Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրագողությունը ընկալվում է իբրեւ հնարամտություն

Հոկտեմբեր 28,2011 17:24

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Գրագողությունը հայաստանյան բուհերում. ինչպե՞ս քանդել թնջուկը» հետազոտության ներկայացումը: Հետազոտությունն իրականացվել է «Խաչմերուկ բանավիճային ակումբ» հ/կ-ի կողմից` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ: Ինչպես ներկայացրեց ծրագրի ղեկավար, հետազոտող Տիգրան Մաթոսյանը, գրագողությունը ՀՀ բուհական համակարգի առջեւ դրված կարեւոր խնդիրներից է, որի առաջացման համար գոյություն ունեն մի շարք պատճառներ. «Ամբողջությամբ չեն գիտակցված գրագողության հետեւանքները, իսկ բուհական համակարգն ուսանողին բավարար չափով չի տեղեկացնում դրա հետեւանքների մասին»:

Իսկ  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախագահ Գեւորգ Տեր-Գաբրիելյանի խոսքերով` դասախոսները սխալ մոտեցում են մշակում ` ուսանողին  հանձնարարելով կարդալ նյութը եւ վերարտադրել այն, քանի որ այդ կերպ սպանում են ուսանողի ստեղծագործական ունակությունները. «Երեխայի ծնվելու պահից պետք է խրախուսել ինքնուրույն մտածելու կարողությունը»:

Հետազոտության մեջ նշվում է.  «Եթե նախկինում ուսանողներն արտագրում էին գրքերից, ապա այժմ գործը դյուրին է դարձել, քանի որ օգնության է եկել ինտերնետը: Բացի այդ`  երեւանյան մի շարք բուհերի հարեւանությամբ գործում են ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային, մագիստրոսական եւ նույնիսկ  թեկնածուական ու դոկտորական աշխատանքներ գրելու  վճարովի ծառայություններ մատուցող գրասենյակներ: Քիչ են այն դասախոսները, ովքեր ժամանակ են տրամադրում  դասերի ընթացքում ուսանողների հետ գրագողության կամ հղման ձեւերի մասին խոսելու համար»:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի խոսքերով` շատ են այն ուսանողները, ովքեր չեն ուզում սովորել. «Արտագրելը, ըստ ուսանողների արժեքային համակարգի, գողություն չէ: Դա ավելի շուտ ընկալվում է որպես հնարամիտ արարք»: Գրագողության «թնջուկը» քանդելու համար` զեկույցի ներկայացրած առաջարկները վերաբերում են այն միջոցառումներին, որոնք թույլ կտան բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկումը, երեւույթի նկատմամբ ձեւավորել ինստիտուցիոնալ վերաբերմունք, ինչպես նաև` բուհերում հանձնարարվող գրավոր աշխատանքների բնույթը դարձնել ուսանողակենտրոն: Դա ուսանողին հնարավորություն կտա սոսկ սպառողից փոխակերպվել գիտելիք արտադրողի եւ կայուն հիմք կստեղծի գրագողությունը կանխելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31