Առայժմ չի ստացվում դեռ ՀՀԿ-ԲՀԿ ապահարզանը, ինչպես շատերը երազում են: ՀՀԿ-ն առայժմ աշխատում է կարի մեքենայի պես ` ծակում է եւ ուղղում, ծակում է, եւ նորից ուղղում, հավանաբար միայն պրոֆիլակտիկ ծակոցներով, միայն հասկացնելով, թե հանկարծ չշեղվես ուղուց, որքան էլ զանազան շահեր ունենաս: Այս տրամաբանության մեջ է վարչապետ Սարգսյանի մամուլի խոսնակ Արամ Անանյանի պարզաբանումը` վարչապետի ասած կոտրած տաշտակի մասին, որը մամուլը վերագրեց հատկապես ԲՀԿ-ին. «Շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը հանրապետության նախագահի շուրջը համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառելու մի բանի մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»: Թե ինչու է առաջացել այս պարզաբանման անհրաժեշտությունը` պատասխանը պետք է փնտրել երեւի նախ մամուլի` սեփական կողմնորոշման հանգով ասածը ձգմգելու, ապա գուցե եւ` ԲՀԿ-ից նախագահական հասած ազդակների համատեքստում (հավանաբար նաեւ ԲՀԿ-ականներն են երկիմաստություն տեսել վարչապետի ասածի մեջ հենց իրենց մասով):
Մարիետա Խաչատրյան
Ազգ օրաթերթ
Կարդացեք նաև