Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ 2010թ. ստորագրված «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրով նախատեսված հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը բնականոն հունով առաջ է գնում:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր գոհունակությունն է հայտնել ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի կապակցությամբ` ընդգծելով հայկական եւ ռուսական ռազմատեխնիկական ձեռնարկությունների փոխադարձ ինտեգրման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նորմատիվային բազաներում համապատասխան փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի երկու երկրների ձեռնարկությունների միջեւ համագործակցության առավել դյուրինացմանը: Ի լրումն, կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում պարոն Բիրյուլինը եւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Ա. Միրզաբեկյանը ներկայացրել են հանձնաժողովի նիստի արդյունքները: