Լրահոս
Օրվա լրահոսը

Կրպակների հարցը՝ Հանրային խորհրդում

Հոկտեմբեր 28,2011 17:42

Կրպակատերերը պահանջում են հստակ չափորոշիչներ մշակել, որպեսզի 2 կողմն էլ իրավաբանորեն պաշտպանված լինի:

Այսօր Հանրային խորհուրդը նիստ էր հրավիրել՝ կրպակատերերին  անհանգստացնող բոլոր հարցերը քննարկելու նպատակով:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն 5 ամիս է՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից ապամոնտաժում է կրպակաշարերը: «Կրպակատերերի շահերի պաշտպանության» կազմկոմիտեի նախագահ Արեւիկ Ղազարյանի համոզմամբ. «Իրականում այսօր չկա ոչ մի լուրջ պատճառ գործող կրպակներն ապամոնտաժելու համար, սակայն կան լուրջ պատճառներ դրանց գոյությունը պահպանելու համար»: Ըստ նրա, Երեւանի այն կրպակների փոխարեն, որոնք արդեն ապամոնտաժվել են, նորից այլ կրպակներ են հայտնվել, ավելի լավ տեսքով. «Սա նշանակում է, որ կրպակների մեծ մասն  ապամոնտաժվել են ընդամենը տեսքի համար: Նշեմ, որ մենք պատրաստ ենք բանակցելու, որպեսզի եղած կրպակատերերը շարունակեն աշխատել, եթե անհրաժեշտ է տեսքը կփոխեն եւ կհամապատասխանեցնեն ներկայիս ճարտարապետությանը: Կրպակատերերի մեծ մասը պատրաստակամ է դա անել: Իսկ մինչ այդ չպետք է կրպակները ապամոնտաժվեն՝ մանավանդ տեսքի անհամապատասխանության համար, որպեսզի այժմյան կրպակատերերը մուրացկաններ չդառնան»:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկաներին հորդորեց առաջարկություններ անել. «Ի՞նչ անենք, որպեսզի եւ գայլերը կուշտ լինեն եւ ոչխարները»: Պարոն Սադոյանի այս արտահայտությունն ամենեւին դուր չեկավ նիստին ներկա կրպակատերերին: Նրանք բացականչեցին՝ «Գայլերը լավ էլ կուշտ են»: Պարոն Սադոյանը ստիպված եղավ խոսքերը հետ վերցնել: Կրպակատերերից մեկը դիմեց Ա. Սադոյանին. «Ես Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի կրպակի բանալի պատրաստողն եմ: 1999-ին իմ կրպակը փոխեցի, նորացրեցի, իսկ հիմա ասում են, որ պետք է ընդհանրապես հանեմ: Դուք բազմիցս եկել եք ինձ մոտ եւ ես ձեզ համար բանալիներ եմ պատրաստել: Հիմա ասեք՝ գո՞հ եք, թե՞ դժգոհ իմ աշխատանքից: Մի՞թե մեր քաղաքացիների համար  պետք չէ բանալի պատրաստել»:

Մի կրպակատեր էլ առաջարկեց, որ այս հարցում եւ կրպակների նոր վարձակալական պայմանագրերի դեպքում հստակ չափորոշիչներ մշակվեն, որպեսզի 2 կողմն էլ իրավաբանորեն պաշտպանված լինեն:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ միանալով դժգոհություններին՝ ասաց, որ ապամոնտաժման մասին ծանուցագիր են ստացել անգամ այն կրպակները, որոնք 50-60 տարի աշխատել են եւ խորհրդային տարիներին հենց կրպակներ դնելու համար նրանց այդ տարածքները հատկացվել են գենպլանով:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31