Քիչ առաջ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է բերման ենթարկվել մի երիտասարդ:Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը կասկածվում է այսօր տեղի ունեցած սպանությունը կատարելու մեջ: Երիտասարդը 23-ամյա Սիփան Վրեժի Գրիգորյանն է` մասնագիտությամբ օպերատոր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ երիտասարդը սպանվածի որդին է, որը կացնով սպանել է հորը, ապա դիակը փաթաթել սրբիչներով, կտորե ծածկոցով ու կպչուն ժապավեններով, դրել հոր ավտոմեքենայի մեջ և տեղափոխել մինչև Հաղթանակ կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատված, ու այնտեղ հրկիզել ավտոմեքենան:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, որոնք իրականացնում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի օպերատիվ խումբը` ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ, Սիփան Գրիգորյանը խոստովանել է հանցագործությունը և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ներկայացրել հանցագործության գործիքը` կացինը:
Երիտասարդը խոստովանել է, որ կացնով մի քանի անգամ հարվածել է հոր գլխին` այդպես սպանելով նրան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ի գիշերը, արտակարգ պատահար էր տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից ավելի վաղ Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.40-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերվել է կարմիր գույնի «ՎԱԶ 2105» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենա, որը վառվում էր:
Ավտոմեքենայի հրդեհը մարելուց հետո ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները նշված ավտոմեքենայի կիսաայրված հետևի նստատեղին հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչներով, կտորե ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում մի տղամարդու դիակ` գլխի մասում բազմաթիվ վերքերի հետքերով:
Պարզվել էր դիակի ինքնությունը. նա Երևանի Խնկո-Ապոր փողոցի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանն է եղել, որն աշխատել է որպես Բագրատունյաց փողոցի վրա գտնվող ԴՈՍԱՖ-ի տնօրեն: Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ավտոմեքենայի համարանիշը` 61 ՍԼ 780. նշված ավտոմեքենան հաշվառված է Վրեժ Գրիգորյանի անվամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 1o4 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: