Լրահոս
Օրվա լրահոսը

Բնորոշ սխալներ

Հոկտեմբեր 29,2011 12:22

Մոտ մեկ տարի առաջ գերատեսչություններից մեկի PR պատասխանատուն, խոսելով մեր լրագրողի հետ, ասաց, որ նա հասարակայնության հետ կապերի վարչության պետ է եւ, հետեւաբար, սովորական լրագրողների հետ չի ցանկանում խոսել, նա պիտի խոսի միայն պետերի, այսինքն՝ իր աստիճանակարգին համապատասխան մարդկանց, խմբագիրների հետ: Չինովնիկական սնապարծության այս ծայրահեղ դրսեւորումը լրատվամիջոցների հետ վատ աշխատանքի ցայտուն օրինակներից մեկն է: Մեկ այլ օրինակի հանդիպեցինք բոլորովին վերջերս: Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լ. Աղեկյանը ի պատասխան մեր մի քանի տողանոց լրատվության՝ մի երկարաշունչ քնարական նամակ գրեց, որի մեխն այն ենթադրությունն էր, որ «Առավոտը» ողջունում է Գյումրիում «ցանկասիրություն սերմանող քլաբների» բացումը՝ չնայած այդ «քլաբների» մասին ոչ մի «ողջույնի խոսք» նա մեր թերթում չի կարդացել: Ահա այդ երկու բնորոշ սխալներն են, որոնց ես հանդիպում եմ թերթի խմբագրի իմ 17 տարիների ընթացքում:
Ես ինքս 1992-94 թվականներին ՀՀ առաջին նախագահի մամուլի քարտուղարն էի: Ի դեպ, անկախ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գործունեությունից, առավել եւս՝ անկախ նրանից, թե ինչպիսի կերպարներ են նրան հիմա շրջապատում, հավատացնում եմ ձեզ՝ Հայաստանի եւ հայերի բախտը բերել է, որ հենց նա՛ էր 90-ականների առաջին կեսին ղեկավարում մեր երկիրը: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում որեւէ լրագրողի վերեւից նայել: Եթե պետք էր որեւէ նյութ վերցնել այն ժամանակ ամենահեղինակավոր՝ «Երկիր» թերթից, ես ոտքով գնում էի նախկին «Հայհամերգի» շենք եւ նյութը վերցնում էի իմ գործընկեր Աղվան Վարդանյանից: Թե այն ժամանակ եւ թե հիմա, դավանելով խիստ տարբեր գաղափարախոսություններ, մենք իրար գործընկերներ ենք համարում, եւ նորմալը, համոզված եմ, հենց դա է: Պետական ծառայության մեկուկես տարում ես խնդիր չունեի «հուժկու հակահարված» տալու նախագահի հակառակորդներին կամ «սխալ հանելու» ընդդիմադիր թերթերին: Ծիծաղելի կլիներ երկրի ներսում թշնամիներ փնտրելը, երբ ինքնաձիգներով եւ զրահատեխնիկայով զինված իրական հակառակորդը հարձակվել է քո հողի վրա: Պարզ է, որ մենք մեր բոլոր ուժերն ուղղում էինք արտաքին քարոզչությանը: Այդ ժամանակ ինձ ընդհանրապես ծանոթ չէր «PR տեխնոլոգիա» բառակապակցությունը, եւ առայսօր էլ, ճիշտն ասած, ես չեմ տիրապետում դրա մեթոդներին, որովհետեւ լրագրությունն ու PR-ը, իմ կարծիքով, անհամատեղելի, երբեմն հակադիր երեւույթներ են:
Հիմա ժամանակներն, իհարկե, փոխվել են, այսօր բուհերում դասավանդում են «PR տեխնոլոգիաներ» առարկան, իսկ մամուլի քարտուղարները դարձել են նախարարներին գրեթե հավասար դեմքեր (համենայնդեպս՝ շատերն իրենց հենց այդպես են պահում): Հուսով եմ, որ այդ մասնագիտությունն ուսումնասիրող նոր սերունդը կգտնի ԶԼՄ-ների հետ աշխատելու ճիշտ ձեւերը: Պարզապես երկու խորհուրդ՝ ավագ գործընկերոջ իրավունքով. 1/ Գրեք հակիրճ եւ ըստ էության, մոռացեք, թե ինչ են ձեզ սովորեցրել հայոց լեզվի եւ գրականության դասատուները՝ բարձր դասարաններում շարադրություն գրելու համար: 2/ Մի նույնականացրեք ձեզ ձեր «շեֆի» հետ, դուք ընդամենը նրա խոսնակն եք, ոչ թե մեր մեղավոր հողի վրա նրա վսեմ հոգու փոխակերպումը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31