Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՐԸ

Հոկտեմբեր 29,2011 11:00

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

 

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Գլուխ հինգերորդ

ՆԿԱՐԸ

Սարոյանի ու մեր էդ երանելի ու հիշարժան պատմությունից ամիսներ անց, երբ անցնում էի «Միջանցահովիկ» սրճարանի մոտով, Խաթլամաջյան Սեյրանին տեսա. իր հիմնական ու անփոփոխ ընկեր երկրաբան Վարդանի հետ նստած էին սրճարանի իրենց մշտական անկյունում, եւ Սեյրանն ինձ հեռվից տեսնելով՝ իր բամբ ձայնով կանչեց, եւ երբ մոտեցա ու նստեցի, Սեյրանն ինձ հարցրեց.

– Ինչպե՞ս են գործերը:
– Ոչինչ,- ասացի ես:
– Ոչինչ լա՞վ, թե՞ ոչինչ վատ,- ժպտալով հարցրեց Վարդանը:
– Ոչ լավ, ոչ էլ վատ,- ժպտալով ասացի ես ու ավելացրի.- սովորական:
– Սովորական լա՞վ, թե՞ սովորական վատ,- ծիծաղելով հարցրեց Վարդանը:
– Էլի ջրիկացա՞ր,- Վարդանի վրա գոռաց Սեյրանը:
– Ի՞նչ ես գոռում,- նեղացավ Վարդանը.- հանաք անելու իրավունք չունե՞նք:
– Հանաք անելուն ալ ժամանակ կա,- ասաց Սեյրանը:
– Հիմի ի՞նչ պակաս ժամանակ ա,- հարցրեց Վարդանը:
– Արմենին հազարից մեկ ենք տեսնում,- ասաց Սեյրանը:
– Հիմիկվա բանաստեղծներն ըտենց են. էրկու հատ ոտանավոր տպագրում են թե չէ՝ սկսում են իրանց թանկացնել,- ասաց Վարդանն ու ծիծաղելով ավելացրեց.- նոր տարվա լիմոնադ են դառնում:
– Ասում ես՝ ինչպես ե՞ս,- առանց Վարդանի ասածին ուշադրություն դարձնելու՝ ինձ հարցրեց Սեյրանը:
– Ոչինչ,- պատասխանեցի ու ասացի ես:
– Ոչինչ լա՞վ, թե՞ ոչինչ վատ,- ծիծաղելով հարցրեց Վարդանը:
– Արդեն լրիվ ես անհամանում, Վարդան,- գոռաց Սեյրանն ու մի քիչ մտածելուց հետո ինձ հարցրեց.- ընկե՞րդ ոնց է:
– Ո՞ր ընկերս,- հարցրի ես:
– Սարոյանի հետ մեր հանդիպման հերոսը,- ժպտալով ասաց Սեյրանը:
– Ռոլա՞նդը,- հարցրի ես:
– Իսկակա՛ն հերոսը,- ասաց Սեյրանն ու ժպտալով ավելացրեց.- Ռոլանդը սկսնակ հերոս է:
– Բա իսկակա՞նն ով ա,- հարցրի ես:
– Թումանյանի հայրենակիցը,- պատասխանեց ու ասաց Սեյրանը:
– Հրա՞նտը,- հարցրի ես:
– Հա,- ասաց Սեյրանն ու հարցրեց.- իրեն հեչ տեսնո՞ւմ ես:
– Հա,- ասացի ես.- մի քանի օր առաջ իրանց տանն էի:
– Իսկապե՞ս,- ոգեւորվեց Սեյրանն ու ոգեւորված հարցրեց.- հետո՞. ի՞նչ կար-չկար:
– Որտե՞ղ,- զարմացած հարցրի ես:
– Հրանտենց տանը,- ասաց Սեյրանը:
– Ի՞նչ իմաստով,- ավելի զարմացած հարցրի ես:
Ես Սեյրանին հարցրի՝ «ի՞նչ իմաստով» ու հենց էդ պահին էլ մտքովս անցավ, որ Սեյրանին իր նկարի ճակատագիրն է հուզում:
– Նկարդ իրանց տանը կախված ա,- ժպտալով ասացի ես:
– Ի՞նչ նկար,- հարցրեց Սեյրանը:
– Որ Հրանտին էիր նվիրել,- ասացի ես:
– Ես իրեն նկար չեմ նվիրել,- գոռաց Սեյրանն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- էդ նկարը Սարոյանն է իրեն նվիրել:
– Հա,- ժպտալով ասացի ես.- Սարոյանը նվիրեց:
– Սարոյանն ալ չի նվիրել,- գոռաց Սեյրանը.- ի պահ է տվել:
– Հա,- ժպտալով ասացի ես.- վրեն էլ գրել տվեց՝ ի պահ:
– Ոչ թե վրան գրել տվեց, այլ՝ հետեւի կողմում,- ճշտեց Սեյրանը:
– Հա,- ժպտալով ասացի ես.- Սարոյանը թելադրեց, Ռոլանդն էլ ֆլոմաստերով գրեց:
– Ի՞նչ գրեց,- ժպտալով հարցրեց Սեյրանը:
– Վիլյամ Սարոյանից Հրանտ Մաթեւոսյանին՝ ի պահ,- ժպտալով ասացի ես:
– Շատ ուժեղ հիշողություն ունես,- ժպտալով ասաց Սեյրանը:
– Էդ նկարը Հրանտենց տանը կախված ա,- ասացի ես:
– Որտե՞ղ է կախել,- շնչակտուր հարցրեց Սեյրանը:
– Միջանցքում,- պատասխանեցի ու ասացի ես:
– Ո՞նց թե միջանցքում,- գոռաց Սեյրանն ու զարմացած հարցրեց.- իրենք ճաշասենյակ չունե՞ն:
– Ունեն,- պատասխանեցի ու ասացի ես:
– Ճաշասենյակում նկարներ չկայի՞ն,- հարցրեց Սեյրանը:
– Լիքը,- ասացի ես:
– Ի՞նչ նկարներ էին,- հուզմունքից ու զայրույթից կարմրելով՝ հարցրեց Սեյրանը:
– Վարուժից, Սիրավից ու էլի ուրիշ նկարիչներից,- ասացի ես:
– Անուններո՛վ ասա,- գոռաց Սեյրանը:
– Մյուսների անունները չեմ հիշում,- ասացի ես:
– Եթե անուն ունենային, երեւի կհիշեիր,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սեյրանը:
– Երեւի,- ասացի ես:
– Միջանցքում ուրիշ ի՞նչ նկար կար,- բավական երկար մտածելուց հետո հարցրեց Սեյրանը:
– Մենակ քո նկարն էր,- ասացի ես:
– Մո՞ւթ միջանցք է,- մի քիչ մտածելուց հետո հարցրեց Սեյրանը:
– Շատ մեծ ու շատ լուսավոր միջանցք ա,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- էդ ամբողջ միջանցքում քո նկարից բացի՝ ուրիշ նկար չկա:
– Դե լավ է, լավ է,- բավական երկար մտածելուց հետո ասաց Սեյրանը:
– Չհասկացա, Սեյրան,- անսպասելի խոսեց ու ասաց Վարդանը:
– Ի՞նչը չհասկացար,- հարցրեց Սեյրանը:
– Էսքան տարվա ընկեր ենք, բայց էսքան վախտ ինձ մի հատիկ նկար չես նվիրել,- վրդովված ասաց Վարդանն ու սրտնեղած հարցրեց.- փաստորեն, Հրանտին նվիրել ես, հա՞:
– Շա՜տ ուժեղ նկար ա,- ժպտալով ասացի ես:
– Հրանտին աջուձախ բամբասում ա, բայց իրան ա նկար նվիրում,- բողոքեց Վարդանը:
– Ես ե՞րբ եմ Հրանտին բամբասել,- զարմացավ Սեյրանը:
– Չես ասո՞ւմ՝ ազգային գրող չի,- մրթմրթաց Վարդանը:
– Թումանյանն ա՛լ ազգային չէ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սեյրանը.- ազգայինը Նալբանդյանն ու Պատկանյանն են:
– Բայց Հրանտին ես նկար նվիրում,- մրթմրթաց Վարդանը:
– Պատկանյանն ու Նալբանդյանը մեռած են,- ասացի ես ու ծիծաղելով ավելացրի.- իրանց չի կարա նկար նվիրի:
– Դո՛ւն ես մեռած,- գոռաց Սեյրանը:
– Մեր վրա գոռում ա, բայց Հրանտին նկար ա նվիրում,- հեգնեց Վարդանը:
– Ես Հրանտին նկար չեմ նվիրել,- ասաց Սեյրանը:
– Լավ էլ նվիրել ես,- մրթմրթաց Վարդանը.- Արմենը նոր ասեց, որ էդ նվիրածդ նկարն իրանց միջանցքում կախած ա:
– Ես էդ նկարը Սարոյանին եմ նվիրել,- խեղճացավ Սեյրանը:- Թող Արմենն ասի. Արմենն ալ էդ հանդիպմանը ներկա էր:
– Սեյրանը Սարոյանին նվիրեց, Սարոյանն էլ տվեց Հրանտին,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- ի պահ:
– Ի պահ,- հաճույքով կրկնեց Սեյրանը:
– Ժամանակները փոխվում են, բայց ես էլի նույն էշն եմ մնում,- մրթմրթաց Վարդանը:
– Ի՞նչ,- հարցրեց Սեյրանը:
– Հեչ,- նեղացած ասաց Վարդանը:
– Ինչ-որ բան էիր ասում,- ասաց Սեյրանը:
– Ասում եմ՝ ժամանակները փոխվում են, մարդիկ էլ հետն են փոխվում,- փնթփնթաց Վարդանն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ավելի ճիշտ, մարդիկ միշտ էլ նույնն են էղել. ուղղակի՝ մենք ենք վատ ճանաչել:
– Իբր թե ի՞նչ ես ասում,- ասաց Սեյրանը:
– Ինչ որ ասում եմ՝ հասկացողի՛ համար եմ ասում,- մրթմրթաց Վարդանն ու տեղից վեր կենալով՝ արագաքայլ հեռացավ:
Նրանք մի քանի ամիս խռով մնացին, բայց շուտով վերստին բարիշեցին, որովհետեւ երկուսն էլ ավելի հարմար ընկեր ու զրուցակից չունեին:
Շատ հետաքրքիր ու շատ ափսոս ժամանակներ էին: Երկուսն էլ կային: Ավելի ճիշտ՝ երեքը: Ավելի ճիշտ՝ չորսը: Ավելի ճիշտ՝ բոլորը: Բոլորս միասին կայինք: Բոլորս միասին մեր երջանիկ անգիտության մեջ կայինք ու չգիտեինք, որ ժամանակները հետո են փոխվելու:
Երբ ժամանակներն արդեն փոխվել էին, եւ մենք իրարից ու ամեն ինչից արդեն անկախ էինք, մի գեղեցիկ իրիկուն, կարծեմ իննսուներկուսին, Հրանտենց տանը հյուր էի, եւ երբ խոսակցություն բացվեց միջանցքում կախված Սեյրանի նկարի մասին, նկարիչ Հենրիկ Սիրավյանը, որ էդ իրիկուն նույնպես Հրանտենց տանն էր, ասաց.
– Ամեն անգամ Սեյրանի էս նկարին նայելիս շատ եմ զարմանում:
– Հա,- ասաց Հրանտը.- շատ զարմանալի նկար ա:
– Զարմանալին էն ա, որ Սեյրանը քեզ նկար ա նվիրել,- ժպտալով ասաց Սիրավը:
– Ինչի՞ ա զարմանալի,- զարմացավ Հրանտի կինը՝ Վերժինեն:
– Հրանտը երեւի աշխարհում միակ մարդն ա, ում Սեյրանը նկար ա նվիրել,- ծիծաղելով ասաց Սիրավը:
– Էդ նշանակում ա, որ ինքը Հրանտին շատ ա հարգում,- ասաց Վերժինեն:
– Ինքը Նալբանդյանից ու Պատկանյանից բացի՝ ուրիշ ոչ մեկին չի հարգում,- ծիծաղելով ասաց Սիրավն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- հա. մեկ էլ՝ Մարտիրոս Սերգեյիչին:
– Մարիետա Շահինյանն էլ ա նորնախիջեւանցի,- ասաց Հրանտը:
– Մարիետա Շահինյանին էլ ա հարգում,- ասացի ես:
– Բայց Մարիետա Շահինյանին մի քիչ զգուշորեն ա հարգում,- ժպտաց Հրանտը:
– Ասածս էն ա, որ եթե էդ մարդիկ սաղ ըլնեին, Սեյրանը կարող ա էդ մի քանիսին նկար նվիրեր,- ասաց Սիրավն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- բայց որ Հրանտոյին ա նկար նվիրել, էդ ուղղակի շշմելու բան ա:
– Սեյրանը Հրանտին նկար չի նվիրել,- ժպտալով ասացի ես:
Երեքն էլ զարմացած ինձ նայեցին, եւ Վերժինեն արհամարհանքով ինձ հարցրեց.
– Կարող ա՞ էս նկարը դու ես Հրանտին նվիրել, տղա ջան:
– Ես չեմ նվիրել,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- բայց Սեյրանն էլ չի նվիրել:
– Բա ո՞վ ա նվիրել,- զարմացավ Վերժինեն:
– Սարոյանը,- ժպտալով ասացի ես:
– Ի՞նչ Սարոյան,- հարցրեց Վերժինեն:
– Վիլյամ Սարոյանը,- պատասխանեցի ու ասացի ես:
– Սարոյանը Սեյրանի նկարն ինչի՞ պիտի Հրանտին նվիրեր,- հարցրեց Վերժինեն:
– Էդ արդեն իրան պիտի հարցնես,- ժպտալով ասացի ես:
– Ո՞ւմ պիտի հարցնեմ,- հարցրեց Վերժինեն:
– Սարոյանին,- ժպտալով ասացի ես:
– Սարոյանը մահացել ա,- ասաց Վերժինեն:
– Ես մեղավոր չեմ, որ մահացել ա,- ժպտալով ասացի ես:
– Ինքը կարծում էր, որ Աստված իր առումով բացառություն կանի,- ասաց Հրանտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- բայց չարեց:
– Գրազ գա՞նք, որ էս նկարը Սարոյանն ա Հրանտին նվիրել,- Վերժինեին ասացի ես:
– Ինչի՞ վրա գրազ գանք,- մի քիչ մտածելուց հետո հարցրեց Վերժինեն:
– Վիսկիի,- ժպտալով ասացի ես:
– Ի՞նչ վիսկի,- հարցրեց Վերժինեն:
– Էն՝ որ անցած անգամ ձեր տանը խմեցինք,- ժպտալով ասացի ես:
– Էդ վիսկին Հրանտին էին բերել,- մի քիչ մտածելուց հետո ասաց Վերժինեն:
– Էդ վիսկիից որ տանը լիներ, հիմա սեղանին կլիներ,- ինձ թարս նայեց Հրանտը:
– Եթե գրազը կրվես, դո՞ւ ինչ ես անելու,- մի քիչ մտածելուց հետո ինձ հարցրեց Վերժինեն:
– Ես էլ էդ վիսկիից կառնեմ,- ժպտալով ասացի ես:
– Էդ վիսկիից խանութում չեն ծախում,- մի քիչ մտածելուց հետո ասաց Վերժինեն:
– Բա դուք որտեղի՞ց էիք առել,- հարցրի ես:
– Ասեցի՝ Հրանտի համար բերել էին,- ասաց Վերժինեն:
– Իմ համար էլ կբերեն,- ժպտալով ասացի ես:
– Քեզ համա՞ր ով պիտի բերի,- արհամարհանքով հարցրեց Վերժինեն:
– Ով որ Հրանտի համար բերել ա,- պատասխանեցի ու ասացի ես:
– Շատ հացուպանիր պիտի ուտես,- արհամարհական նետեց Վերժինեն:
– Արդեն ավելորդ բաներ եք խոսում,- վրդովված ասաց Հրանտն ու ավելացրեց.- դուք ձեր գրազին կացեք:
– Որ գրազ գանք, ո՞նց ես ապացուցելու, որ Սարոյանն ա էս նկարը Հրանտին նվիրել,- ինձ հարցրեց Վերժինեն:
– Նախ դուք պիտի ապացուցեք, որ Սեյրանն ա նվիրել,- ժպտալով ասացի ես:
– Այսինքն,- հարցրեց Հրանտը.- ո՞նց պիտի ապացուցենք:
– Պիտի հիշես՝ երբ ու ոնց ա Սեյրանն էս նկարը քեզ նվիրել,- ասացի ես:
– Չհիշեցի,- բավական երկար մտածելուց հետո ասաց Հրանտը:
– Ես Արմենի հետ լրիվ համաձայն եմ,- ասաց Սիրավը:
– Ո՞ր հարցում,- հարցրեց Հրանտը:
– Եթե Սեյրանը քեզ էս նկարը նվիրած լիներ, դժվար թե չհիշեիր,- ասաց Սիրավը:
– Ի՞նչը պիտի հիշեի,- հարցրեց Հրանտը:
– Էս նկարը նվիրելու պահն ու հանգամանքները,- ասաց Սիրավն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ախր էդ տղան ոչ մեկին նկար չի նվիրում:
– Իզուր ես մարդուն զրպարտում, Սիրավ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Հրանտը.- ինքը վայ թե քեզ էլ ա նկար նվիրել:
– Հա,- խոստովանեց Սիրավը.- շատ սիրուն պեյզաժ ա:
– Բա ասում ես՝ ոչ մեկին նկար չի նվիրում,- ասաց Հրանտը:
– Էն վախտ ինքը խամ էրեխա էր,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սիրավը.- նոր էր Ռոստովից էկել:
– Էդ պեյզաժը նվիրելու պահն ու հանգամանքները լավ ե՞ս հիշում,- ժպտալով հարցրեց Հրանտը:
– Ի՞նչը պիտի հիշեմ,- զարմացավ Սիրավը.- էն վախտ ինքը խամ էրեխա էր. ըսենց մեծ-մեծ չէր բրդում:
– Փաստորեն, պահն ու հանգամանքները չես հիշում,- ժպտալով ասաց Հրանտը:
– Ի՞նչը պիտի հիշեմ,- զարմացավ Սիրավը:- Ռոստովից նոր էկած ամաչկոտ էրեխա էր: Մենակ էն եմ հիշում, որ էդ պեյզաժը նվիրելու մոմենտին շատ ուժեղ կարմրել էր:
– Քեզ որ նվիրում էր, չէր կարմրե՞լ,- ծիծաղելով Հրանտին հարցրեց Վերժինեն:
– Պահն ու հանգամանքները լավ չեմ հիշում,- ժպտալով ասաց Հրանտն ու ավելացրեց.- Սիրավը որ չի հիշում, ե՞ս ինչի պիտի հիշեմ:
– Քեզ ահագին ուշ ա նվիրել,- տեղից վեր կենալով ու նկարի թվականին նայելով՝ ասաց Սիրավը.- ինքը ահագին ուշ ա սկսել աբստրակտ նկարել. էս վախտ ինքն արդեն ահագին մեծամիտ էր, ավելի ճիշտ՝ մեծախոս, ու, որ ամենակարեւորն ա, արդեն ոչ մեկին նկար չէր նվիրում:
– Փաստը մնում ա փաստ, որ Հրանտին նվիրել ա,- ասաց Վերժինեն:
– Բայց Հրանտոն պահն ու հանգամանքները չի հիշում,- ժպտալով ասաց Սիրավը:
– Գրազի հաշիվ ա,- Հրանտին ասաց Վերժինեն.- մի հատ կենտրոնացի ու հիշի:
Որոշ ժամանակ լռություն տիրեց, եւ Սիրավը ճաշասենյակում կախված իր բնանկարը ցույց տալով՝ Հրանտին հարցրեց.
– Գոնե էս նկարիս օրը հիշո՞ւմ ես:
– Ո՞ր օրը,- հարցրեց Հրանտը:
– Որ էս նկարս քեզ նվիրեցի,- ասաց Սիրավը:
– Պահն ու հանգամանքնե՞րը,- ժպտալով հարցրեց Հրանտը:
– Հա,- ասաց Սիրավը.- հիշո՞ւմ ես՝ ինչ օր էր:
– Մենակ էն եմ հիշում, որ էս նկարդ նվիրելիս շատ ուժեղ կարմրել էիր,- ծիծաղելով ասաց Հրանտը:
– Դասական գրողին նկար էի նվիրում,- ասաց Սիրավը.- ո՞նց չէի կարմրի: Ճիշտ նույն ձեւով էլ Սեյրանն էր իմ առաջ կարմրել, որովհետեւ ես էլ էն թվերին իրա համեմատ էի դասական:
– Հիմի էլ պակաս դասական չես,- Սիրավին ասաց Հրանտը:
– Բայց դու քայլո՛ղ դասական ես,- Հրանտին ասաց Սիրավը:
– Դու էլ պակաս քայլող չես,- Սիրավին ասաց Վերժինեն:
– Ես ի՞նչ քայլող,- ժպտալով ասաց Սիրավն ու ծիծաղելով ավելացրեց.- առավոտից իրիկուն ռույլի վրա եմ:
– Ե՞րբ ես Ահնիձոր քշում,- Սիրավին հարցրեց Հրանտը:
– Երբ որ ասես,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սիրավը:
– Հիմի ասում եմ,- ասաց Հրանտը:
– Հենց հիմի քշե՞մ,- հարցրեց Սիրավը:
– Էկող շաբաթ,- մի քիչ մտածելուց հետո ասաց Հրանտը:
– Կատյային էլ ե՞ս բերելու,- Սիրավին հարցրեց Վերժինեն:
– Ի՞նչ Կատյա,- հարցրեց Սիրավը:
– Կնոջդ,- ասաց Վերժինեն ու ժպտալով հարցրեց.- ուրիշ Կատյա էլ կա՞:
– Ուզում ես ասես՝ դու էլ ե՞ս գալու,- կնոջը հարցրեց Հրանտը:
– Մի քանի օրով գնանք՝ էս շոգուկրակից պրծնենք,- ասաց Վերժինեն:
– Լավ կանես մնաս՝ քո գրազով զբաղվես,- ժպտալով ասաց Հրանտը:
– Ի՞նչ գրազ,- հարցրեց Վերժինեն:
– Արմենչոյի հետ վիսկիի վրա գրազ չեկա՞ք,- հարցրեց Հրանտը:
– Էդ գրազն արդեն Վերժինեն կրված ա,- ժպտալով ասացի ես:
– Ո՞նց եմ կրված,- զարմացավ Վերժինեն:
– Որովհետեւ չկարեցաք հիշեք ու ապացուցեք՝ երբ ու ոնց ա Սեյրանն էս նկարը ձեզ նվիրել,- ասացի ես:
– Դու էլ պիտի հակառակն ապացուցես,- ասաց Վերժինեն:
– Կփորձեմ,- ժպտալով ասացի ես:
– Ես էս հարցում Արմենի հետ լրիվ համամիտ եմ,- ասաց Սիրավը:
– Ո՞ր հարցում,- հարցրեց Հրանտը:
– Սեյրանը չափահաս տարիքում դժվար թե որեւէ մեկին նկար նվիրեր,- ասաց Սիրավը:
– Չի էլ նվիրել,- ժպտալով ասացի ես:
– Ասելով չի,- ինձ թարս նայեց Հրանտը.- պիտի ապացուցես:
– Կապացուցեմ,- ժպտալով ասացի ես ու պատմեցի յոթանասունութին «Ծիծեռնակում» տեղի ունեցած Սարոյանի հանդիպումը, որը ձեզ համար արդեն մանրամասն ու ծայրեծայր պատմել եմ:
Երեքն էլ կլանված լսում էին, եւ հատկապես Սիրավն ու տիկին Վերժինեն էին կլանված լսում, եւ չնայած Հրանտն էդ պատմության մասնակիցն ու հերոսն էր, ինքն էլ էր հետաքրքրությամբ ու կլանված լսում՝ ոչ միայն էն պատճառով, որ ինքն անձամբ իր հետ տեղի ունեցած էդ պատմությունը համարյա մոռացել էր, այլեւ էն պատճառով, որ Հրանտն իմ պատմելը շատ էր սիրում, եւ ինչ էլ պատմեի՝ սիրով ու ուշադրությամբ էր լսում, եւ, ինչպես միշտ, էդ անգամ էլ ինձ լսելուց հետո ասաց՝ «դու ինչի՞ արձակ չես գրում, այ տղա», եւ, ինչպես միշտ, ես ժպտալով ասացի՝ «մի քանի հատ գրել եմ», եւ, ինչպես միշտ, Հրանտը ժպտալով հարցրեց՝ «բա ինչի՞ չես տպագրում», եւ, ինչպես միշտ, ես ասացի՝ «էդ մի քանի հատը տպագրել եմ», եւ, ինչպես միշտ, էդ օրն էլ Հրանտն ասաց՝ «չեմ կարդացել», եւ, ինչպես միշտ, էդ օրն էլ ժպտալով Հրանտին ասացի՝ «դրանցից մեկը համ կարդացել ես, համ էլ ահագին գովել ես», եւ, ինչպես միշտ, Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ձեր թաղային լիազորի մասին է՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ, ինչպես միշտ, Հրանտն էդ օրն էլ ժպտալով ինձ ասաց՝ «պատմվածքդ հիշում եմ, բայց գովելս չեմ հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզ ա, որ չես հիշի», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա պարզ», եւ ես ասացի՝ «դու նույնիսկ չէիր հիշում՝ ոնց ա Սարոյանը Սեյրանի նկարը քեզ նվիրել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պատմելուցդ հետո էլ չհիշեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ վատ ես պատմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զարմանում եմ՝ ոնց ես էդ մի քանի պատմվածքները գրել», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «կարող ա վատ պատմեցի, բայց ծերից ծեր ճիշտ պատմեցի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «լիքը վկաներ ունեմ», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «օրինակ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «օրինակ՝ Ռոլանդը», եւ Վերժինեն քամահրանքով ասաց՝ «աղվեսը պոչին ա վկա բերում», եւ ես ասացի՝ «Սեյրանն էլ կհաստատի», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք Հրանտին ավելի ենք հավատում, քան՝ Սեյրանին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Իգիթյանն էլ կհաստատի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Իգիթյանի ասածը մեր համար օրենք չի», եւ Սիրավն ասաց՝ «բայց Իգիթյանը Գորբաչովին շատ ուժեղ ասեց», եւ Վերժինեն Սիրավին հարցրեց՝ «Գորբաչովին ի՞նչ ասեց», եւ Հրանտը թարս նայեց Վերժինեին ու ասաց՝ «իբր թե՝ չես հիշում», եւ Սիրավն ասաց՝ «Լարիկը Գորբաչովին ասեց՝ բոզին բոզություն ա հասնում», եւ Հրանտը թարս նայեց Վերժինեին ու ասաց՝ «էդ էի՞ր ուզում լսել», եւ Վերժինեն ասաց՝ «իբր ի՞նչ ա ասել», եւ Հրանտն ասաց՝ «ժողովրդի հաշվին աչոկներ են հավաքում», եւ ես Հրանտին ասացի՝ «Իգիթյանն էլ կարա հաստատի՝ ոնց ա Սարոյանը Սեյրանի նկարը քեզ նվիրել», եւ Վերժինեն տհաճությամբ նայեց ինձ ու ասաց՝ «նոր Հրանտը չասե՞ց, որ Իգիթյանի ասածը մեր համար օրենք չի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Տաթեւիկն ու Կատյան էլ կարան հաստատեն», եւ Հրանտը փռթկացնելով հարցրեց՝ «Սիրավի Կատյա՞ն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չէ. «Ծիծեռնակի՛» Կատյան», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «փաստորեն, չկարողացար ապացուցել, որ Սեյրանի էս նկարը Սարոյանն ա ինձ նվիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քո ու Վերժուկի գրազը չեղյալ ենք հայտարարում, որովհետեւ երկուսդ էլ չկարողացաք համոզել», եւ ես շիվարած հարցրի՝ «ո՞ւմ չկարողացա համոզել», եւ Հրանտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինձ ու Սիրավին», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կներես, Հրանտո ջան, բայց Արմենն ինձ լավ էլ համոզեց», եւ Հրանտը ժպտալով հարցրեց՝ «ինչո՞վ համոզեց», եւ Սիրավը հիացմունքով նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «իր էս սքանչելի պատմությամբ»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31