսելի վերահաս վտանգ-վախից ու թե, ինչպես մի ակնթարթում նա սփրթնեց: Ու տղաները տեսան, եւ տղաները հասկացան, որ «Գենիկի ականջին մի բան ընկել է», «նա մի բան գիտի իր մոր պատմությունից ու իր պատմությունից», եւ տղաներն ամաչեցին ու փոշմանեցին իրենք-իրենց արված-Գենիկի նկատմամբ տարված կծոց-խոսակցություններից, իրենք-իրենց արած-Գենիկի նկատմամբ տարած խայթոց-կծոց-խոսակցություններից ամոթ զգացին էդ պահի համար, բայց նաեւ էդ պահի համար ու նաեւ` ընդհանրապես, տղաները հասկացան, նրանք հասկացան, որ` օջախ ու մահիճ ասվածը, դա հենց այնպես չի ասված ու հայ-քրիստոնյայի համար` մասնավորապես, եւ կյանքում քրիստոնեաբար-ավանդապաշտ ապրելն է ճիշտ ու հարիր հայի համար: Ու նրանք տեսան ու հասկացան էդ պահի համար ու ընդհանրապես, ընդհանրապես գիտակցեցին ու հասկացան, որ վատ մայրերի ժամանակին արված ու արվող սխալը, բումերանգի նման, ու գեշ խարանի նման, իրենց զավակների ճակատին է զարնելու: Իրենց զավակների ճակատին է զարկվելու: Ու տղաները տեսան ու հասկացան, նրանք ընդհանրապես հասկացան, որ ամեն-մի աղջիկ, ամեն-մի աղջիկ, պիտի նամուսով ու աբուռով առագաստի գիշեր ու անկողին մտնի, եւ ամեն-մի կին, ամեն-մի կին, պիտի նամուսով-աբուռով` Աստծո տված եւ եկեղեցով կնքված ու Աստծով օրհնված ամուսնուն ծառայի: Ամեն-մի կին պիտի նամուսով ծառայի իր ամուսնուն, ու` նամուսով, մաքուր, անբիծ ու անկեղծ պահի ամուսնական մահիճը: Անբիծ պահի ամուսնական մահիճը, այլապես, այլապես իրենց Գենիկ-տղաների ձեռքերն ու մարմինը` ցնցվելու ու կծկվելու է տակը միշտ դրված ականի վախից: Տակը միշտ դրված ականի վերահաս պայթյունի վտանգից ու վախից ցնցվելու է նրանց զավակների ձեռքերը: Ու Գենիկի համար ասում էին, որ նրա էդ տափուկի պահվածքն ու սովորությունը «դրանից է» ու, որ նրա հետ կարելի է ընկերություն անել, բայց` «երբեք փետը ձեռքից չգցել», ու շշնջոցով-թաքուն ասում էին, որ՝ «թուրքի տղա է», ու նաեւ իրենց ծնողներից թաքուն լսածն իրար թաքուն փոխանցում էին ու ասում էին, թե` գյուղի վերեւը, սարերի խորքում ու սարերի վրա, մի երկու օրով վրան խփած, քոչը ոտքով դեպի Ջերմուկի սարերը քշող թուրքի չոբաններից` Չուխկուլուն, էն, որ` նիհար-ջլուտ-պսպղուն-վտանգավոր աչքերով մեկը կա` ձին հեծած, ձիու պայտերից կայծեր թռցնելով գիշեր-ցերեկ քոչի տակին-գլխին հսկում ու նայում էր, հսկում ու նայում է քոչին, ուրեմն, էդ Չուխկուլուն է` «Գենիկը դեռ չծնված, Գենիկի մոր վրա բարձրացել Ղուրուղեն Ծորումը», ու ասում էին կարճ ու պատկերավոր` Չուխկուլուն Գյոզալին յեր ա իլալ Ղուրուղեն Ծորումը… Եվ գյուղավարի-կոպիտ ու մշակի կոշտությամբ չեն ասում՝ Չուխկուլուն Գյոզալին ք… է Ղուրուղեն Ծորումը… Այլ, որ՝  Չուխկուլուն Գյոզալին յեր ա իլալ Ղուրուղեն Ծորումը… Ու գյուղի տղամարդկանցից եւ «հին մարդկանցից»՝ Ղեվո-Ղեվոնդը, որ կարդացած է երեւում ու «մինչեւ հիմա էլ կարդում է՝ գիրք կլինի, թե՝ թերթ», ու շատ տեղերում է եղել ու շատ երկրների վրայով է «շքռել-անցել», խոսակցության էդ պահերին՝ խոսակցությունն իր վրա վերցնելով, «այլաբանորեն», «ուրիշի օրինակի վրա»՝ «բացատրում է եղածն», ու «նախապես» ձեռքը գլխին-քյաքյուլին տանելով «նախապես» մի լավ պարծենում է գլխին «չմբյուլ կապած քյաքյուլով»՝ «էս չմբյուլ-քյաքյուլով գիտե՞ք քանի կնոջ սիրտ եմ շահել ու քանի՜-քանի՜ կին եմ ինձնով արել Արխանգելսկում ու ռուսաստաններում ու ԲԱՄ-ում ու Ղազախստանի խոպաններում», ու հետո ձեռքը քյաքյուլից ետ տանելով ու ատամների արանքից ճտտոցով-մի լավ թքելով ու ծանր հառաչանքի հետ «քաղցր-կորսված օրերն» ու «լավ հիշողություններն» ի մի բերելով  ու իրար կապելով, կյանքը լավ գիտցածի նման «մտքերն այլաբանորեն» իրար խառնելով ու կցմցելով պատմում է ու, թե՝ էդ… ֆեմինիստները՜, գենդերները՜… սաղ սուտ բաներ են… Սաղ սուտ մարդիկ են… Ու թե՝ մեր կոլխոզում՝ ժամանակին, սովետի ժամանակ, մի սպիտակ, մե՜ծ-ծա՛նր, ահարկու ու առնական, մեջքի սռնիով՝ երկար, սեւ-սիրուն խալերով մի աժդահա ցուլ կար, կովին դեռ չմոտեցած, կովը խեղճացած ու՝ ցուլին խոնարհ, մեղկ աչքերով գութ խնդրելով չոքում էր բավարարված-մեղկացած, ու կովի աչքերի մեջ՝ երախտապարտ-նվիրվածությո՜ւն, չոլերն ընկած, սրա-նրա հետ թրեւ եկող բոզ-ղախպայի՝ իր սրտի միակ ու անդավաճան սիրեցյալին՝ նվիրված-երախտապարտ-երախտագիտությո՜ւն… Ու էս սիրուն-աժդահա-առնական-մեջքի երկայնքով սեւ պուտերով ցուլի մեջքը մի օր էլ որտեղից-որտեղ մեր գյուղ ընկած քած գոմեշը… կոտրեց: Ու էդ հեռո՜ւ-հեռուներից մեր գյուղ ընկած կատաղած էգ-գոմեշը մի օր էլ կոտրեց մեր կատաղած ցուլի կատաղած մեջքը: Ու Ղեվո-Ղեվոնդը դադար է տալիս էդ պահերին, ու մի երկու անգամ ճտտոցով թքում է ատամների արանքից ու՝ «վերապրում է ցուլի քաշած ցավերը» ու թե՝ այլաբանորեն եմ ասում՝ հասկանում եք: Եվ թե՝ էդ՝ գենդերները՜, ֆեմինիստները՜… Սաղ սուտ ու հնարովի բաներ են, հնարովի մարդիկ են, ինչպես հիմա են շատացել շատ հնարովի բաներ: Էդ, դրանք, «էդ ձեւի բաները», սաղ լավ ցուլերի պակասությունից են շատանում օր-օրի ու… բողոք կա օդում. ճլորած-ճուճուլների անկատար ագրեսիվությամբ թողած արդյունքն է: Ու բողոքը դրանից է լարված օդում կախված: Ու շեղվելու, թեմայից շեղվելու համար մեկն ու մեկը կքանստած ու ատամների արանքից թքոտող Ղեվո-Ղեվոնդի կողքը բզում-բողոքում է, ու Ղեվո-Ղեվոնդը ծերացած ձեռքը ծերացած քյաքյուլի վրայով տանելով ու տարիքը մոռացած բիձու պնդաճակատ-աներեսությամբ շարունակում է կատաղած գոմեշի ու կոլխոզի «մեր ցուլի» կատաղած պայքարի մասին ու, թե… Մի արեւ օր էր, ու գյուղի տղամարդկանցով կանցելարի առաջ նստած էինք ու մեկ էլ՝ էէէ՜, հեռու-հեռվից՝ Յըդդըղըրմանից՝ մեզ ու մեր գյուղի եւ Աղդամի միջեւ պատնեշ բռնած-կանգնած, իրարից ու միմյանցից հեռավորության վրա «սպասող», բայց իրար ջերմորեն ու ջերմությամբ ագուցված-վեհ շարված Յոթ Ախպոր սարերի գլխից մի ծա՜նր, շա՜տ ծանր մռլնգոց հասավ ականջներիս, շա՜տ ծանր ու պահանջկո՛տ, էնպե՛ս պահանջկոտ, որ կանցելարի ամբողջ ժողովուրդը, մեկ մարդու ու պարտքը կես ժամով ուշացրած ազնիվ պարտապանի պես, շնչակտուր դուրս թափվեց մեզ մոտ, ու ամեն-մեկս՝ ձեռք-ձեռքի բռնած, վախից ոտքներս չռած, մեզ ուղիղ-հողի վրա պինդ բռնած-կանգնած, հայացքով ու վախից չռված աչքերով ման ենք գալիս դեպի Յոթ Ախպոր սարերն ու բլուրներն՝ էս ի՞նչ է: Ու մեկ էլ տեսանք՝ մի մե՜ծ-սեւ գոմեշ. վիզը երկարեցրած ու գլուխն ու գլխին տնկված ահարկու ու դիք-դիք պոզերը Մեծ Ախպոր սարի գլխին դիք բռնած, ահարկու մռլնգում, առջեւի ոտքերով գետինը փորում ու գետնին խփում, այնպես, որ մեր 60  սմ-ոց քարե պատերով գյուղի տները վեր-վեր էին թռչում տաք-տաք վառարանին փռած սիսեռի նման, ու մենք էլ բոլորս սարսռած ու ոտքներս շքռած-մեզ հողի վրա պինդ բռնած-կանգնած ու զարմացած ու հիացած նայում էինք սարի գլխին պինդ կանգնած-պահանջկոտ էդ գոմեշին… Ու մեկ էլ գյուղի մյուս կողմից՝ Սեւ Քըրըտակեն տակի մեր կոլխոզի ֆերմաներից՝ էդ մռլնգոցի նման մի ուրիշ մռլնգոց լսեցինք, ու կանցելարի դեմը կանգնած բոլորս զգացինք ու բոլորս հասկացանք ու իմացանք, որ դա հենց ֆերմայի մեջ գտնվող կոլխոզի մեր Աղաքյարիմ-սպիտակ-աժդահա ցուլն է ձայնակցում նույն ահարկու մռլնգոցով սարի գլխին գեղեցիկ-պահանջկոտ կանգնած կատաղած էգ գոմեշի պահանջկոտ մռլնգոցին: Ու էստեղ մեր կոլխոզի նախրապաններ Հրանտիկն ու Կուքին նույն մռլնգոցով ձեն-ձենի տվեցին, ձեռքներն ազդրերին խփեցին ու դուրս պրծան, դուրս պրծան՝ դեպի Սեւ Քըրըտակի ֆերմաները, ու ձեռքներն ազդրերին ու գլխներին խփելով, գլխներին եկածի նման, նույն մռլնգոցով իրար ձայնակցում էին, ձայնակցում էին ու կրկնվող հեքիաթի նման պատմում էին իրար, պատմում էին ու, թե՝ նախագահ Ավանեսյանը սպանելու է մեզ, մեզ նա սպանելու է, ու էս մի կորուստը վերջնական է լինելու նրա՝ կորուստներից համբերությունը հատած լինելու համար եւ նա մեզ  սպանելու է, ու ցուլին, Աղաքյարիմ-ցուլին ֆերմայի քարե-չորս պատերի մեջ չենք թողել, դուրսը՝ ճըպըտչափարով փակված տարածքի մեջ ենք բաց թողել ու հիմա նա ճըպըտչափարը կոխկրտած-տակնուվրա արած, գոմեշի մռլնգոցին՝ մռլնգոցով պատասխանելով, պոչն ու կատաղած աչքերով գեղեցիկ-սիրուն գլուխը բարձր բռնած ու… տընգըցըրա՛ծ՝ հաղթահարում է տարածությունը, հաղթահարում է, ու դեպի գոմեշն ու դեպի Յոթ Եղբոր սարերն է վազում երկգլխանի-մտածմունքի մեջ, ու մինչեւ մենք հասնենք-նրան փորձենք արգելել-հետ կանգնեցնել, ինքն էդ ինքնաբուխ-կատաղած թափի տակ արդեն Փոքր Եղբոր սարի գլխին է կանգնած լինելու, ու Լինելիքն էդտեղ է լինելու՝ Փոքր Եղբոր սարի գլխին: Փոքր Եղբոր սարի գլխին է Լինելիքը լինելու ու մենք արդեն մեր գլխին եկածի նման գիտենք, ու մենք գիտենք  արդեն, ու էս, վա՜յ թե, էն գլխակեր գոմեշն է, որ տաս-տասներկու տարի առաջ, չգիտենք էլ, որ ջհանդամից եկավ ու նույն պահանջկոտ մռլնգոցով մեզանից մեր Նաղաշ-էլի նույն տիպի-աժդահա ցուլին պահանջեց ու Փոքր Եղբոր սարի գլխին՝ որոգայթ պարունակող սիրով՝ կերավ նրա գլուխը: Ու բնությամբ տրված որձերն էդ են, ու երկգլխանի իրենց մտածելակերպով, զգոնությունը թուլացնում ու որոգայթ պարունակող սիրո տրվում եւ ուտել են տալիս իրենց քյաքյուլ-չյումբուլով-սիրուն գլուխներն, ուտել են տալիս, ու էս տաս-տասներկու տարի է, մեր նախագահ-Ավանեսյանը, մեզ չտեսնել տալիս ու ատամների արանքից ու կողքանց է բարեւում, կողքանց, ու մեզ անտեսում է ու մեզ հասանելիք պրեմիաներից՝ տեղի-անտեղի կտրում է՝ չի մոռանում էդ դեպքն, ու ամեն անգամ, հենց մենք պարծենում ենք մեր Աղաքյարիմ- ցուլով, նա փշոտվում ու գուդուկծիկ է դառնում, ու հին-հիշողությանն է անցնում, եւ հին-հիշողությամբ մուռ պահում ու զգաստանում է, ու արդեն՝ քանի՜ տարի է, հաա՜, չնայած մենք ձյան-անձրեւի տակ սառում-տաքանում ենք, տաքանում-սառում ենք, բայց նրա կողմից՝ պրեմիա-պարգեւատրումների երես չենք տեսնում, ու ամեն անգամ թուք ու մուր է կապում գլխներիս ու երեսով է տալիս հին դարմանը ու թե՝ նամուս չունեցաք ու չկարողացաք մեր Նաղաշ-ցուլին միակամ պատնեշ լինել ու պահել-պահպանել էդ թուրքի քած-էգ-գոմեշից՝ չկարողացա՛ք: Ու հիմա նույնը կրկնվում է, էդ նույն պատմությունը՝ սպիրալի նման, տաս-տասներկու տարի հետո, նույնությամբ կրկնվում է ու կանցերտը էնտեղ է լինելու՝ Փոքր Եղբոր սարի գլխին, եւ թուրքի կատաղած քած-գոմեշը, մեր հայ-Աղաքյարիմին հենց էդ սարի գլխին է ուժասպառ անելու-սպանելու, եւ մեր նախագահ Ավանեսյանն էլ՝ է՛լ մեզ հետ չի խոսելու, եւ մենք արդեն տեսնում ենք, ու նա մեզ հետ էսօրվանից ու սրանից հետո՝ թուք ու մուրի մեջ կապած է պահելու: Թուքումուրի մեջ: Ու կողքից բզողներն արդեն անհամբեր էին ու ատամների արանքից ճտտացնող ու ծերացած ձեռքն անընդհատ ծերացած քյաքյուլին տանող Ղեվո-Ղեվոնդին հուշում էին ու նախատում էին՝ «նախրապաններով» թեմայից շեղվելու համար, ու Ղեվո-Ղեվոնդը ծանր շունչ առավ ու ծանր շունչ քաշեց եւ ասաց՝ էդ ֆեմինիստներն ու գենդերները՜… Բայց ինքն-իրեն զսպեց՝ թեմայից շեղվելու համար եւ ինքն-իրեն ուղղելով առաջ տարավ խոսակցությունն ու ասաց՝ եւ մի քանի րոպեից, կանցելարի դեմը կանգնած, ի՞նչ տեսնենք. ու մեր Աղաքյարիմ-սպիտակ-առնական-սիրուն ցուլը Փոքր Եղբոր սարի գլխին՝ դիք, արձանացած, հպարտ, անշարժ, գլուխը բարձր բռնած-կանգնած է, անշարժ ու հանդարտ-արձանացած, ասես, էդ ամբողջ տարածությունն ինքը չէր հաղթահարել եւ, ասես, շունչ էլ չէր քաշում ու՝ արձանացած-քարացած ու՝ տընգըցըրա՛ծ, ասես, Քոչարի քանդակը լինի Փոքր Եղբոր սարի գլխին դրված… Ու էստեղ նախագահ-Ավանեսյանը բանից բեխաբար գլուխը կանցելարի իր առանձնասենյակի պատուհանից դուրս  հանեց,  եւ վատ խոսքերի ազդեցության տակ վիրավորված ու վիրավորվածի մտքերով տարված ու  խռովածի նման դեպի սարի գլխին պինդ կանգնած ցուլին էր նայում, ու էդ օրը ռայկոմի քարտուղարը գյուղ էր եկել վիլիսով ու վիլիսից իջավ ու շան լափ թափեց Ավանեսյանի գլխին բոլորիս դեմն ու առաջ ու ասաց՝ Ավանեսյա՛ն, էդ տրակտորիստները Հարամիում ու Մարտունու հանդերում սոված մեռնում են՝ գնացել-տեսել եմ, հաց չես ուղարկել հետեւներից, հո մենակ լոբիշորվայով չի՞՝ լոբին ուտո՜ւմ՝ տրակտորների մեջ ուռած նստոտում են՝ մի կարգին վար էլ չեն անում, փորդ եկել-քթիդ խուտուտ է տալիս, բա դու չես ամաչո՞ւմ, պատառ-հացը ո՞նց է կուլ գնում կոկորդովդ, էն մարդիկ էնտեղ սոված մեռնում են, դու ո՞նց չես ամաչում, բա դու… Էստեղ դասը միշտ լավ սովորած ու տնեցիների եվ ուսուցիչների կողմից լավ երես առած խաբարբզիկ-աշակերտի նման Աչքով Տվող Աներես Զարվադը ձեռքը բարձրացրած առաջ եկավ ու ասաց՝ ընկեր ռայկոմի քարտուղար՝ խոսքը տեղին է գալիս՝ մի հարց բարձրացնե՞մ ու մի հատ անեկդոտ պատմե՞մ, ու ասաց՝ ընկեր ռայկոմի քարտուղար, այգուս չափարը պարան ա եկալ, էս մի ամիս է՝ բողոքում եմ, նախագահ Ավանեսյանը մի ամիս է՝ արհամարհում է բողոքներս, ու շարունակեց ու ասաց՝ անեկդոտը պատմե՞մ, ու պատասխանի չսպասելով,  ասաց՝ գյուղի նախագահը լա՜վ կերած-խմած-կարմրած-ոռից ընգած վիլիսով գնում է հանդերը՝ խոտ քաղող-հարողների մոտ: Ու էս խոտ հարողները՝ չորացա՜ծ, սովա՜ծ, ծարա՜վ՝ վառ-ճաճանչ արեվի տակ գլուխները տաքացրած ու քափ-քրտինքի մեջ կորած՝ դարյազ-գերանդիներով՝ խփու՜մ են, հա՛-խփո՜ւմ, խփու՜մ են, հա՛-խփո՜ւմ՝ խոտ են քաղում-հարում շունչները փչելով սոված-ծարավ, ու լավ քեֆ արած-կերած-խմած-ոռից ընգած նախագահը վիլիսի նեղ դռնից զոռով իրեն ու մեծ փորը դուրս բերելով՝ զոռով-խմած-թավագլոր խոտ քաղող-հարողներին է հասնում ու թե՝ եթե էդ գերանդի-դարյազների բերանների հակառակ կողմն էլ սրած-տաշած լինի՝ լավ ու ճիշտ կլինի՝ համ տանելուց-խփելուց խոտը կքաղեք-կհարեք, համ՝ հետ քաշելուց: Էստեղ վիզը ծուռ խոտ քաղող-հարողներից մեկը չի համբերում, երեսի քրտինքը ձեռի ափով հավաքում-սրբում, ծուռ վիզն ուղղում ու ասում է՝ ընկեր նախագահ, որ մի-մի հատ էլ ցախավել մտցնես ոռներս՝ ավելի «լավ ու ճիշտ կլինի»՝ համ խոտը կհնձենք-կհարենք, համ էլ հնձելուն զուգահեռ, մեր հնձած խոտը ձեռի հետ ցախավելներով կհավաքենք: Ու էս Աչքով Տվող Զարվարդն անեկդոտը պատմեց ու նույն ձեվի ձեռքը ծալած-բարձրացրած մի ոտ հետ կանգնեց ու մեր շարքին խառնվեց եվ արդեն թոռների տեր էր, ու մենք փորներս բռնած խնդում-տրաքվում էինք, ու էս ռայկոմի քարտուղարն ասաց՝ պա՜հ, երանի քեզ տանողին, որ Ավանեսյանը չլինի՝ դուք մեռած եք… Էստեղ անհամբերները նորից բրդեցին թեմայից անընդհատ շեղվող Ղեվո-Ղեվոնդի կողն ու Ղեվո-Ղեվոնդն՝ «անշոշափելի-աննկատ անցում կատարեց» ու ասաց՝ Ավանեսյանը պատուհանից կախվեց ու դեռ Յոթ Եղբոր՝ Մեծ Եղբոր սարի գլխին կանգնած գոմեշին չէր նկատել ու նրա կատաղած մռլնգոցը չէր լսել ու պատուհանից կախված, Փոքր Եղբոր սարի գլխին քարացած-կանգնած մեր կոլխոզի Աղաքյարիմ-ցուլին էր նայում ու նրա արձանացած կերպարից հպարտանքով ասաց, ու արդեն ռայկոմի քարտուղարը վիլիսով գնացել էր, ու նրա գնալուց հետո արդեն ինքն էր գյուղի տեր-տնօրենը, եւ ռայկոմի քարտուղարի խոսքերից ազդված դեռ մուռ ուներ մեջը պահած ու մեզանից բարձրության վրա գտնվող պատուհանից կախված ասաց՝ պա՜հ, ոնց որ մեր ռայկոմի քարտուղարը լինի առանց վիլիսի սարի գլխին կանգնած, ասես, իրենից բացի, ուրիշը չկա շրջապատում, նե՜նց էլ բարձրության վրա կանգնել է կողքերը չտեսնող հպարտ-անտարբեր-քարի նման: Ու էս խոսքերի վրա Մեծ Եղբոր սարի գլխին կանգնած գոմեշը՝ մռլնգաց, օդը հոտոտեց, ոտքերով գետինը փորեց ու… պոկ եկավ, դեպի Փոքր Եղբոր սարն ու նրա բարձրության վրա կանգնած մեր հպարտ, շրջապատում ոչինչ չտեսնող Աղաքյարիմ-ցուլը: Եվ էստեղ նախագահ-Ավանեսյանը՝ սթափվեց, գունատվեց, այլայլվեց, ու այլայլված գոռաց ու ասաց՝ Կուքիի՜, Հրանտիի՜կ… մի թողե՛ք: Մի՛ թողեք՝ ասում եմ: Ու նախ, ուզեց պատուհանից-միանգամից իջնի ներքեւը՝ մեզ մոտ, ներքեւում կանգնածներիս մոտ. դրանք էդ են, դրանք էդպես են՝ վերահաս վտանգի դեպքում՝ փորձում են «իջնել» մեզ մոտ՝  ներքեւում կանգնածներիս մոտ, բայց երեք մետր բարձրությունից ո՞նց կիջնես մեզ մոտ առանց սանդղավանդակի ու առանց վախի ու էդ էլ՝ էդ փորով… Ու Ղեվո-Ղեվոնդն ասաց՝ բայց էդ ի՜նչ գեղեցիկ տեսարան էր, ի՜նչ տեսարան էր, ու մենք կանցելարի դեմը կանգնած, տեսնում էինք, տեսնում էինք, թե էդ գոմեշը՝ ո՞նց է հերթականությամբ հաղթահարում Յոթ Եղբոր էդ բոլոր Յոթ Սարերը, մինչեվ հասավ վերջին սարին՝ Փոքր Եղբոր սարին ու նրա վեհ-բարձրության վրա՝ դիք, անտարբեր կանգնած մեր հպարտ-Աղաքյարիմ-ցուլին: Ու էդ գոմեշը՝ հերթական սարի գլխին կանգնելով, մռլնգում է, կատաղած դոփում է, օդը հոտոտում է, մի քիչ անշարժանում է, ոտքը խփում է գետնին ու… պոկ գալիս՝ մինչեւ հաջորդ սարի գագաթն, ու էդպես՝ շարունակ: Ու մենք նախագահի գլխավորությամբ, որ գնացինք՝ մեր Աղաքյարիմ-ցուլը նույն ձեւի ու նույն տեսքով սարի գլխին կանգնած էր՝ սպիտա՜կ, հզո՜ր, անշա՜րժ, Հրանտիկն ու Կուքին էլ մարդա մի ճիպոտ ձեռքներին, ցուլից որոշակի հեռավորության վրա կանգնած, մշակի երախտագիտությամբ բերանները բացած, հիանում էին իրենց սեփական ձեռքերով խնամած-պահած-մեծացրած կոլխոզի մեր ցուլի աննկարագրելի գեղեցկությամբ: Ու ճիպոտները ձեռքներին՝ բերանբաց-հիացած-քարացած-կողքի կանգնած էին՝ Ավանեսյանին էլ չնկատեցին: Ու էս թուրքի քած-գոմեշն եկավ դանդաղ ու հիացած նայո՜ւմ էր, նայո՜ւմ էր հիացած, ու հիացած մոտենում էր, ասես, մեր Արա Գեղեցիկին Շամիրամն էր զգուշավոր մոտիկ-մոտիկ անում ու մոտենում սիրուց տոչորված, ու գլուխը տարավ-բարձացրեց եւ լիզեց մեր Աղաքյարիմ-սպիտակ ցուլի սպիտակ-սիրուն-բաց ճակատը: Ու էս ցուլն, ասես, փուլ եկավ ու քար չէր արդեն եւ մարմնով դողում էր, ու մենք էլ փուլ եկանք, եւ Հրանտիկը ճիպոտը ձեռքին մարմնով դողում էր ու մարմնով դողալով ճիպոտը ձեռքին շուռ եկավ ու շրջվեց ու Ավանեսյանին տեսավ մեր մեջ ու մեր դեմը կանգնած իր փորով ու, իբր, էդ գործի վրա էր էս ամբողջ ժամանակ ու հիմա էլ հերթական քայլն է անում ու առաջ մղվեց եւ առաջ գցվեց եւ իր ձեռքին բռնած ճիպոտով ուզում էր խանգարել եւ չթողնել, որ իրար խառնվեն, ու Ավանեսյանը տեսարանից հիացած, սաստեց ու արգելեց ու ասաց՝ Հրանտիի՜կ… Ու կանցերտ էր… Ու համերգ էր… Ու պայքար էր էդ ամբողջ կանցերտն ու համերգը: Ու մի ամբո՜ղջ օր, էդ հանպատրաստի կանցերտի ու համերգի մեջ, էգի կրքոտ նազանքով անհագուրդ պահանջն ու որձի առնական հպարտանքով տեղի  չտվող-անասելի սիրով ողողված կոշտ ու կոպիտ մրցապայքարն էր… Եվ օրվա վերջում, մեր ցուլն ուժասպառ պառկած էր Փոքր Եղբոր սարի բարձրության վրա, ուժասպառ պառկած էր, ու սեր էր արել նա, հի՜ն տղամարդկանց՝ տղամարդու սեր էր արել նա, ու աչքերն, ասես, կոկորդի մեջ խեղդված, դեպի վերեւ էր նայում, ու վիզը երկա՜ր մեկնել էր գետնին… Ու սթափված-մեղկացած թուրքի գոմեշը լեզուն հանեց-տարավ մեր ցուլի պարանոցն ու ճակատը լիզեց, մռլնգա՜ց, մռլնգա՜ց ու… պոկ եկավ՝ հետ, դեպի իր եկած տեղերը: Ու վերջին անգամ, որ Մեծ Եղբոր սարի գլխին կանգնած, մի վերջին անգամ հետ նայելով մռլնգում էր էդ գոմեշը, Ավանեսյանը չդիմացավ ու ասաց՝ Հրանտիի՜կ, էդ թուրքի գոմեշը տղուն էլ սպանեց, մեր Նաղաշ-ցուլի Աղաքյարիմ-ցուլին էլ սպանեց, էդ թուրքի գոմեշը՝ հորը սպանելուց հետո, տաս-տասներկու տարի հետո եկավ՝ տղուն էլ սպանեց-գնաց՝ Հրանտիի՜կ… Ու մեռնում էր մեր սպիտակ-սիրուն-աժդահա ցուլը, եւ Ավանեսյանի ափսոսանք-աղաղակից հետո, մեր կոլխոզի՝ սպիտակ, սիրուն, ճակատը բաց ու մեջքի երկայնքով սեւ պուտերով հպարտ ցուլը, սիրուն վիզը երկար մեկնած, կոկորդի մեջ խեղդվող աչքերով էդ բարձրությունից դեպի մաքուր-կապուտակ երկինքը նայելով, մեռավ թուրքի քած-գոմեշի հետ արված սիրուց, իր հոր նման ու իր հոր հպարտանք-ճակատագրով՝ Նաղաշ-ցուլի: Ու Ղեվո-Ղեվոնդը ձեռքը քյաքյուլին տանելով եւ ատամների արանքից ճտտացնելով, ասաց՝ հիմա էնքա՜ն նեջնի-մեջնի, անկապ ճուճուլներ կա՜ն, որ ոչ երկնքի պարզությանն են նայում կոկորդում խեղդված աչքերով ու ոչ էլ առնական հզորություն ունեն սեր տալու-առնելու համար, ու թուրքի կատաղած գոմեշները աղա-քյարիմ-ֆեմինիստներ ու գենդերներ դառած ու կապած՝ ասպատակում են մեր նաղաշ-տղաների վարքն ու կարգը՝ այլաբանորեն եմ ասում: ՈՒ Ղեվո-Ղեվոնդն «էդ պատմության համար»՝ «Գյոզալի ու Չուխկուլուի պատմության համար»՝  «ընդունում է», «ամբողջ հոգով ընդունում ու հասկանում է», «հասկանում է», թե ինչո՛ւ են  «գյուղացիք» այդպես  ձեւակերպել ու այդպես  ձեվակերպում «եղածը»՝  Չուխկուլուն Գյոզալին յեր ա իլալ Ղուրուղեն Ծորումը…
Ու տվյալ դեպքում, Ղեվո-Ղեվոնդի «կարծիքով»,  նրանք-իրենց արված տեսանելի-պատկերավոր-հասկանալի արտահայտությունում, մտածելու տեղ են թողել մտածելու-վերլուծելու կարողությամբ օժտվածների համար, ու տվյալ դեպքում, երբ Բնությամբ ու Աստծո տված որձը՝ Բնությամբ ու Աստծո տված էգի վրա է բարձրացել, ապա պարտադիր չէ, հեչ պարտադիր չէ, որպեսզի ֆեմինիստներն ու «գենդերները» եւ ֆեմինիստական ու գենդերային ջիղով գցող-բռնողները մտածեն, թե՝ եւս մի անարդարացի ճնշում Բնության ու Աստծո ուժեղ սեռի ներկայացուցչի կողմից Բնության ու Աստծո թույլ սեռի նկատմամբ, ու անպայման մտածեն, թե՝ եւս մի անարդարացի-շահադիտական գործողություն որձի կողմից: Եվս մի անպատիժ բռնարարք որձի կողմից…Ո՜՛չ: Այլ, որ տվյալ դեպքում, գյուղի տղամարդիկ, թաքուն արված իրենց շշնջոցներում, շատ են ցանկացել իրենց գյուղի «անաբուռ քածի՝ աբուռը պահել-փրկել», բայց՝ անկարող էին, անկարող էին՝ «գյուղից դուրս է եկել արդեն նրա անունը», ու տվյալ դեպքում, տղամարդկային համերաշխությունն ամենազորն է եղել, եւ ազգություն չի ճանաչել, ու ժողովրդական դիվանագիտությամբ արված փափուկ ու թաքուն շշնջոցներում, հենց այդպես էլ ձեւակերպել են «էդ եղածն»: Հենց այդպես: Ու տվյալ դեպքում, գյուղի տղամարդիկ, իրենց կոշտությամբ հանդերձ եւ թաքուն արված իրենց կոշտ շշնջոցներում, լավ էլ առաջ են գնացել արդեն  եվրախորհուրդ մտած ամեն-մի փափկասուն-կակղամորթներից, ու իրենց կոպիտ արված թաքուն շշնջոցներում, նաեւ՝ տեղ են թողել, մտածելու-վերլուծելու տեղ են թողել ու՝ յեր ինելու-վրան բարձրանալու մասին իրար արված ու իրար արվող շշնջոցներում, նաեւ որձի գործողություններում բարեգործականի նման մի բան են տեսել, ինքնազոհողության նման մի բան: «Որովհետեւ», ըստ Ղեվո-Ղեվոնդի՝ ամեն-մի կատաղած ցուլ չէ, որ կհամաձայնվի ու կհամարձակվի ու սար ու ձոր ընկած, «տակից վառվող» գոմեշի վրա  կթռնի ու գոմեշի վրա կբարձրանա: Որովհետեւ՝  «վերջին արդյունքում, բնության բոլոր էգերը», առավել եւս՝ սար ու ձորեր ընկած կատաղած գոմեշները, գրպանում միշտ պահած ունենում են, նրանց բնությամբ է տրված, եւ նրանք գրպանում միշտ կոկորդիլոսի արցունքներ են փաթաթած պահում, որովհետեւ, բնությունը որձերին պրիմիտիվ-պարզ ու երկգլխանի մտածելակերպով դաստիարակելուց բացի, նաեւ լավ դաստիարակությունում, ամեն-մի գործողության հետեւում, նաեւ խորքում դրել է, խորքում պահանջել է, ներքին պահանջմունք-պարտավորություն է դրել՝  անպայման պատասխանատու լինել, «անպայման հաշվետու լինել»,  ու որձերը, միշտ երկգլխանի մտածմունք-գործողություններից հետո, շշմած-թմրած-ապուշի ժպիտով խուսանավում են, գլխներին իջնող ուղիղ-շշպռանք-կոկորդիլոսի արցունքներով արված ու արվող հոխորտանք-պատասխանատու լինել-նախատինքներից թմրված խուսանավում են: Խուսանավում են իրենց գործողության արդյունքից, որովհետեւ, որովհետեւ՝ ինչքան էլ բնությունը նրանց պրիմիտիվ-պարզ ու պահի տակ երկգլխանի մտածելակերպով է օժտել ու դաստիարակել, սակայն լավ տղամարդու իմիջը նրանք միշտ ավելի բարձր են գնահատում, լավ տղամարդու իմիջը նրանք աչքի լույսի պես են պահում-փայփայում, ու դրա համար զզվում են, ուղղակի, զզվում ու զզվանք են ապրում՝ սեղանին սփռոց գցել չիմացող, արդուկ-լվացք անել չիմացող, օջախին վայել եփել-թափել չիմացող եւ, ընդհանրապես, օջախի ամեն-ինչից բեխաբար, սակայն օձի նման ոլոր-մոլոր եկող ու զոռով տղամարդու վզներին փաթավող, լաց ու կոծով-ամեն-մի-լրբի-քածերի խաղերից: Ու նորմալ տղամարդը միշտ հեռու է փախչում նենգ մտածումներով, նենգ խաղերի մեջ կորած-նենգ քածերից: Ու նրանց նետած խայծերից զզվելով, ֆիզիկական զզվանք զգալով, հեռու է փախչում նրանցից: Հեռու է փախչում: Ու տվյալ դեպքում, գյուղի տղամարդիկ իրար մեջ թաքուն շշնջալով, պատկերավոր արված իրենց՝ յերա իլալ-վրան է բարձրացել արտահայտությամբ, նաեւ տեղ են թողել մտածելու, տեղ են արել մտածելու, որ Չուխկուլուն, տվյալ դեպքում, որձ լինելով հանդերձ, ոչ մի բռնարարքի էլ չի գնացել էգի նկատմամբ, չի գնացել, այլ, էգի թողտվությամբ ու համաձայնությամբ, ավելի շատ բարեգործություն է արել, «ավելի շատ բարեգործության է մղվել», քան թե շահադիտություն է ունեցել: Ու գեղեցիկ-գյուղավարի «ձեւակերպել»  են էդ ամեն-ինչը՝ Չուխկուլուն Գյոզալին յեր ա իլալ Ղուրուղեն Ծորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31