Առավոտ կանուխ տղամարդը դուրս էր գալիս վազելու: Արվարձանում գտնվող տունը ծառերի մեջ էր ու հարեւան էր մի փողոցի, որը լայն մայթեր ուներ, քիչ թե շատ բարեկարգ էր եւ վազելու համար հարմար էր: Տղամարդը իր մարզական կոշիկներով ու տաբատով դուրս էր գալիս վազելու:
Ամեն առավոտ:
Դժվար էր վազում, փորը խանգարում էր:
Բայց վազում էր, շնչակտուր, ծանր-ծանր, թմփթմփալով: <Հոգին բերանն էր գալիս> այ, այդքան դժվար էր վազում: Հետո, երբ իր համար պլանավորած 20 րոպեն անցնում էր, վերադառնում էր տուն: Կինը վաղուց կոկված ու պատրաստ սուրճ էր խմում: Տղամարդը եւս սուրճ էր խմում ու դուրս էին գալիս տնից:
…Վաղուց իրար հետ չէին քնել: Քույր ու եղբոր պես էին ապրում: Ուտում էին, սուրճ խմում, հարեւաններ ու բարեկամներ ընդունում, համերաշխ ընտանիք-ընտանիք էին խաղում ու վերջ: Իրար հետ չէին քնում վաղուց: Կինն արդեն հոգնել էր ու զզված էր իր իսկ կռիվներից: Դրանից առաջ մի քանի տարի շարունակ կռվում էր, վիճում, խանդում, սկանդալներ սարքում, հետեւում էր ամուսնուն: Մտածում էր, որ եթե իր հետ չի քնում, ուրեմն ուրիշն ունի: Իզուր էր այդպես մտածում: Իրականում տղամարդը էլ հավես չունի, էլ ուժ ու ցանկություն չունի: Երկու տարի առաջ քիչումիչ, ամիսը մեկ-երկու անգամ ինչ-որ բան ստացվում էր: Բայց կամաց-կամաց դա էլ անցավ: Ու կինը մնաց մենակ՝ բառի ուղղակի իմաստով: Մեն մենակ: Ինքն անցած տարիների ընթացքում, համատեղ երկար տարիների ընթացքում որքան էլ ջանացել էր, չէր կարողացել տղամարդուն դարձնել իր ընկերը: Նրանք պարզապես կենակցել էին, միեւնույն տանիքի տակ, բայց ընկերներ այդպես էլ չէին դարձել: Ու հիմա, երբ հասել էին այս հանգրվանին, իրարից այլեւ պահանջելու բան չունեին: Կյանքը դարձրել էին անհամ, անձայն ու անհավես: Մեկին ավելի գունավորն ու հետաքրքիրը հեչ պետք չէր եղել, մյուսն էլ այդ գունավորն ու հետաքրքիրը փորձել էր գտնել այլ տեղերում՝ աշխատանքում, ընտանիքի մեջ, երեխաների:
Ու հիմա տղամարդը վազում է ամեն առավոտ, կինը մտքով շատ է վազել, ուժ չունի:
Անգամ մոռացել էր, որ կարելի է նաեւ սեքսով զբաղվել, թեկուզ հանուն առողջության: Մոռացել էր: Տխրել էր, լաց էր եղել, ատել էր ինքն իրեն ու հանգստացել էր: Բայց մի օր իրենից շատ ավելի երիտասարդ մի ընկերուհու հետ զրույցի ընթացքում հասկացավ, որ իր դժբախտության մեջ միայնակ չէ: Էս խեղճերը եւս սեքսի գոյության մասին մոռացել են բավականին տեւական ժամանակ: Սրա ամուսինն ավելի ջահել է ու ավելի խոշոր, բայց կինը՝ հրաշք է, թեպետ կամաց-կամաց ավելի է գունատվում եւ հոգնում իր պարապությունից: Ուրեմն՝ ուրիշներն էլ կան, որ հանել են օրվա ռացիոնից սեքսը, փաստորեն դա որպես դասակարգ վտարված է, անտեսված: Այ քեզ բան: Մարդիկ ինչո՞վ են զբաղվում, ինչո՞վ են զբաղված: Ամեն տեսակի դիետա տեսել էր, բայց էս կարգի չէր տեսել:
Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներով մի խայտառակ բան տարածվեց՝ դերասանուհիներից մեկը խայտառակ բաներ է անում ինչ-որ մարդկանց սեռական օրգանի հետ: Դա փաստորեն կոչվում է զբաղվել սեքսով, նկարել, հետո տարածել: Տեսնեիք, թե քաղաքում ինչ աժիոտաժ սկսվեց, ինչ ուրախություն, ինչ վայ-վայ, ուխ-ուխ ու երանի-երանի: Բոլոր փորով եւ իրենց ընտանեկան հարկի տակ անկարող տղամարդիկ երջանկության գագաթնակետին էին. ՙայ սա կին է, այ սա գործ է՚: Ուրախանում էին ուրիշի արածների վրա: Պարզապես ուրախանում էին: Իրենք իրենցը իբր արել են, էլ չեն ուզում, հիմա ուրիշի արածների վրա են ուրախանում:
Թեման դարձավ հանրային քննարկման ու մարդիկ պարապությունը լցրեցին դրանով…, քաղաքին նոր զբաղմունք էին նետել: Կանայք, ընդ որում՝ամենաակտիվ եւ ամենանախանձ, միանգամից դարձան հրեշտակներ, միանգամից սկսեցին դատապարտել, դատափետել, ի ցույց դնել, տղամարդիկ միանգամից դարձան կազանովա եւ սկսեցին պատերի տակ գլուխ գովել, թե դրանից էլ բաց բաներ են տեսել ու արել:
…Ու սա վերջն էր, այլեւս կասկած անգամ չկար՝ քաղաքը պարապ էր, քաղաքը չէր զբաղվում իր բուն գործով՝ սեքսով: ոնե հանուն առողջության: Տեսնես ի՞նչ է մտածում առողջապահության նախարարությունը: Պետք է ամեն պատի վրա հայտարարություն-պարտադրանք գրի՝ սեքսը օգտակար է ձեր առողջության համար: Ճիշտ այնպես, ինչպես զգուշացնում է, թե ծխելը վնասակար է առողջության համար: Ինչքան շատ է գրում, մարդիկ այնքան շատ են ծխում, հիմա էլ գուցե գրի ու մարդիկ հակառակն անեն: Կարո՞ղ են անել: Դժվար, քանի որ այսօր տղամարդիկ զբաղված են ինտրիգներով, մուտիլովկաներով, հեղափոխություններով, իսկ կանայք այս ամենին գումարում են նաեւ փող աշխատելու հոգսը եւ պարտականությունը:
Էլ սեքսի ժամանա՞կ կմնա: