Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (ամբողջական տեքստ)

Հոկտեմբեր 28,2011 19:45


Անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է՝ նախընտրական փուլ։ Հայ Ազգային Կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային Ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը։

Անկախ, սակայն, իրադարձությունների անկանխատեսելի զարգացումից, քանի որ ասվեց, որ երկրի քաղաքական կյանքն արդեն թեւակոխել է նախընտրական փուլ, մենք պարտավոր ենք այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցով։ Ինչպես ձեզ հայտնի է, իշխանության հետ սկսված երկխոսության շրջանակում, Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունն առաջարկել էր այդ մեխանիզմներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների եւ այլ միջոցառումների մի ամբողջական փաթեթ, առանց որոնց իրականացման պարզապես անիմաստ է խոսել երբեւէ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին։ Այդ փաթեթը ես ստորեւ ձեզ կներկայացնեմ, գլխավորապես կենտրոնանալով ընտրությունների կեղծման ամենաարդյունավետ ռեսուրսի՝ շուրջ 500000 ավելորդ քվեաթերթիկների շրջանառության եւ դրա հաղթահարման միջոցների վրա։

* * *

Շուրջ 500000 ավելորդ քվեաթերթիկների տպագրության հարցը, անցյալ նախագահական ընտրություններից առաջ, ես մի քանի անգամ բարձրացրել եմ միջազգային դիտորդական առաքելությունների առջեւ, ի զարմանս ինձ, հանդիպելով նրանց քար անտարբերությանը։ ԺՀՄԻԳ-ի 2008թ. մայիսի 30-ի վերջնական զեկույցում այդ առթիվ արված է սոսկ հետեւյալ մերկապարանոց հայտարարությունը. «Թեկնածուներից մեկի բազմակի պնդումն այն մասին, թե 500000 ավելորդ քվեաթերթիկ է տպագրվել, անհիմն դուրս եկավ» (§ VIII)։ Իսկ թե ինչպես է դա անհիմն դուրս եկել, հայտնի չէ։ Wikileaks-ի հրապարակած մի ուշագրավ փաստաթղթից պարզվում է, սակայն, որ այդ հարցին շատ ավելի լրջորեն են վերաբերվել 2007թ. խորհրդարանական ընտրությունները գնահատող դիտորդական առաքելությունները (Wikileaks. 07YEREVAN114)։ Մասնավորապես, «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի» (IFES) ղեկավար Չեդ Ֆլեգոն Մեթյու Բրայզային հաղորդել է, որ իր թիմը ընտրացուցակում հայտնաբերել է մոտ 470000 քաղաքացիների անուններ, ովքեր այլեւս երկրում չեն ապրում, բայց որոնց իշխանությունները օրինական հիմք չունեն հանելու ցուցակից։ Ֆլեգոն նաեւ հարկ է համարել զգուշացնել, որ որոշ կուսակցություններ, ինչպես օրինակ, իշխող Հանրապետականները, տեղյակ լինելով այս անհամապատասխանությանը, կարող են դա օգտագործել որոշ տեղամասերում հօգուտ իրենց լցոնումներ կատարելու համար։ Երկու այլ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները գտնվել են Հայաստանի իշխանությունների ուժեղ ճնշման եւ խիստ վերահսկողության տակ (Wikileaks. 07YEREVAN662, 1241)։

Ընտրացուցակում երկրից բացակայող 500000 քաղաքացիների անունների առկայության հարցը 2007թ. ապրիլի 26-ին, Ռ. Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, բարձրացրել է նաեւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Գոդֆրին, նշելով մասնավորապես, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անպայման դրան անդրադառնալու է իր զեկույցներում, բայց ամերիկյան կողմը մինչեւ ընտրությունների ավարտը հրապարակորեն չի արտահայտվելու այդ մասին՝ քվեարկության նկատմամբ հանրային վստահությունը չխարխլելու համար (Wikileaks. 07YEREVAN522)։ Իր մի այլ զեկուցագրում Գոդֆրին, կրկին շոշափելով այդ հարցը, մտահոգություն է հայտնում, որ իշխանամետ ուժերը, ճշտելով շուրջ կես միլիոնի հասնող բացակա ընտրողների ինքնությունը, կարող են կեղծ քվեաթերթիկներ լցնել նրանց անունով (Wikileaks. 07YEREVAN607)։ Գոդֆրին նաեւ ավելացնում է, որ տվյալ խնդրի լուծումը օրենսդրական կամ կանոնակարգային փոփոխություններ է պահանջում, ինչի շուրջ ԱՄՆ դեսպանատան փորձագետները քննարկումներ են սկսել պետական պաշտոնյաների հետ (Wikileaks. 07YEREVAN522)։ Ինչպես տեսնում ենք, 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թե՛ միջազգային դիտորդական առաքելությունների, եւ թե՛ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների համար ընտրությունների օրինականության հետ կապված ամենամտահոգիչ խնդիրը եղել է ընտրացուցակում երկրից բացակա շուրջ 500000 ընտրողների անունների ընդգրկումը։ Ցավոք, այդ խնդիրն, ինչպիսի սրությամբ առկա էր 2007 թվականին, նույնպիսի սրությամբ առկա է նաեւ այսօր, եւ այդպիսին էլ մնալու է, քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է նման խայտառակությունը։

Ընտրական ցուցակների հետ կապված մի այլ առեղծված էլ ներկայացնում է ընտրողների թվի տարօրինակ դինամիկան։ Բանից պարզվում է, որ տարիներ շարունակ չդադարող արտագաղթին զուգընթաց, այդ թիվը ոչ թե նվազում, այլ ընդհակառակը, անշեղորեն աճում է։ Այսպես, մինչ 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 2.190.000, մեկուկես տարի անց, 1998-ի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, այն ավելացել է ավելի քան 110000-ով (2.300.816), իսկ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ արդեն հասել է 2.320.375-ի (Ավելի մանրամասն տե՛ս «ՀԺ». 28.09.2011)։ Հասկանալի է, որ այս պարագայում եւս մենք գործ ունենք վիճակագրական մի հանցավոր աճպարարության հետ, որի նպատակն, ակնհայտորեն, ընտրությունների կեղծման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումն է։ Ըստ այդմ, ընտրողների թվի ուռճացումը, զուգակցված ընտրացուցակներում երկրից բացակա 500000 ընտրողների ընդգրկման հանգամանքին, այն հուսալի ռեսուրսն է, որն իշխանություններին հնարավորություն է ընձեռում հաղթանակ ապահովել ցանկացած ընտրություններում, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ ռեսուրսը սովորաբար օգտագործվում է կողմնակի անձանց աչքից հեռու, գլխավորապես, քվեների հաշվման եւ ամփոփիչ արձանագրությունների ստորագրման փուլերում։ Ելույթներիցս մեկում (2.08.2011) ես այդ առթիվ հարկ եմ համարել նշել հետեւյալը. «500000 ավելորդ քվեաթերթիկների առկայությունը ցանկացած ընտրության ժամանակ իշխանության թեկնածուներին ավելի քան 20%-ի ստարտային, իսկ քվեարկության մասնակիցների հաշվով՝ շուրջ 40%-ի առավելություն է տալիս մյուս թեկնածուների նկատմամբ։ Այդ պայմաններում, բնականաբար, ոչ մի բարեփոխված ընտրական օրենսգիրք, ոչ մի զսպող մեխանիզմ, ոչ մի դիտորդ, եւ ոչ մի վստահված անձ ի զորու չէ կանխել քվեարկության արդյունքների էական կեղծումը։ Ուստի քանի դեռ ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների իրական թվին, Հայաստանում երբեւէ օրինական ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, եւ օրինակարգ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հարցերի հարցն, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500000 ավելորդ անուններից»։

Իմ կարծիքով, կա այս չարաբաստիկ հարցի լուծման միայն մեկ ճանապարհ։ Երկրից տեւականորեն բացակա, բայց հաշվառումից դուրս չեկած 500000 քաղաքացիների անունները պարզապես պետք է հանվեն ընտրացուցակներից, ինչը, սակայն, ամենեւին չի նշանակում, թե նրանք զրկվում են ընտրելու իրավունքից։ Ովքեր քվեարկության օրը կներկայանան ընտրատեղամասեր, նրանք ընդհանուր կարգով, այսինքն դատարանի վճռի կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա, կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում եւ կմասնակցեն ընտրությանը։ Կարող են, իհարկե, առարկել, թե միեւնույն է, դրանով այս խնդրի հետ կապված չարաշահումները չեն դադարի, քանի որ բացառված չէ, որ իշխանությունները ընտրությունների ամփոփիչ արձանագրություններում ցույց տան, թե իբր բոլոր 500000 քաղաքացիներն էլ, իրենց ընտրական իրավունքից օգտվելու համար, վերադարձել են Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը։ Բայց այս խոչընդոտն էլ հեշտությամբ կարելի է հաղթահարել քվեարկության մասնակիցների մատների թանաքոտման եւ նրանց կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության ապահովման միջոցով։ Այս կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրությունը չհրավիրել «Ընտրական օրենսգրքի» մի արտառոց հոդվածի վրա, որի համաձայն. «Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում եւ տեսանկարահանվում» (հոդված 11.1)։ Այս կատեգորիկ արգելքն այլ բան չի նշանակում, քան այն, որ այդ ցուցակները հասու չեն ոչ միայն սովորական մահկանացուներին, այլեւ ընտրությունների արդյունքները վիճարկող ամենավերին ատյանին՝ Սահմանադրական դատարանին։ Թերեւս որեւէ այլ պետական գաղտնիք այնքան խստորեն չի պահպանվում, որքան խնդրո առարկա ցուցակների պարունակությունը, ինչը մեր իրականության պարագայում լիովին հասկանալի է, քանի որ 1998 թվականից սկսած դա է եղել վարչախմբի գոյատեւման ու վերարտադրության գլխավոր երաշխիքը։

Ընտրական գործընթացի խաթարման մյուս աղբյուրը խորհրդարանական ընտրություններում 40 մեծամասնական պատգամավորական տեղերի առկայությունն է։ Վերջին տասնամյակի փորձը ցույց է տվել, որ այդ տեղերն, առանց բացառության, զբաղեցնում են հայտնի օլիգարխներն ու թաղային հեղինակությունները՝ գործի դնելով ընտրակեղծիքների, ընտրակաշառքի, լցոնումների, կրկնակի քվեարկությունների, վարչական ռեսուրսների, բացահայտ բռնությունների ու ահաբեկումների ողջ զինանոցը։ Այդ ամենն իշխանությունների կողմից հանդուրժվում եւ նույնիսկ խրախուսվում է այն պատճառով, որ մեծամասնական թեկնածուներն, իրենց հաղթանակն ապահովելուց բացի, պարտավորվում են նաեւ համամասնական ընտրակարգով անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել իշխող կուսակցության եւ նրա կոալիցիոն դաշնակիցների համար։ Այսինքն նրանց առջեւ ուղղակի պայման է դրվում. եթե ուզում ես պատգամավոր դառնալ, ուրեմն պարտավոր ես այսքան տոկոս ձայն հավաքել իշխանամետ կուսակցությունների օգտին։ Այդպիսով փաստորեն ստացվում է, որ խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունների հաղթանակն ապահովում են գլխավորապես օլիգարխներն ու թաղային հեղինակությունները։ Հետո զարմանում ենք, թե ինչու է մեր պետությունն ընտրությունից-ընտրություն ավելի ու ավելի քրեականանում։ Այս արատավոր պրակտիկայի հաղթահարման միակ արդյունավետ միջոցը, հետեւաբար, մեծամասնական ընտրակարգի վերացումն է եւ Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորական տեղերի համալրումը բացառապես համամասնական ընտրակարգով։

Բացի վերը քննարկված բարեփոխումներից, կան նաեւ մի քանի այլ կարեւոր առաջարկներ, որոնց ընդունումը կարող է զգալիորեն նվազեցնել ընտրակեղծիքների հնարավորությունը եւ նպաստել ընտրությունների օրինականության նկատմամբ հանրային վստահության կայացմանը։ Դրանցից մեկը բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումն է պետության կողմից ձեւավորված հանձնաժողովներով, ինչի անհրաժեշտությունը ես հիմնավորել եմ իմ նախորդ ելույթներից մեկում (ԼՏՊ. «Վերադարձ», էջ 88–89), իսկ մյուսը՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում առավոտյան ժամը 8-ից մինչեւ քվեների հաշվարկի ավարտը առնվազն մեկ միջազգային դիտորդի մշտական ներկայության ապահովումը։ Ի դեպ, «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին եւ ընտրությունների օրինականության ապահովմանը վերաբերող բոլոր ներկայացված պահանջները պաշտպանվում են ոչ միայն Հայ Ազգային Կոնգրեսի, այլեւ մի քանի այլ քաղաքական ուժերի կողմից, ինչը նշանակում է, որ դրանք ամենեւին նեղկուսակցական նպատակներ չեն հետապնդում, այլ բխում են արդար ընտրությունների անցկացմամբ շահագրգռված բոլոր կուսակցությունների եւ ընդհանրապես ողջ հասարակության ու պետության շահերից։ Ահա մի խնդիր, որի շուրջ կարող են համախմբել բոլոր առողջ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։

* * *

Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում է, որ իր նպատակը ոչ թե սոսկ իշխանության հասնելն է, այլ արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորումը, եւ որ այդ պարագայում պատրաստ է առաջինը շնորհավորել հաղթողին։ Երեքուկես տարի շարունակ մենք հետեւողականորեն պայքարել ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Ցավոք, ընդդիմադիր համարվող մնացյալ քաղաքական ուժերից ոչ մեկը, եթե ոչ խոսքով, ապա իրական գործով չի պաշտպանել այս պահանջը, իսկ որոշ մասը նույնիսկ բացահայտորեն դեմ է արտահայտվել դրան, կամա թե ակամա նպաստելով հանցավոր վարչախմբի գոյատեւմանը։ Դա թեեւ, անտարակույս, դժվարացրել է մեր աշխատանքը, բայց բոլորովին չի հուսահատեցրել մեզ, որովհետեւ մենք վստահ ենք եղել, որ իշխանական մոնոլիտը վաղ թե ուշ ճաքեր է տալու, ինչի ակնհայտ արտահայտությունն են, մասնավորապես, պետական ապարատում եւ իշխող կոալիցիայի ներսում վերջերս ծագած լուրջ տարաձայնությունները։ Խորացման պարագայում, դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել։

Մեր կարգախոսն, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, մնում է նույնը՝ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի», որովհետեւ վերջինիս կառավարման յուրաքանչյուր օրը մեր երկիրը քայլ առ քայլ մոտեցնում է անխուսափելի կործանման։ Առաջիկա ամիսները մենք նվիրելու ենք այս կարգախոսը ողջ ժողովրդի համոզումը դարձնելու խնդրին, օգտագործելով քարոզչական բոլոր հնարավորություններն ու քաղաքական պայքարի մնացյալ օրինական միջոցները, եւ կենտրոնանալով գլխավորապես Հայաստանի մարզերում տարվող աշխատանքի ու Կոնգրեսի տարածքային կառույցների գործունեության ակտիվացման վրա։ Հոկտեմբերի առաջին շաբաթին տեղի ունեցած շուրջօրյա նստացույց-հանրահավաքը, հակառակ երկրում տիրող վախի մթնոլորտին եւ իշխանությունների հարուցած աննախադեպ խոչընդոտներին, ցույց տվեց Հայ Ազգային Կոնգրեսի հսկայական կազմակերպական եւ մոբիլիզացիոն կարողությունները։ Մեր անհետաձգելի պարտքն է՝ առաջիկայում այդ կարողությունները հասցնել առավելագույնի։ Միապաղաղ թվացող իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ցանկացած պահի՝ կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ։ Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մի դինամիկ շրջան, որը մեր նպատակներին հասնելու նոր հնարավորություններ է ընձեռում։ Հայ Ազգային Կոնգրեսի խնդիրն է, արդ, ճշտորեն հաշվարկել իր քայլերը եւ առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, որի ընթացքում ավելի կորոշակիացվեն մեր գործողությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31