Այսօր հոկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհին Արմավիր քաղաքի սկզբնամասում ՎԱԶ-2106 մակնիշի 63 ԼԼ 515 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել էլեկտրասյանը: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ էլեկտրասյունը շրջվել է, իսկ հոսանքի լարերը՝ պոկվել եւ թափվել գետնին: Վթարի հետեւանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ ուղեւորը տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի քննիչն ու փորձագետը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ: Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը ոստիկանության աշխատակից էր: Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում պարզելու համար մահացածի եւ վիրավոր ինքնությունը: