Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՀԱՄԼԵՏԸ՝ ՎՐԱՑԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 28,2011 00:00

«Տաղանդավոր կատակ»՝ «Hamlet.com.X»

\"\"

Երեկ Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Պատանի հանդիսատեսի թատրոնում Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնը ներկայացրեց իր «Hamlet.com.X» կատակերգությունը: Հանդիսատեսը ստիպված էր շուրջ մեկ ժամ սպասել, քանի որ ներկայացման դեկորները ուշացել էին՝ մաքսակետում խնդիրներ ծագելու պատճառով: Սակայն սպասումը փոխհատուցվեց ռեժիսոր Լեւան Խվիչիայի ինքնատիպ բեմադրությամբ: Տպավորիչ դերասանական խաղ, յուրահատուկ գրիմ, ռեժիսորական հետաքրքիր մոտեցում՝ դասական նյութին: Չնայած ներկայացումը վրացերեն էր, սակայն լեզուն խոչընդոտ չհանդիսացավ բեմադրության համնուհոտը զգալու համար: Իհարկե, հայ հանդիսատեսի ականջին մի քիչ խորթ էր, որ Համլետը հորը մամա կամ մամիդա էր անվանում, իսկ Օֆելյային՝ Օփելյա: Կարեւորն ամեն ինչ ճաշակով էր ու անսպասելի: Լ. Խվիչիան շեքսպիրյան նյութը ազատ եւ համարձակ էր մեկնաբանել, ինչի մասին նա բազմիցս հարցազրույցներում խոստովանել է, որ շեքսպիրյան ժամանակների ամենահրատապ խնդիրը՝ «Լինել, թե չլինելը», այսօր էլ է ուժի մեջ: Սցենարն այնպես էր կառուցված, որ երբեմն դերասանները, իբր «մոռանալով», թե ինչ պետք է խաղան, մեր ժամանակներից վերադառնում էին շեքսպիրյան ժամանակները ու հենց այդ պահին բեմի վրա աչքի անցկացնում բնագիրը: Ուզում էին «վերհիշել», թե ինչ պետք է խաղան «իրականում»:
Չնայած քաղաքակրթության վերելքին, հաճախ բարոյական արժեքները անասելի անկում են ապրում:
Ինքնամաքրում եւ բարոյականություն քարոզելու եւ այդ ամենը մատչելի տեղ հասցնելու նպատակով ռեժիսորը դասական ողբերգությունից կատակերգություն էր «սինթեզել»: Շատ զվարճալի էր Համլետի հոր ուրվականի վրացական տարբերակը (Գելա Տաբվերիձե)՝ անձրեւանոցով, սեւ գրիմով, հովանոցով ու դեմքի՝ «ուրվականային» արտահայտությամբ: Ջինսե կարճ տաբատով կոկետ Օփելյան (Կետի Սվանիձե), Համլետը (Էդմոնդ Մինաշվիլի) եւ մյուս արտիստները եւս իրենց խաղով հիացրին հայ հանդիսատեսին:
Ի տարբերություն վրացական «Hamlet.com.X»-ի, որը կատակերգություն էր, Հայաստանում երբեմն կատակերգություններն էլ են ողբերգություն թվում, որովհետեւ շատ «ծանր» են՝ այն պատճառաբանությամբ, թե իբր պարտադիր չէ, որ դասական գործերը բոլորին ընկալելի լինեն: Մինչդեռ հանդիսատեսին թատրոն բերելու համար արժի վերանայել շատ բաներ ու քայլել աշխարհին համընթաց: Վրացական «Hamlet.com.X»-ը՝ ձեզ ապացույց:
Պատահական չէ, որ ճանաչված ռեժիսոր ու «Համլետի» մեծ գիտակ Ռոբերտ Ստուրուան Լեւան Խվիչիայի «Hamlet.com.X»-ը տաղանդավոր կատակ է համարել:
Չնայած դահլիճը կիսադատարկ էր, որովհետեւ հանդիսատեսի մի մասը ներկայացման ուշանալու պատճառով հեռացել էր, ներկաները հոտնկայս ծափահարություններով իրենց հիացմունքը հայտնեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել