Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հ1»-ը գովազդախեղդ է անում

Հոկտեմբեր 28,2011 00:00

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այս տարվա հունվարի 1-ից իրականացնում է «Հ1»-ով հեռարձակված հաղորդումների գովազդային ծավալների եւ տեղաբաշխման ՀՀ օրենսդրությանը համապատասխան մոնիտորինգ, որը նպատակ ունի պարզել, թե որքանով է Հանրայինով հեռարձակվող գովազդի ծավալն ու բաշխումը համապատասխանում օրենսդրությամբ նախատեսված նորմերին: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրին մայիս-հունիս ամսվա հաշվետվությունը: Ըստ մոնիտորինգի արդյունքների, Հանրայինը խախտում է մեկ ժամվա ընթացքում գովազդի առավելագույն չափի սահմանված նորմերը, ինչպես լրատվական, այնպես էլ գեղարվեստական հաղորդումներում ցուցադրում է նաեւ քողարկված գովազդ: Եթե մայրաքաղաքում հանրայինը դիտելի է 24 ժամ, ապա վերլուծության մեջ շեշտած է օրական 17-21 ժամ: Լ. Բարսեղյանը «Հ1»-ի թույլ տված խախտումներից առանձնացրեց այն, որ Շիրակի մարզի եւ ընդհանրապես մարզերի ու մայրաքաղաքի միջեւ «Հ1»-ը խտրական վերաբերմունք է դրսեւորում: Հետազոտությունը փաստել է, որ մայիս եւ հունիս ամսվա դիտարկված 27 օրերի ընթացքում արձանագրված խախտումների վիճակագրությամբ ամենից հաճախ «առնվազն 20 րոպե առանց գովազդի» նորմը առավելապես խախտվել է Հանրայինի «Աննա-2», «Հրեշտակների դպրոցը» սերիալների, ինչպես նաեւ «Հայլուրի» ընթացքում: Վերջինս մայիս ամսվա իր բոլոր թողարկումներում խախտել է «Գովազդի մասին» օրենքը: «Հ1»-ի կողմից խախտումներն այնքան շատ են, որ ընդամենը պետք է կույր եւ խուլ լինել դրանց չհաղորդակցվելու համար»,- ասաց ծրագրի ղեկավարը: Ավելի ուշ հավելեց, որ  իրավիճակի բարելավման նպատակով առաջարկություններով կդիմեն ՀՀՌԽ-ին, «Հ1»-ին, ՀՌԱՀ-ին, ինչպես նաեւ ԱԺ-ին: Լ. Բարսեղյանին հարցրինք՝ որեւէ ակնկալիք ունե՞ն համապատասխան մարմիններից խախտումների վերացման «մասով»: Պատասխանեց, որ նախորդ հաշվետվության արդյունքները եւս իրենք ուղարկել են 4 ատյաններին, բայց միայն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից է եղել արձագանք. «Այս ընթացքում միակ բանը, որ արել է ԱԺ-ն «Գովազդի մասին» օրենքում, առավելագույն գովազդի ծավալը 1 ժամում 14 րոպե դարձնելն է եղել եւ գովազդային տարբեր հատկանիշներ կրող նյութերը որպես գովազդ համարելը»:
«Հանրային հեռուստառադիոընկերությանն առաջարկում եմ հետեւել օրենքով նախատեսված առեւտրային գովազդի ծավալների չափին, չգերազանցի 7%- ը, ձեռնարկի քայլեր, Երեւանում եւ մարզերում չլինի խտրականություն»,- նշեց փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Վերջինս կարծում է, որ եթե անգամ օրեսդրորեն սահմանված չէ, «Հ1»-ը գոնե պետք է իր վարքականոնում սահմանի, որ լրատվական ծրագիրը գովազդով չընդհատվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել