Նոյեմբերի 3-ին Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այսօր ավարտեցին դիլիջանյան ուսումնամարզական հավաքը: Մեր երկու ընտրանիները հոկտեմբերի 30-ին Երեւան-Ստամբուլ-Սալոնիկ չվերթով մեկնում են մրցավայր: Տղամարդկանց հավաքականը գլխավորում է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հունաստանում նրա հետ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են նաեւ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց հավաքականի 1-ին համարը գրոսմայստեր Էլինա Դանիելյանն է: Պորտո Կարասում նրա հետ հանդես են գալու նաեւ միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային գրոսմայստերներ Մարիա Կուրսովան եւ Նելլի Աղինյանը: Հիշեցնենք, որ Մարիան վերջերս ամուսնացել է գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ եւ տեղափոխվելով Երեւան՝ անդամագրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիային:
Աշոտ Հակոբյան