Երեկ Կիեւյան կամրջից նետվելով՝ ինքնասպանություն է գործել մի երիտասարդ աղջիկ: Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները, սակայն աղջիկն արդեն մահացել էր: Դեպքի վայրում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարները: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզել է, որ ինքնասպանություն գործած աղջիկը Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 28-ամյա Յանա Մանասյանն էր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ Կիեւյան կամրջին հարակից՝ Հալաբյան փողոցում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում էր ինքնասպանություն գործած աղջկան:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի տուգանային հրապարակ: