Այս տարվա փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը բողոք էր ստացել Գյումրիի վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդներից:
Վարորդները տեղեկացրել էին, որ ոստիկանները, շրջափակելով Ջաջուռի լեռնանցքը` չեն թույլատրում ուղեւորվել Վանաձոր ու մասնակցել մաքսային օրենսդրության փոփոխությունների դեմ ուղղված՝ ժ.12.00-ին նշանակված բողոքի ակցիային: Ոստիկանները պատճառաբանել էին, որ ճանապարհներն անանցանելի են. եւ իրենք անչափ մտահոգված են վարորդների անվտանգությամբ: Սակայն հելսինկյանները, հասնելով Ջաջուռ, տեսել էին, որ ճանապարհներն §անանցանելի¦ էին միայն բողոքավորների համար, իսկ Վանաձորից-Գյումրի ուղեւորվողները ոչ մի խնդիր չունեն: Ավելին, այդ օրն անգամ ձնաբուք չի եղել, նորմալ աշխատել են Գյումրի-Վանաձոր ուղեւորվող միկրոավտոբուսները: Հելսինկյանների գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գտնելով, որ խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու, խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը, հանցագործության մասին հայտարարություն էր ներկայացրել Շիրակի մարզային ոստիկանություն: Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանն էլ, խախտելով սահմանված 10-օրյա ժամկետը, բողոքն ուսումնասիրել էր ուղիղ 2 ամիս ու հարցաքննելով միայն ոստիկաններին, մերժել էր քրեական գործի հարուցումը: Արթուր Սաքունցը ստիպված դատի էր տվել քննիչին, որին սակայն արդարացրեց ոչ միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, այլեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Իսկ երեկ այս երկու ատյաններին միացավ նաև Վճռաբեկ դատարանը` ընդհանրապես վարույթ չընդունելով Սաքունցի բողոքը ու այսպիսով հաստատելով, որ երիտասարդ քննիչ Քաղցրիկյանը ճիշտ է վարվել. հարկ չկա վարորդների սահմանադրական իրավունքը խախտելու համար ոստիկանների դեմ քրեական գործ հարուցել: Ի դեպ, Ջաջուռի լեռնանցքում ցուցարարների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը ամբողջությամբ նկարահանվել ու լուսաբանվել է մի շարք լրատվամիջոցների կողմից, սակայն այս փաստերը քննիչին ընդհանրապես չեն հետաքրքրել:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ