Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, ԵՄ աջակցությամբ, տեղի ունեցավ համաժողով` «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը որպես Եվրոպական միության հիմնարար արժեքներ» խորագրով, որի նպատակն էր` քննարկել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, օժանդակել Հայաստանում օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը` օգնելով Հայաստանին հետեւել եվրոպական չափանիշներին:
Համաժողովի բանախոսներից ԵՄ փորձագետ, Եվրոպական շարժման նախագահ Քրիստիան Ֆիլիպը ներկայացրեց այն «գործիքները», որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը: Առաջնայինը Մարդու իրավունքների պաշտպանության հռչակագիրն է` ընդունված 1950թ.` Հռոմում, մյուս գործիքը Եվրոպական դատարանն է, որն ինտեգրում եւ հաստատում է եվրոպական արժեքները` շեշտելով, որ գոյություն ունեն ընդհանուր սկզբունքներ: Դրանք պետք է հարգեն եւ պաշտպանեն անդամ-երկրների բոլոր քաղաքացիները: «Երբ որեւէ իրավունք պաշտպանվում է տարբեր երկրների սահմանադրություններով, այն դառնում է ընդհանուր ժառանգություն», -հավելեց Ք. Ֆիլիպը: Իսկ 2007-ին Վիեննայում ստեղծված Հիմնարար իրավունքների գործակալության նպատակն է` խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը անդամ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Բանախոսը նշեց, որ նախկինում ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը գոյություն ունեին եվրոպական մակարդակով, մինչդեռ անհրաժեշտ էր դրանք ամրագրել նաեւ ազգային մակարդակով: Ինչպես նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Նատալյա Ադամյանը. «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը փոխկապակցված են եւ կանխորոշում են յուրաքանչյուր պետության զարգացման հետագա ընթացքը: Երբ 1995թ. Հայաստանի Հանրապետությունը դարձավ ինքնիշխան պետություն, կանգնեց համաշխարհային զարգացման նոր ուղու վրա, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի հիմնումը մեծ նշանակություն ունեցավ դեպի Եվրոպա ինտեգրման հարցում»: Տիկին Ադամյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշպանությունը մեր երկրի համար ոչ միայն գերխնդիր է, այլեւ՝ չափանիշ: Մարդու իրավունքների պաշտպանին կարող է դիմել յուրաքանչյուր քաղաքացի. պաշտպանն արձանագրում է խախտումները եւ դիմելով համապատասխան մարմնին` շտկում դրանք: Կառույցն անկախ է պետական մարմիններից եւ մատչելի բոլոր քաղաքացիների համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ