Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրոպայի մշակութային գաղութ չէ

Հոկտեմբեր 28,2011 00:00

\"\"Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի մտածումները

Յուրաքանչյուր ոլորտ, այդ թվում՝ երաժշտարվեստը, ունի աշխարհին ներկայանալու իր բրենդը: Այս դեպքում դա մեծակտավ երկն է. պատահական չէ, որ հռչակավոր կոմպոզիտորներն առաջին հերթին հայտնի են իրենց նման գործերով, թեպետ բոլորն էլ գրում են նաեւ փոքրածավալ ստեղծագործություններ: Մեզանում վերջին շրջանում ստվերում են մնացել հենց հայ ժամանակակից կոմպոզիտորների մոնումենտալ գործերը: Մենք ջութակի կամ դաշնամուրի համար գրված երկերով չենք կարող զարմացնել ֆրանսիացուն կամ գերմանացուն: Բայց բավական է, որ մի խոշորամասշտաբ օրատորիա կատարվի, օրինակ, Փարիզում՝ ներկայացնելով ազգի պատմությունը կամ հոգու արիությունը, ապա ֆրանսիացիները կզարմանան, նույնիսկ կապշեն, որ հայերն էլ իրենց, ասենք, Բեռլիոզի կողքին համարժեք ստեղծագործող ունեն:
«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը հավաստիացրեց, որ իր գործերի 80%-ը, այդ թվում՝ 2 օպերա (ըստ Թումանյանի հեքիաթների՝ «Չախ-չախ թագավորը», ըստ Վարուժանի՝ «Հարճը»), «Հայկ եւ Բել» օրատորիան, անկախության 20-ամյակին նվիրված «Հայոց աշխարհ» կանտատը եւ այլն, դեռեւս չեն հնչել եւ երաշխիք էլ չկա, թե երբեւէ կկատարվեր Հայաստանում: «Այն տպավորությունը թող չստեղծվի, թե ես դժգոհում եմ: Հասկանում եմ, որ մեծակտավ գործերի կատարումը պահանջում է «մեծակտավ» գումար: Ինչ վերաբերում է փոքրածավալ, այսինքն՝ կամերային ժանրի աշխատանքներիս, դրանք նույնիսկ հրատարակվում եւ վաճառվում են արտերկրում, ավելին, Լոնդոնի թագավորական ակադեմիայի ուսումնական ծրագրում ընդգրկված են սաքսոֆոնի համար սոնատներս եւ այլն: Ցանկալի է, որ իմ եւ կոլեգաներիս մասշտաբային ստեղծագործությունները հնչեն նույնպես,- ասաց Ա. Բաբայանը, հավելելով,- թե չէ ստացվում է, որ վերջին շրջանում Հայաստանը մշակութային «մասով» դարձել է Եվրոպայի գաղութ: Համոզված եմ, որ մասնագիտական շրջաններից դուրս, այսօր ոչ մի 20-ամյա երիտասարդ չի էլ ճանաչում Էդգար Հովհաննիսյանին, Ալեքսանդր Աճեմյանին եւ հայ կոմպոզիտորական դպրոցի մեր մյուս երեւելիներին: Տեսեք, թե ինչ է կատարվում փառատոնախեղդ մեր իրականությունում. մեզ մոտ ուսում առած երաժիշտը մեկնում է Եվրոպա՝ կատարելագործվելու կամ ստեղծագործելու, հետո էլ հյուրախաղերի է գալիս եվրոպական ծրագրով՝ ներկայացնելով այլ երկիր: Փաստորեն, ստացվում է, որ կադրեր ենք պատրաստում օտար մշակույթի համար: Մինչդեռ իտալացին իրենց «Կոմիտասին»՝ Պալեստրինային կամ Օռնալդո Ռասոյին պրոպագանդում է եւ իր երկրում, եւ նրա սահմաններից դուրս»:
Մեր զրուցակիցը օրինակ բերեց ռուս մեծ երգիչ Շալյապինին, նկատելով, որ նա իր տաղանդի շնորհիվ դրսում առաջինը հնչեցրեց ռուսական երգը, իսկ որոշ ժամանակ անց նախաձեռնեց Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայի եվրոպական հաղթարշավը: Ա. Բաբայանը հայտնեց նաեւ, որ Անկախ Հայաստանի եւ Արցախի կարեւորագույն իրադարձությունների առիթով գրված «Հայոց աշխարհ» կանտատը այդպես էլ չընդգրկվեց պետական միջոցառումների մշակութային ծրագրում՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Հավելեց նաեւ, որ ներկայիս եւ նախորդ ՀՀ նախագահները բազմիցս հայտարարել են, որ եթե ստեղծվեն արվեստի իսկական արժեքներ, ապա մեր կառավարությունն ամեն ինչով կաջակցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել